• Աստծուն պետք է փնտրել ոչ թե հրաշքների, այլ՝ ամեն օրվա իրականության մեջ

    «Բախվելով մեր մերժմանը՝ Նա չի նահանջում, Նա չի թաքցնում Իր սերը, Նա առաջ է շարժվում»


    Հավատքը դրսևորվում է հնազանդության և Աստծո կամքը կատարելու պատրաստակամության մեջ, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիկոս Սրբազան Քահանայապետը 2022թ. հունվարի 30-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ։

     

    Կիրակնօրյա պատարագի ավետարանական ընթերցումը պատմում է Հիսուսի առաջին քարոզության մասին իր հայրենի քաղաք Նազարեթում, հիշեցրեց Նորին Սրբությունը՝ պարզաբանելով, որ Նա դառը փորձառություն ունեցավ. հավանության փոխարեն Հիսուս ստացավ չհասկացվածություն և, նույնիսկ, թշնամանք (տե՛ս՝ Ղկ. 4, 21-30): Ճշմարտության փոխարեն Նրա համագյուղացիները ցանկանում էին տեսնել հրաշքներ և մեծ նշաններ: Սակայն Տերը դա չի անում, և նրանք մերժում են Նրան՝ ասելով, որ ճանաչում են Նրան մանկուց, որ Նա Հովսեփի որդին է (տես՝ Ղկ. 4,22): Դրա համար էլ Հիսուսն ասում է ասացվածք դարձած հետևյալ խոսքերը. «Մարգարեն ընդունելի չէ իր քաղաքում» (տես՝ Ղկ. 4,24), ցույց տալով, որ այս անհաջողությունը բոլորովին անսպասելի չէր Իր համար. Նա ճանաչում է Իր ժողովրդին, գիտի Իր ժողովրդի սիրտը, գիտի, թե ինչպիսի ռիսկի է գնում: Նա պատրաստ է մերժման և գնում է Իր հայրենի քաղաքը: Նման իրավիճակում մենք կասեինք. ինչու՞ բարություն անել մարդկանց, ովքեր պատրաստ չեն քեզ ընդունելու: Սակայն Աստված այս հարցին մեզ նման չի պատասխանում, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Բախվելով մեր մերժմանը՝ Նա չի նահանջում, Նա չի թաքցնում Իր սերը, Նա առաջ է շարժվում: Այդ սիրո դրսևորումը կարելի է տեսնել ծնողների մոտ, ովքեր գիտեն երեխաների անշնորհակալ վերաբերմունքի մասին, սակայն չեն դադարում սիրել և բարություն անել նրանց: Աստված նույն կերպ է վարվում, սակայն ավելի մեծ սիրով, և կոչ է անում մեզ հավատալ բարուն, ջանք չխնայել բարիք գործելու համար»։

     

    «Սակայն Նազարեթում կատարվածի մեջ մենք ուրիշ բան էլ ենք տեսնում: Իր ժողովրդի կողմից թշնամական վերաբերմունքը Հիսուսի նկատմամբ ստիպում է մեզ մտածել. նրանք հյուրընկալ չէին Նրա հանդեպ, սակայն մենք ինչպե՞ս ենք ընդունում Հիսուսին», – ասաց Նորին Սրբությունը: Դա մեզ հասկացնելու համար Հիսուս բերում է սիդոնացի այրի Սարեփթայի և ասորի Նէեմանի օրինակը։ Նրանք երկուսն էլ մարգարեներ են ընդունել. առաջինը՝ Եղիային, երկրորդը՝ Եղիսէին։ Դրա համար նրանք պետք է անցնեին փորձությունների միջով. այրին ընդունեց Եղիային, թեև ինքն էլ էր սոված, և մարգարեի հանդեպ ցուցաբերած հյուրընկալությունը կարող էր դժվարություններ առաջացնել նրա համար, քանի որ Եղիան ստիպված էր թաքնվել թագավորից (տես՝ Թագ. Գ 17, 7-16): Իսկ Նէեմանը, բարձր դիրք ունեցող մի մարդ, հիվանդությունից բժշկվելու համար ստիպված եղավ հնազանդվել և լսել Եղիսէ մարգարեին ու յոթ անգամ լվացվել Հորդանան գետում (տես՝ Թագ. Դ 5,1-14): Ե՛վ այրին, և՛ Նէեմանը պատրաստակամություն և հնազանդություն դրսևորեցին։ Աստծուն ընդունելու համար պետք է միշտ սրտաբաց ու հեզ լինել: Հավատքը դրսևորվում է հնազանդության և Աստծո կամքը կատարելու պատրաստակամության մեջ:

     

    Շարունակելով խորհրդածությունը՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ եթե մենք Հիսուսին փնտրում են հրաշքների մեջ, ապա չենք գտնի, քանի որ Նա Ինքն Իրեն բացահայտում է մեր առօրյա կյանքում, այսօրվա Եկեղեցում, մարդկանց կոնկրետ կարիքների մեջ, ընտանեկան խնդիրներում, ծնողների, երեխաների, ծերերի մեջ, հենց այստեղ մենք պետք է ընդունեք Աստծուն, Ով կոչ է անում մեզ «մաքրվել պատրաստակամության գետում և խոնարհության հեղեղի տակ կանգնել», քանզի Աստծուն հանդիպելու համար շատ հեզություն է պահանջվում:

     

    Մենք հաճախ նմանվում ենք Հիսուսի հայրենակիցներին, ովքեր կարծում էին, որ ամեն ինչ գիտեին Նրա մասին, շարունակեց Նորին Սրբությունը.

     

    «Շատ տարիներ անց, որպես հավատացյալներ, մենք կարող ենք մտածել, որ լավ ենք ճանաչում Տիրոջը, սակայն դրանք ընդամենը մեր գաղափարներն ու դատողություններն են: Մեզ սպառնում է Հիսուսին ընտելանալու վտանգը. մենք թաքնվում ենք Նրանից, երբ Նա թակում է մեր դուռը, ինչ-որ նոր բան ասում, ցանկանում ներս մտնել: Մենք չպետք է խստորեն կառչենք մեր տեսակետից: Տերը խնդրում է մեզանից բաց միտք և պարզ սիրտ: Երբ մարդն ունի բաց միտք և պարզ սիրտ, նա կարողանում է զարմանալ և հիանալ։ Տերը միշտ զարմացնում է մեզ, և հենց սա՛ է Հիսուսի հետ հանդիպման գեղեցկությունը: Թող Սուրբ Կույս Մարիամը, Ով հնազանդության և պատրաստակամության օրինակ է, ցույց տա մեզ Հիսուսին ընդունելու ճանապարհը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments