• Հայաստանի Հայ Կաթողիկէ եկեղեցու առաջնորդական տեղապահ Գերհ․ Հայր Գառնիկ Ծ․ Վրդ․ Հովսեփյանի Հայոց բանակի 30 ամյակին նվիրված ուղերձը

    «Ապրել ու գործել այն բանի համար, որի համար արժէ մեռնել,
    եւ մեռնել այն բանի համար, յանուն որի արժէ ապրել։» (Գ. Նժդեհ)


    Շաբաթ, 29 Յունուար, 2022 թուականին, Փանիկի միջնակարգ դպրոցում, տեղի ունեցաւ միջոցառում՝ նուիրուած Հայոց Բանակի կազմաւորման 30-րդ տարելիցին։ Միջոցառմանը ներկայ էին Փանիկի Միջնակարգ դպրոցի տնօրէն պարոն Արսէն Մամիկոնեանը, Արուեստի դպրոցի տնօրէն Իրինա Մխիթարեանը, բազմաթիւ հիւրեր, մանկավարժական կոլեկտիւ, 44-օրեայ պատերազմի մասնակիցներ, ինչպէս նաեւ հաւատաւոր ժողովուրդի մի հոծ բազմութիւն:

     

    Միջոցառման աւարտին ներկաներին իրենց շնորհաւորական եւ շնորհակալական խօսքը յղեցին տնօրէն՝ Արսէն Մամիկոնեանը, Արթիկ համայնքի փոխհամայնքապետ՝ Վարդան Մակեյեանը, ազատամարտիկ՝ Վարազդատ Բոյաջեանը, համայնքի հոգեւոր-հովիւ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը։

     

    Ստորեւ ձեզ ենք ներկայացնում Գերհ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի շնորհավորական ուղերձը.

    «Սիրելի՛ հայորդիներ, սրտանց շնորհաւորում եմ հայկական տօնացոյցի ամենակարեւոր եւ նշանակալի տօներից մէկի առթիւ:

     

    Այս օրը բոլորինս է՝ սահմանին կանգնած շարքային զինուորից մինչեւ գեներալի, նրանց ընտանիքի անդամների, բոլոր նրանց, ովքեր իրենց աղօթքներում խնդրում են Աստծուց խաղաղութիւն մեր սահմանների եւ առողջութիւն հայ զինուորի համար: Հայոց փառապանծ բանակը անկախութեան ծնունդն է, ողջ հայ ժողովրդի հպարտութիւնը, որին նա սիրում ու փայփայում է հարազատ զաւակի նման: Նրա քաջարի զինուորներն այսօր էլ, իրենց հերոս նախնիների օրինակով, ստանձնում են հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործը` ցուցաբերելով բացառիկ սխրանք եւ խիզախութիւն:

     

    Բանակի կազմաւորման օրուանից անցել է արդէն 30 տարի, իսկ մեր բանակը շարունակում է պաշտպանել եւ անառիկ պահել մեր պետութեան սահմանները: Հայաստանի Զինուած Ուժերը դարձան մեր նորանկախ պետականութեան ամենաթանկ ու նուիրական ձեռքբերումներից մէկը: Հայոց բանակի կազմաւորումը եղաւ արդիւնքը մեր քաջարի զաւակների պայքարի եւ առ Հայրենին նուիրումի ու սիրոյ: Յատկապէս այսօր դժուար է պատկերացնել մեր ժողովրդի եւ պետութեան խաղաղ կեանքն առաց Հայոց բանակի:

     

    Այսօր Հայոց բանակի արիասիրտ մեր զինուորների ու հրամանատարների քաջագործութիւններով, երբեմն նաեւ կեանքի զոհաբերումով, անսասան ու պաշտպանուած են մեր երկրի սահմանները: Հայ զինուորի անվեհեր ոգին առաջնորդում է մեզ ամբողջական նուիրումով, նախանձախնդրութեամբ ու միմեանց նկատմամբ սիրով ծառայելու մեր Մայր Հայրենիքին եւ Եկեղեցուն:

     

    Աղօթում եմ, որ Աստուած Իր հայրական օրհնութեամբ պահի եւ պահպանի մեր բոլոր զինուորներին: Թո՛ղ հայ մայրերի աչքերն այլեւս արցունք չտեսնեն, հայ մանուկներն ապրեն խաղաղութեան եւ երջանկութեան մէջ: Մաղթում եմ, որ մեր բանակը շարունակի հզօրանալ` խաղաղութեան մէջ պահելով մեր երկիրը, մեր ժողովրդին ու ամուր յենարան լինի մեր պետականութեանն ու մեր հաւատքին: Շնորհաւոր տօնդ, հայո՛ց բանակ»:

     

    Իսկ Ուրբաթ, 28 Յունուար, 2022 թուականին, Փանիկի գերեզմանատան «Ազատամարտիկների պանթէոն»-ում, ներկաները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին հայրենիքի համար կեանքը զոհաբերած հայ քաջորդիների հուշակոթողին ու շիրիմներին, յարգանքի եւ խոնարհումի տուրք մատուցուեց նրանց յիշատակին եւ հոգեհանգստեան կարգ՝ նրանց հոգիների հանգստութեան եւ խաղաղութեան համար։

    Հաւերժ փառք Հայոց Բանակին:

     

     

    ԳԵՐՅ. ՀԱՅՐ ԳԱՌՆԻԿ Ծ. ՎՐԴ. ՅՈՎՍԷՓԵԱՆ

    Առաջնորդական Տեղապահ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

Օրացույց

Օրացույց