Պատարագիչ հայրապետի քարոզի առանցքը կազմեց՝ Հիսուս, Բարի Հովիվը։
«Նրան է որ հետևեց Սուրբ Վլասը»․ ասաց Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն․՝ «Նրա օրինակով ապրեց և հովիվ եղավ իրեն հանձնած հավատացյալներին, իր կյանքը տալով Քրիստոսին»։
Հինգշաբթի, 2022թ․-ի փետրվարի 3-ին, երեկոյան ժամը վեցին, Հռոմի «Via Giulia» պողոտայի վրա գտնվող Սուրբ Վլասի անվան Հայ Կաթողիկէ պատմական եկեղեցում, Տանն Կիլիկիո կաթողիկէ հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Ամենապատիվ Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի նախագահությամբ մատուցված Սուրբ Պատարագով, հիշատակվեց Սեբաստիայի երբեմնի եպիսկոպոս, կոկորդի ցավերից ամոքիչ և հիվանդների պաշտպան՝ Սուրբ Վլաս Հայրապետի ծիսական տոնը։
Արարողությանը մասնակցեցին նաև Հայ Կաթողիկէ եկեղեցու սինոդական հայրերը, ովքեր՝ այս օրերին Հռոմում պետք մասնակցում են Հայ Կաթողիկէ եկեղեցու սինոդին, Անարատ Հղության Հայ Քույրերի միաբանության անդամները, Հռոմի Լևոնյան Ք Հայր Վարժարանի սաներն ու մեծավոր Հայրը, Հռոմում գտնվող Հայ Կաթողիկէ եկեղեցու հոգևոր հայրեր, Գարեգին Բ-ի ներկայացուցիչ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, Սուրբ Վլաս եկեղեցու հոգատարությամբ զբաղվող մայրապետները, և Հռոմի հայ և իտալացի համայնքի հավատացյալները։
Սուրբ Վլաս` արևելքի և արևմուտքի սուրբը
Պատարագի սկզբում Եկեղեցու Ռեկտոր՝ Արևելյան Եկեղեցիների Ժողովի ենթաքարտուղար՝ Հայր Ֆլավիո Փաչեն շնորհակալական խոսք ուղղեց ամենապատիվ Հոգևոր Տիրոջը, որ հոժարել էր նախագահել Սուրբ Պատարագը, հավատացյալներին խնդրելով նաև, որ իրենց աղոթքների մեջ հիշեն՝ փետրվարի 4-ին սկիզբ առնող Հայ Կաթողիկէ Եկեղեցու սինոդը։
Հայր Փաչեն նկատեց, որ եկեղեցու մեջ համախմբված են՝ արևելյան կաթողիկէ եկեղեցուն, արևմտյան եկեղեցուն պատկանող հավատացյալներ և այս մեկը․՝ «խորհրդանիշն է Սուրբ Վլասի՝ որ եղավ կապ արևելքի և արևմուտքի մեջ»։
Հետևել Բարի Հովիվին՝ Քրիստոսին
Պատարագիչ Քահանայապետի քարոզի առանցքը կազմեց՝ Հիսուս, Բարի Հովիվը։ «Նրան է, որ հետևեց Սուրբ Վլասը»- ասաց Ռաֆայել Պետրոս ԻԱ կաթողիկոսը, «Նրա օրինակով ապրեց և հովիվ եղավ իրեն հանձնած հավատացյալներին, իր կյանքը տալով Քրիստոսին»։
«Բարի Հովիվը օրինակ է բոլորիս, ոչ միայն կղերական դասին․ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է օրինակ վերցնի Բարի Հովիվից ու հետևի նրա ցույց տված ուղուն։ Ամեն ոք իր միջավայրի մեջ կարող է դառնալ բարի հովիվ, հայրերն ու մայրերը իրենց ընտանիքում, աշխատողները իրենց աշխատանքում, մեր ընկերության մեջ»- ասաց Տանն Կիլիկիո կաթողիկէ հայոց Կաթողիկոս Պատրիարքը խրախուսելով հավատացյալներին միշտ մտքերում ունենալ այս մեկը ու Քրիստոսին ընտրելու, որպես իրենց կյանքի տիպար»։
Սուրբ Պատարագի ավարտին հավատացյալները հերթով մոտեցան խորան ընդունելու համար Սուրբ Վլասի մասունքով կոկորդի օրհնությունը։
Արևելահայերենի վերածեց՝ Անուշ Հարությունյանը