Մեզանից յուրաքանչյուրը պետք է հարցնի ինքն իրեն. «Ի՞նչ տրամադրությամբ ենք մենք իրականացնում մեր ամենօրյա աշխատանքը։ Ինչպե՞ս ենք հաղթահարում հոգնածությունը: Արդյո՞ք մենք մեր գործունեությունը կապում ենք միայն մեր, թե՞ նաև այլ մարդկանց ճակատագրերի հետ»։
Հունվարի 12 ընդհանուր ունկնդրության ժամանակ, որը նվիրված էր Սբ. Հովսեփ աշխատավորին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց մարդկային աշխատանքի արժանապատվության և աշխատավորների իրավունքների պաշտպանության մասին, որոնք հաճախ են ենթարկվում տարբեր տեսակի սոցիալական անարդարության:
Պողոս VI սրահում դիմելով ուխտավորներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ առաջին հազարամյակի սկզբին Պաղեստինում ատաղձագործի արհեստը ծանր աշխատանք էր համարվում, որը «մեծ շահույթ չէր ապահովում» և ըստ Նազարեթի բնակիչների ազնիվ աշխատանք չէր։ Հայրենակիցները վրդովվեցին, երբ «հյուսնի որդի» Հիսուսը սկսեց քարոզել և ուսուցանել սինագոգայում. «Որտեղի՞ց նրան այդպիսի իմաստություն և զորություն», – իրենք իրենց հարց էին տալիս Նազարեթի բնակիչները:
Հովսեփի շատ համեստ եկամուտը հաստատում է այն փաստը, որ Մարիամն ու Հովսեփը, Տաճարում ներկայացնելով փոքրիկ Հիսուսին, կարողանում են նվիրաբերել միայն «մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ», ինչպես Տիրոջ Օրենքով սահմանված էր աղքատների համար: Խորհրդածելով Հովսեփի և Հիսուսի կյանքի մասին, Սրբազան Քահանայապետը խոսում էր «աշխարհի բոլոր աշխատավորների մասին», որոնց արժանապատվությունը ոտնահարվում է, հատկապես «նրանց, ովքեր տքնաջան աշխատում են հանքերում և գործարաններում», ոմանց շահագործում են՝ առանց ապահովագրության և կենսաթոշակի ընդունելով աշխատանքի, «աշխատանքի զոհերի» մասին, երեխաների մասին, որոնց ստիպում են աշխատել, նրանց մասին, ովքեր փոխանակման համար օգտակար բան են փնտրում աղբամաններում»։
Ղեկավարները պետք է ամեն մի մարդու իրենց հանապազօրյա հացը վաստակելու հնարավորություն տան, քանզի այդ վաստակը արժանապատվություն է պարգևում աշխատողներին, ընդգծեց Նորին Սրբությունը, հիշեցնելով, որ շատ երիտասարդներ, հայրեր և մայրեր շատ են տառապում գործազրկության պատճառով, հաճախ աշխատանքի որոնումները դառնում են այնքան դրամատիկ, որ զրկում են կյանքի հույսից և իմաստից: Համավարակի այս պայմաններում շատերը կորցրեցին իրենց աշխատանքը, իսկ ոմանք էլ, չկարողանալով տանել ծանր բեռը, ինքնասպան եղան. «Այսօր ես ցանկանում եմ հիշել նրանցից յուրաքանչյուրին և նրանց ընտանիքներին», – ասաց Սրբազան Քահանայապետը, կոչ անելով հավատացյալներին լուռ աղոթել «այն մարդկանց համար, ովքեր հուսահատության մեջ են, քանի որ չեն կարողանում աշխատանք գտնել»:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ այսօր «ըստ արժանավույնս հաշվի չի առնվում այն փաստը, որ աշխատանքը կյանքի բաղկացուցիչ մասն է, ինչպես նաև դեպի սրբություն տանող ճանապարհը»։ Աշխատանքը միայն ապրուստի միջոց չէ. «Այն նաև վայր է, որտեղ մարդիկ իրենք իրենց դրսևորում են, իրենց պիտանի են զգում և սովորում են կոնկրետության մեծ դասը, որն օգնում է հոգևոր կյանքում»:
Ցավոք սրտի, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, աշխատանքը հաճախ «սոցիալական անարդարության պատանդ» է դառնում և մարդկայնացման միջոց լինելու փոխարեն վերածվում է գոյութենական արվարձանի: Մեզանից յուրաքանչյուրը պետք է հարցնի ինքն իրեն. «Ի՞նչ տրամադրությամբ ենք մենք իրականացնում մեր ամենօրյա աշխատանքը։ Ինչպե՞ս ենք հաղթահարում հոգնածությունը: Արդյո՞ք մենք մեր գործունեությունը կապում ենք միայն մեր, թե՞ նաև այլ մարդկանց ճակատագրերի հետ»։
Նորին Սրբությունն ընդգծեց, որ «աշխատանքը մեր անհատականությունն արտահայտելու միջոց է, որն իր բնույթով կապված է հարաբերությունների հետ», ինչպես նաև «մեր ստեղծագործական միտքը դրսևորելու միջոց է», քանի որ ամեն ոք իր գործն անում է «իր ձևով», իր սեփական ոճով: «Հրաշալի է մտածել, որ Հիսուսն Ինքն այս արվեստը սովորել է Սբ. Հովսեփից», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը և հավելեց, որ այսօր մենք մի քանի հարցի առաջ ենք կանգնած.
«Ի՞նչ կարող ենք անել՝ աշխատանքի արժեքը վերականգնելու համար: Որպես Եկեղեցի մենք ի՞նչ ներդրում կարող ենք ունենալ՝ աշխատանքը տարրական շահույթի տրամաբանությունից ազատելու համար, որպեսզի այն դառնա մարդու հիմնարար իրավունքն ու պարտականությունը, որը դրսևորում և բարձրացնում է նրա արժանապատվությունը»:
Ունկնդրության ավարտին Նորին Սրբությունն աղոթեց Պողոս VI Պապի աղոթքը նվիրված Սբ. Հովսեփին, ով տքնաջան աշխատանքով վաստակում էր իր հացը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին,
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը