• Հայրապետական այց՝ Պուրճ Համուդի Սբ․ Փրկիչ Եկեղեցի

    2022թ․ հունվարի 2-ին, առավոտյան ժամը 9։50-ին, Ամենապատիվ և Գերերջանիկ Տ․ Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը ժամանեց Պուրճ Համուդ։


    Հոգևոր Տիրոջ ժամանումով սկսվեց «Խորհուրդ Մեծ» շարականը՝ կղերականների, Արծիվյան երգչախմբի, խորանին ծառայող երիտասարդների և ներկաներից կազմված թափորի կատարողությամբ, այնուհետև Հոգևոր Տերն ուղղվեց դեպի Սբ․ Փրկիչ եկեղեցու բակ, ապա եկեղեցի:

     

     

    Պատարագը սկսվեց «Հրաշափառ» շարականով: Սուրբ և Անմահ Պատարագին ներկայ էին Արհ. Հ. Գևորգ եպս. Խազումյանը, Հ. Նարեկ վրդ. Լուիսյանը, Տ. Կարապետ Քհն. Թադևոսյանը, Տ. Ռաֆֆի Քհն. Շեֆիքյանը, Տ. Սահակ Սրկ. Քեշիշյանը, թաղապետեր և տնօրեններ, հոծ բազմություն, ինչպես նաև տեղի ժողովրդապետն ու փոխժողովրդապետ հայրերը՝ որպես առընթերականեր:

     

     

    Ավետարանի ընթերցումից հետո, Հոգևոր Տերն իր հայրական խոսքն ուղղեց ներկաներին՝ ասելով հետևյալը․

     

    «Փակելով 2021 թվականը՝ պետք է նոր շնչով վերսկսենք մեր կյանքն ու առօրյա պայքարը այս տարում։ 2021 թվականը բավականին լեցուն և դժվարին տարի էր մեզ բոլորիս համար, սակայն այս դժվարությունները պետք է քաջություն և ուժ տան՝ 2022թ․ բոլոր հարցերը և հանգույցները դիմագրավելու համար»:

     

    Նա նաև ընդգծեց ընտանիքի կարևորությունը, թե ինչպիսի պարիսպ պետք է լինի ընտանիքը՝ բոլոր դժվարությունները և նեղությունները դիմագրավելու համար: Հոգևոր Տերն ասաց, որ մենք պետք նման լինենք բարի հովիվների, և ինչպես հայրն ու մայրը կարող են նմանվել այդ բարի հովիվներին, կամ լինել բարի հովիվներ՝ կատարելով իրենց առօրյա պարտականությունները և հաղթահարելով բոլոր նեղությունները: Իր խոսքի ավարտին Հոգևոր Տերը մաղթեց ներկաներին, որ 2022թ․ լինի մի տարի, որտեղ պիտի թաղենք մեր սխալները և նվիրվենք Աստծո ծառայությանը։

     

    Այս հոգեպարար Պատարագի ավարտին, և նախքան Հոգևոր Տիրոջից վերջին օրհնություն ստանալը, ժողովրդապետ հայրը բարի գալուստ մաղթեց Հոգևոր Տիրոջը, ինչպես նաև շնորհակալ եղավ նրան՝ Պուրճ Համուդ կատարած այս հովվապետական յուրահատուկ այցի համար, ինչպես նաև խնդրեց Բարի Հովվին, որ միշտ այցելի և օրհնի իր շուրջը հավաքված ու միշտ իրեն հնազանդ հոտին:

     

    Վերջին օրհնությունից հետո տեղի ունեցավ խաչահամբույր:

     

     

    Աղբյուր՝ Հայ Կաթողիկէ Պատրիարքության կայք  

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց