• Սրբազան Քահանայապետը կոչ արեց փնտրել Աստծո նշաններ մեր կյանքում

    Երբ մենք ուշադրություն ենք դարձնում Աստծո նշաների վրա, ապա մեզ համակում է Նրա սերը և մենք դառնում ենք Նրա աշակերտները:


    Աստված ցանկանում է, որ մենք իսկապես երջանիկ լինենք, ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ հունվարի 16-ին, «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ։ Նորին Սրբությունը մեկնաբանեց Գալիլիայի Կանա քաղաքում տեղի ունեցած հարսանեկան խնջույքը (Հովհ. 2,1-12)՝ ընդգծելով, որ Հիսուսն Իր գործած առաջին հրաշքով արձագանքեց հասարակ մարդկանց պարզ ու կոնկրետ կարիքներին:

     

    Կանայի հարսանիքի տեսարանը, որտեղ Հիսուս ջուրը գինու է վերածում ի ուրախություն հարսի և փեսայի, աստվածաշնչյան ամենահայտնի հատվածներից մեկն է: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ նկարագրելով Կանայում տեղի ունեցած հարսանիքը, Հովհաննես Ավետարանիչը գրում է ոչ թե «հրաշքի», այլ «նշանի» մասին, որն հավատք ներշնչեց աշակերտներին: «Սա Աստծո սերը բացահայտող նշան է, քանզի ուշադրություն է հրավիրում ոչ թե արարքի զորության վրա, այլ՝ այն սիրո, որն այն առաջացրեց»։ Այսպես մենք ավելի լավ ենք հասկանում Աստծո սերը, որը միշտ մոտ է, քնքուշ ու գթասիրտ, ասաց Նորին Սրբությունը:

     

    «Առաջին նշանը հայտնվում է այն ժամանակ, երբ երկու նորապսակներն իրենց համատեղ կյանքի ամենակարևոր օրվա ընթացքում ունենում են դժվարություններ: Հարսանեկան խնջույքի ժամանակ գինին պակասում էր և հյուրերի դժգոհությունը կարող էր մռայլել տոնի ուրախությունը: Պատկերացրե՛ք մի հարսանիք, որտեղ միայն ջուր կա: Սա խնդիր կլիներ նորապսակների համար»,- ասաց Սրբազան Քահանայապետը: Սուրբ Աստվածածինը նկատում է այդ խնդիրը և կամացուկ դիմում Հիսուսին, իսկ Նա գործում է՝ առանց հյուրերի ուշադրությունը գրավելու: Ամեն ինչ արվում է գաղտնի, կուլիսներում։ Տերը հրամայում է ծառաներին, որ սափորները ջրով լցնեն, որն էլ հրաշքով գինի է դառնում: Հենց այսպիսի հոգատարությամբ և զսպվածությամբ է գործում Աստված, ընդգծեց Նորին Սրբությունը: Հիսուսի աշակերտները հասկանում են դա, նրանք տեսնում են, որ Նրա շնորհիվ հարսանեկան խնջույքն ավելի է գեղեցկանում: Նրանք նաև տեսնում են, թե որքան աննկատելի է գործում Հիսուսը, որ լավ գինու համար գովաբանում են փեսային։ Այս կերպ նրանց մեջ սկսում է զարգանալ հավատքի սերմը, նրանք հավատում են, որ Հիսուսի մեջ ներկա է Ամենակարող Աստվածը, Աստծո սերը:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հիսուսի գործած հրաշքի առաջին նշանը հուսահատ հիվանդի ինչ-որ արտասովոր բուժումը կամ Երուսաղեմի տաճարում կատարվող հրաշքը չէ, այլ մի արարք է, որն արձագանքում է հասարակ մարդկանց պարզ և կոնկրետ կարիքներին: Սրբազան Քահանայապետը նշեց, որ եթե մենք, Սուրբ Կույս Մարիամի նման խնդրանքով դիմենք Հիսուսին, ապա Նա պատրաստ է անմիջապես օգնել մեզ, մխիթարել։ Երբ մենք ուշադրություն ենք դարձնում Աստծո նշաների վրա, ապա մեզ համակում է Նրա սերը և մենք դառնում ենք Նրա աշակերտները:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց Կանայում կատարված հրաշքի ևս մի առանձնահատկություն: Սովորաբար, խնջույքի վերջում մատուցվում էր ոչ լավ, ջրիկացրած գինի։ Սակայն Հիսուսը հոգ է տանում, որ խնջույքն ավարտվի լավագույն գինով: «Սա խորհրդանշում է, որ Աստված մեզ ամենալավն է ցանկանում, Նա ուզում է, որ մենք երջանիկ լինենք: Ինքն Իր վրա սահմանափակումներ չի դնում և մեզանից որևէ բան չի պահանջում»:

     

    «Հիսուսի հրաշքում որևէ հետին մղում, նորապսակների հանդեպ ինչ-որ պահանջներ չկան: Ընդհակառակը, ուրախությունը, որ Քրիստոս թողնում է մեր սրտերում, լի է ու անշահախնդիր», – ասաց Սրբազան Քահանայապետը և առաջարկեց հիշել բոլոր այն սիրո նշանները, որ Տերն արել է մեր կյանքում.

     

    «Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե ինչպիսի՞ աննկատելի և հոգատար նշաններով է Նա դրդում մեզ զգալ Իր քնքշությունը: Ե՞րբ ենք մենք ամենից շատ զգացել Աստծո մտերմությունը, Նրա քնքշությունն ու կարեկցանքը: Յուրաքանչյուր մարդու կյանքում եղել են նման պահեր, եկե՛ք փնտրենք այդ նշանները և հիշենք դրանք։ Եկե՛ք հիշենք, թե ինչպես մենք բացահայտեցինք Նրա մոտիկությունը, այն մեծ ուրախությունը, որը մնացել է մեր սրտերում: Եկե՛ք վերապրենք այն պահերը, երբ զգացել ենք Նրա ներկայությունն ու Մարիամի բարեխոսությունը: Թո՛ղ Սուրբ Աստվածածինը, Ով միշտ ուշադիր է, ինչպես Գալիլիայի Կանայում, օգնի մեզ գնահատել Աստծո ներկայության նշանները մեր կյանքում», – խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին,

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց