• «Թու՜յլ տուր Ինձ մտնել քո կյանքի նավակը». այսպես Հիսուս դիմում է յուրաքանչյուրիս

    «Տերը որոշում է նստել մեր նավակը՝ այնտեղից Ավետարանը հռչակելու համար»


    Աստված մեր մեջ կատարելություն չի փնտրում, քանզի Նրա համար կարևոր է, որ մենք ընդունենք Նրան, պարզաբանեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը 2022թ. փետրվարի 6-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ։

     

    «Այսօրվա ավետարանական ընթերցումը մեզ տանում է դեպի Գեննեսարեթի ծովակի ափերը», – հիշեցրեց Նորին Սրբությունը, ժողովուրդը խռնվում է Նրա շուրջը, մինչդեռ մի քանի հիասթափված ձկնորսներ, որոնց թվում էր Սիմոն Պետրոսը, ուռկաններն էին լվանում գիշերային անհաջող ձկնորսությունից հետո: Հիսուս նստում է Սիմոնի նավակն ու խնդրում քշել դեպի խորքերը և նորից ուռկանները գցել որսալու համար (տես՝ Ղկ. 5, 1-4): Թեև գիշերը որսն անհաջող էր և ձուկ չէր եղել, Պետրոսը հավատում է Հիսուսին և դուրս գալիս ծով։

     

    Հիսուս նստում է Սիմոնի նավակն ուսուցանելու հատուկ նպատակով: Եվ այդ նպատակի համար Նա դիտավորյալ խնդրում է, որ գիշերային տքնաջան աշխատանքից և հիասթափությունից հետո դատարկ ափ վերադարձած հենց այդ նույն նավակը կրկին ծով դուրս գա, շարունակեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Սա հիանալի օրինակ է նաև մեզ համար։ Ամեն օր մեր կյանքի նավակը ճամփա է ընկնում մեր տան ափերից՝ առօրյա գործերի ծով դուրս գալու համար: Ամեն օր մենք փորձում ենք «խորքում ձուկ բռնել», իրականություն դարձնել մեր երազանքները, մշակել նախագծեր, մեր հարաբերություններում սեր տալ և ստանալ: Սակայն հաճախ, ինչպես Պետրոսը, մենք նույնպես ունենում ենք «անհաջող գիշերային որս»՝ այսինքն հիասթափություն, որ այդքան տքնաջան աշխատելուց հետո չենք տեսնում ցանկալի արդյունքները. «Մենք չարչարվեցինք ամբողջ գիշեր և ոչինչ չբռնեցինք» (տես՝ Ղկ. 5, 5), – ասում է Սիմոնը: Որքան հաճախ պարտության զգացումը չի լքում մեզ՝ մեր սրտերում առաջացնելով հիասթափություն և դառնություն. երկու վտանգավոր «միջատներ», որոնք աստիճանաբար խաթարում են հոգին»:

     

    Այդ իսկ պատճառով Տերը որոշում է նստել մեր նավակը՝ այնտեղից Ավետարանը հռչակելու համար, պարզաբանեց Նորին Սրբությունը. «Այս դատարկ նավակը՝ մեր անկարողության խորհրդանիշը, Հիսուսի համար դառնում է «ամբիոն», որտեղից Նա հռչակում է Խոսքը: Տերը սիրում է այսպես գործել. Նա մտնում է մեր կյանքի նավակը, երբ մենք Նրան առաջարկելու ոչինչ չունենք: Նա մեր դատարկությունը լցնում է Իր ներկայությամբ: Նա օգտագործում է մեր աղքատությունը՝ Իր հարստությունը հռչակելու համար, մեր տառապանքները՝ Իր ողորմածությունը հռչակելու համար: Եկե՛ք հիշենք սա. Աստված մեծ զբոսանավի կարիք չունի, Նրան բավական է նույնիսկ խարխուլ մակույկը, միայն թե մենք Նրան ընդունենք»: Բայց արդյո՞ք մենք թույլ ենք տալիս Նրան մտնել մեր կյանքի նավակը, – հարցրեց Նորին Սրբությունը: Արդյո՞ք մենք տրամադրում ենք Նրան այն ​​քիչը, որ ունենք: Երբեմն մեր մեղքերը ստիպում են մեզ Նրան արժանի չզգալ, սակայն այդ արդարացումը հաճելի չէ Տիրոջը, քանի որ այն հեռացնում է մեզ Նրանից: Նա մտերմության, կարեկցանքի, քնքշության Աստված է և Նա կատարելություն չի փնտրում, քանզի Նրան պետք է, որ մենք Իրեն ընդունենք»: Հիսուս մեզանից յուրաքանչյուրին ասում է. «Թու՜յլ տուր Ինձ մտնել քո կյանքի նավակը», և մեր երկչոտ արդարացումներին նա պատասխանում է. «Կարևոր չէ, թույլ տուր Ինձ սկսել այնտեղից, ինչպես որ կա»։ «Եկե՛ք մտածենք այդ մասին», – կոչ արեց Սրբազան Քահանայապետը:

    Այդպես Տերը վերականգնում է Պետրոսի վստահությունը: Քարոզից հետո նստելով նրա նավակը՝ Հիսուս ասում է նրան. «Քշիր տա՛ր դեպի խորերը»: Օրը ցերեկով ձուկ բռնելու գաղափարը լավը չէր, բայց Պետրոսը վստահում է Հիսուսին: Նա վստահում է ոչ թե ձկնորսների տարիներ շարունակ մշակած ճշգրիթ ալգորիթմներին, այլ՝ նորության ոգուն, որով համակված էին Հիսուսի խոսքերն ու արարքները:

     

    Հենց զարմանքը դրդեց Սիմոնին անել այն, ինչ Հիսուսն ասաց իրեն, պարզաբանեց Նորին Սրբությունը. «Նույնը պատահում է մեզ հետ. եթե մենք թույլ տանք Տիրոջը մտնել մեր նավակը, ապա կարող ենք ծով դուրս գալ: Հիսուսի հետ մենք նավարկում ենք կյանքի ծովով՝ առանց վախի, առանց հիասթափության, և երբ ոչինչ չենք կարողանում բռնել, ապա չենք հուսալքվում՝ կարծելով, որ «այլևս ոչինչ հնարավոր չէ անել»»: Միշտ կարելի է ինչ-որ գեղեցիկ ու խիզախ բան անել, թե՛ անձնական, թե՛ Եկեղեցու և թե՛ հասարակության կյանքում, իր խորհրդածության ավարտին ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Մենք միշտ կարող ենք ամեն ինչ նորից սկսել, Տերը կոչ է անում մեզ երբեք չհանձնվել, փորձել ավելի լավը դառնալ, քանի որ Նա նոր հնարավորություններ է ընձեռնում մեզ: Եկե՛ք ընդունենք Նրա հորդորը, եկե՛ք ձերբազատվենք հոռետեսությունից ու անվստահությունից և նավարկենք դեպի խորքերը Հիսուսի հետ: Եվ մեր փոքրիկ դատարկ նավակը նույնպես հիանալի ձկնորսության ականատես կլինի»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments