• Աստված սիրում է մեզ մեր թշվառության մեջ. hունվարի 19-ի ընդհանուր ունկնդրությունը

    Տերը չի ազատում մեզ մեր բոլոր տկարություններից, այլ բռնում է մեր ձեռքն ու օգնում ապրել դրանցով:


    Հունվարի 19-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ, շարունակելով Սբ. Հովսեփի անձի մասին խորհրդածությունը, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց հատկապես Նրա հայրական քնքշությունը: Չնայած Ավետարանը մանրամասնորեն չի պատմում Հովսեփի հայրական դերի մասին, սակայն մենք կարող ենք վստահ լինել, որ Նրա բարեպաշտությունը դրսևորվել է նաև Հիսուսի դաստիարակության մեջ: Հովսեփը տեսել է, թե ինչպես է «Հիսուս զարգանում իր իմաստությամբ, հասակով և շնորհով Աստծո և մարդկանց առջև» (Ղկ. 2,52), և, ինչպես Տերն էր վարվում Իսրայելի հետ, այնպես էլ Հովսեփը «սովորեցրեց նրան քայլել, իր գրկում պահեց, սովորեցրեց նրան քայլել՝ բռնելով նրա ձեռքից: Նա նրա համար հայր էր, ով սեղմում է փոքրիկին այտերին, կռանում դեպի նա և կերակրում նրան» (Patris corde 2, ср. Ос 11,3-4):

     

    Ավետարաններում Տերը միշտ գործածում է «հայր» բառը՝ Աստծո և Նրա սիրո մասին խոսելիս, հայրն է Նրա առակների հիմնական հերոսը: Դա առաջին հերթին վերաբերում է անառակ որդու առակին: Հոր գթասրտության մեջ դրսևորված քնքշությունը «արդարություն անելու անսպասելի միջոց է», ընդգծեց Նորին Սրբությունը: Սբ. Հովսեփն առաջինն է Հիսուսին փոխանցել Աստծո սիրո այդ հայրական քնքշությունը. «Իսկապես, Աստծո գործերը միշտ մեզ հասնում են մարդկային փորձառության միջոցով»:

    Քնքշանքը զգացմունք կամ էմոցիա չէ, այն փորձառություն է, որի շնորհիվ մենք մեզ սիրված ու ընդունված ենք զգում մեր թշվառության և տկարության մեջ ու վերափոխվում ենք Աստծո սիրով:

     

    Աստված «չի ազատում մեզ մեր բոլոր տկարություններից, այլ բռնում է մեր ձեռքն ու օգնում ապրել դրանցով», և Աստծո զորությունն իջնում է հենց այն ամենի վրա, ինչը թուլացնում է մեզ. «Տերն ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում», – գրում է Սբ. Պողոս առաքյալը: Ահա թե ինչու է այդքան կարևոր Աստծո ողորմածության հետ հանդիպումը, հատկապես՝ Հաշտության Խորհրդի մեջ: Այդտեղ ենք մենք վերապրում արդարության և քնքշության փորձառությունը: Նույնիսկ սատանան կարող է մեզ ճշմարտությունն ասել, ընդգծեց Նորին Սրբությունը, բայց միայն մեզ դատապարտելու համար: Հաշտության Խորհրդի փրկարար ճշմարտությունը Հոր քնքուշ գրկախառնումն է, Ով նորից ու նորից ներում է մեզ:

     

    Հովսեփի հայրությունն Աստծո հայրության արտացոլանքն է, կրկին ընդգծեց Սրբազան Քահանայապետը և բոլորին հորդորեց մտածել, թե արդյոք թույլ ենք տալիս, որ Տերը մեզ քնքշորեն սիրի, առանց որի «մենք արդարության գերի ենք մնում, որը թույլ չի տալիս հեշտությամբ բարձրանալ և շփոթում է քավումը պատժի հետ»։ Նորին Սրբությունը հիշատակեց բանտում գտնվող եղբայրներին և քույրերին՝ շեշտելով, որ մեղավորը պետք է պատասխան տա իր արածի համար, սակայն նա նաև իր մեղք քավելու հնարավորություն պետք է ունենա. ցանկացած դատավճիռ պետք է բաց թողնի հույսի պատուհանը:

     

    Վերջին ամիսներին ձևավորված ավանդույթի համաձայն՝ Սրբազան Քահանայապետն իր խորհրդածությունն ավարտեց Սբ. Հովսեփին ուղղված աղոթքով։

     

    «Սբ. Հովսեփ, քնքշության հայր, սովորեցրու՛ մեզ ընդունել, որ մենք հենց մեր տկարությամբ ենք սիրված: Օգնի՛ր մեզ որևէ խոչընդոտ չդնել մեր աղքատության և Աստծո սիրո մեծության միջև: Թո՛ղ որ Հաշտության Խորհրդով մենք ներում ստանանք, որպեսզի քնքշությամբ սիրենք մեր եղբայրներին և քոյրերին իրենց աղքատության մեջ։ Մոտ եղի՛ր նրանց, ովքեր սխալվել են և կրում են իրենց պատիժը: Օգնի՛ր նրանց գտնել ոչ միայն արդարություն, այլև քնքշություն, որպեսզի կարողանան նորից սկսել: Սովորեցրու՛ նրանց, որ նոր սկիզբ տանող առաջին քայլը՝ անկեղծորեն ներում հայցելն է։ Ամեն»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց