ԱՇՈՑՔԻ ԾԽԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2021թ. սեպտեմբերին Աշոցքի հոգևոր հովվի նախաձեռնությամբ և ծխական հասարակական խորհրդի երիտասարդների ցանկությամբ Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ՝ Հյուսիսային Հայաստանում» ծրագրի շրջանակներում մեկնարկեցին անգլերենի դասընթացներ՝ Մեծ
Սեպասարի և Ղազանչիի հայ կաթողիկէ երիտասարդական կենտրոններում: Դասընթացներին մասնակցում են 11-17 տարեկան պատանիներ և երիտասարդներ՝ յուրաքանչյուր կենտրոնում՝ երկու տարիքային խմբերով: Դասերը կազմակերպում են երկու մասնագետներ՝ Սյուզաննա Հովասյանը՝ Մեծ Սեպասարում և Գոհար Պապիկյանը՝ Ղազանչիում: Նրանք ընտրել են դասավանդման արտադպրոցական մեթոդներ՝ հետաքրքրաշարժ, խաղային, տեսալսողական միջոցներով, մրցույթներով:
Ամսական մեկ անգամ, դասերից բացի, խմբակների պատանիները հնարավորություն ունեն նաև զրուցելու անգլախոս ամերիկահայ կամավորական Ջոնաթան Ռոդրիգեզի հետ, որ Հայաստանում հյուրընկալվել է «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից: «Դեպի Հայքի» կամավորականները Մեծ Սեպասար սկսել են այցելել դեռևս 2018-ից՝ դարձյալ հոգևոր հովվի նախաձեռնությամբ և Հայկական Կարիտասի հովանավորությամբ:
Դեկտեմբերի 28-ին Մեծ Սեպասարի և Ղազանչիի երիտասարդական կենտրոններում անգլերենի խմբակները կազմակերպեցին ծրագրի առաջին փուլի արդյունքներն ամփոփող միջոցառումներ:
Մեծ Սեպասարում միջոցառումից առաջ համայնքի հոգևոր հովիվ Տ. Հովսեփ Գալստյանը Սուրբ Փրկիչ եկեղեցում երիտասարդների ներկայությամբ մատուցեց Սբ. Պատարագ՝ երկու համայնքների երիտասարդների և պատանիների կրթական հաջողությունների դիտավորությամբ և խոսեց անգլերենի խմբակների, ԹՈՒՄՈ-յի ծրագրի և կրթական այլ հնարավորությունների մասին, որոնք ստեղծվել են
Հայկական Կարիտասի ԾՀԽ ծրագրի շրջանակներում:
Դրանք արտահայտում են ծրագրի տրամաբանությունը՝ համահունչ Եկեղեցու սոցիալական ուսմունքի և մարդու համակողմանի զարգացման վերաբերյալ սկզբունքներին:
Մեծ Սեպասարում միջոցառումն անցավ բաց դասի տեսքով, որի ընթացքում մասնակիցները հետաքրքիր խաղերի միջոցով ցույց տվեցին իրենց գիտելիքները: Իսկ Ղազանչիում պատանիներն իրենց անգլերենի իմացությունը ցույց տվեցին բեմադրությունների, երկխոսությունների և երգերի միջոցով: Ծրագիրը կշարունակվի 2022-ի հունվարին: