․․․Լույսն է եկել աշխարհ և լույսն է, որ ուզում է յուրաքանչյուր մեկիս լուսավորել և մենք ենք, որ պիտի փափագենք կամ լուսավորվել կամ քայլել խավարի մեջ։
2022թ․-ի փետրվարի 2-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ`Տեառնընդառաջի առիթով։
Սուրբ Պատարագը մատուցեց Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը։
Իր քարոզի ընթացքում Տ. Գրիգորը խոսեց տոնի խորհրդի ու կարևորության մասին․՝
«․․․Մարիամի մաքրագործման և առաջնորդածին Հիսուս Մանկանն Աստծուն նվիրաբերելու համար Հովսեփն ու Մարիամը Բեթղեհեմում քառասուն օր մնալուց հետո մանուկ Հիսուսին բերեցին տաճար ընծայելու տիրոջը։ Օրենքը պաշտպանված էր․ ըստ հրեական կանոնների և համաձայն իրենց ազգի սովորությանը՝ մանկանը բերում են տաճար․ կարծես թե ոչ մի առանձնահատուկ երևույթ գոյություն չունի, այն ինչ, երբ նրանք մոտենում են տաճարին ինչպես, որ ավանդույթում է ասում․ «Աստծու կողմից տաճարի մեկ դուռը, որ հավիտյանս հավիտենից փակված է հանկարծ բացվում է»։ Բացվում է, որովհետև իրենք տեսնում են այն հույսի շողը, որ գալիս է համայն մարդկությանը։
Սիմեոն ծերունին, որ տաճարի մեջ էր, պիտի մահ չճաշակեր մինչև Փրկչին տեսնելը և այս ծերունին, որ համարվում է 72 աշակերտներից մեկը, որ թարգմանություն էին կատարում Հին Կտակարանից՝ եբրայերենից հունարենի: Եվ ահա մի տեղ է հասնում թարգմանության մեջ, որ ասում է, թե բոլոր ազգերը պիտի զարմանան, և այստեղ սա վախենալով, որ կարող է այսպիսի անըմբռնողականություն տեղի ունենալ, փորձում է ջնջել նախադասության այդ հատվածը։
Արթնանալուց հետո տեսնում է, որ այդ հին հատվածը վերականգնվում է, և այստեղ, որ Սիմեոն ծերունին մահ չպիտի ճաշակեր մինչև տեսներ տիրոջ հրաշափառ մուտքը տաճարի մեջ։
Այդ Դուռը, որ ասում է թե բացվեց, բացվում է նաև մեր յուրաքանչյուր մեկի համար, որովհետև դուռը փակ էր, մարդու և Աստծու միջև եղած դուռը փակ էր և միայն տիրոջով է, որ պիտի բացվեր այդ դուռը, որով ազդարարվում է, թե Աստված որդին մտնում է աշխարհ համայն մարդկության փրկության համար։
․․․Առաջին հերթին Աստված է, որ ընդառաջ է գալիս մարդուն՝ իր որդուն ուղարկելու համար աշխարհ, և առաջին հերթին Սուրբ Հովսեփը և Սուրբ Կույս Մարիամը իրենք էին, որ իրենց մանուկին առաջնորդում էին դեպի մարդկությունը, դեպի տաճարը, այն տաճարը, ուր մարդիկ գիշեր ցերեկ հավաքված աղոթում են և հիմա մենք պիտի ընդառաջ գնանք Տիրոջը, որովհետև մեկ անգամ ինքը եկավ մեզ ընդառաջ և հիմա մենք է, որ պիտի ընդառաջ գնանք իրեն, որովհետև ինքն է, որ մեզ ինչպես ասում է,՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը»։
Մենք ընդառաջ պիտի գնանք, որպեսզի ճանաչենք՝ այդ ճշմարտությունը, այդ կյանքը, որպեսզի նաև իրենով ևս մի կյանք ունենանք։
․․․Լույսն է եկել աշխարհ և լույսն է, որ ուզում է յուրաքանչյուր մեկիս լուսավորել և մենք ենք, որ պիտի փափագենք կամ լուսավորվել կամ քայլել խավարի մեջ։
Երկար մենք կարող ենք խոսել Տիրոջ այս հրաշափառ Տեառնընդառաջի խորհրդի մասին , բայց ամենակարևոր բանը, որ մեր սրտերի հոգիների մեջ պիտի պահենք, որ լույսը մշտապես փորձենք կրել մեր մեջ և լույսով առաջնորդվենք դեպի մեր Տիրոջը, ընդառաջ գանք Տիրոջը և խնդրենք իրենից․՝ «Տեր քեզանից է փրկությունը և քեզանից եմ ակնկալում իմ փրկությունը։ Ամեն»։
Սուրբ Պատարագի ավարտին տեղի ունեցավ մոմերի օրհնության կարգ, որով հավատացյալները կիսեցին Աստվածային լույսն իրենց հետ տանելու բերկրանքը։
Այնուհետև հավատացյալները կիսվեցին իրենց կյանքում տոնի ունեցած կարևորությամբ։
Անարատ Հղության միաբան քույր Մարիամ Հարությունյան․
«Սա նվիրյալների տոն է։ Ինչպես Հիսուս ընծայվեց տաճար, մենք ևս ընծայվեցինք Աստծուն և մեր ազգին։ Սա հրաշալի օր է մեզ համար, քանի Հիսուս նվիրվեց տաճարին, մենք էլ մեր ձևով նմանվելով Հիսուսին նվիրվում ենք տաճարին ․․․ սա մեր ընծայման տոնն է»։
Սրբոց Նահատակաց եկեղեցու երգչախմբի ղեկավար տկն․ Գոհար Շախուլյան.
«Քառասունօրյա Հիսուսին ինչպես, որ Մովսեսական օրենքն էր պահանջում բերեցին տաճար և հանդիպեցին Սիմեոն ծերունուն, որը սպասում էր՝ Սուրբ հոգուց ներշնչված և գիտեր, որ պետք է տեսնի Տիրոջը։
Ուստի շատ-շատ կարևոր է, որ մենք ևս գնանք Տիրոջն ընդառաջ, որովհետև նա միշտ գրկաբաց սպասում է և մեզնից կախված է, որ գանք և ընդունենք իր օրհնությունները, իր լույսը և մեր շուրջ բոլորը սփռենք այդ լույսը»։
Երգչախմբի երգչուհի Լիաննա Մարտիրոսյան․
«Տեառնընդառաջը ինձ համար կարևոր տոն է։ Ավելի շատ նոր կայնքի սկիզբ է, քանի որ երբ Հիսուսին բերել են տաճար՝ Տիրոջն ընդառաջ լույս են տարածել ու այն նաև մեր կյանքը մաքուր ու քրիստոնեավայել ապրելու խորհուրդն ունի»։
Տեառնընդառաջը լինելով Հայ Կաթողիկէ Եկեղեցու տերունի, անշարժ տոներից ինչպես անցյալում, այնպես էլ այսօր շարունակվում է նշվել մեծ շուքով, ուրախությամբ ու հանդիսություններով:
Հոդվածը պատրաստեց՝
Անուշ Հարությունյանը