«Աստուած եղաւ մարմնի կրողը, որպէսզի մարդը կարողանայ դառնալ հոգու կրողը»: (Սբ. Աթանաս Աղեքսանդրացի)
Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,
Այսօր երկնքից մեզ համար իջել է իրական եւ ճշմարիտ խաղաղութիւնը: Սուրբ Ծնունդը ուրախութիւն եւ խաղաղութիւն է բերել մեզ:
Հրեշտակները ցնծութեամբ աւետում էին հովիւներին եւ համայն աշխարհին. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն, եւ հաճութի՜ւն մարդկանց մէջ» (Ղուկ. 2, 14):
Հրեշտակը հովիւներին յայտնում է, որ Աստուած ուրախութեան եւ խաղաղութեան խորհուրդ է բերելու Բեթղեհէմ։ Այս աւետման լիացնող մեղեդին՝ որպէս սիրոյ մի շող, օրհնաբանում էր. «Թո՛ղ օրհնեալ լինի Քրիստոսի Սուրբ Ծնունդը»:
Ինչպէս Աւետարանն է պատմում՝ հովիւները հաւատալով Հրեշտակի բարի աւետիսին, ճանապարհ ելան՝ գտնելու Մանուկ Յիսուսին. «Եւ նրանք շտապով եկան ու գտան Մարիամին ու Յովսէփին եւ մսուրի մէջ դրուած Մանկանը» (Ղուկ. 2, 16):
Յիսուսի ծնունդն իրականութեան մի նշան է, որը թէեւ անտեսանելի, բայց միեւնոյն ժամանակ մարդկային երեւոյթ է, որն արտայայտում է աստուածայինը: Մեր Տիրոջ Ծնունդը Աստուծոյ սիրոյ ակնյայտ նշանն է, որ Նա մարդկային կեանքի մէջ է մտնում՝ առանց յաւակնութիւնների եւ նրանց նկատմամբ արտօնութիւններ փնտռելու: Յիրաւի, Յիսուսի մէջ Աստուած Իրեն խոնարհ եւ անօգնական է դարձնում, Նա աշխարհ է գալիս ոչ թէ ծառայեցնելու, այլ ծառայելու համար:
Ընդհանրական Եկեղեցու նշանաւոր հայրապետներից Սուրբ Աթանաս Աղեքսանդրացին ասում է. «Աստուած եղաւ մարմնի կրողը, որպէսզի մարդը կարողանայ դառնալ հոգու կրողը»:
Սուրբ Ծննդեան տօնին ընդառաջ, մեր աղօթքն ենք բարձրացնում առ Աստուած՝ խնդրելով Նրանից ամէ՛ն օր ու ամէ՛ն ժամ պարգեւել մեզ լիառատ շնորհներ, որպէսզի արժանի լինենք Նրա զոհաբերութեանը եւ նոր տարին սկսենք ապրել համաձայն Նրա կամքի։
Նայե՛նք մեր շուրջը, նայե՛նք յատկապէս չքաւորութեան մէջ ապրող մեր եղբայրներին եւ քոյրերին, որոնք տառապում են անտարբերութիւնից եւ մերժուած լինելուց: Նրանք բոլորը կենդանի Յիսուսի կերպարն են, որ տառապում են քարայրի մէջ, նրանք այն մսուրն են, որի միջոցով պիտի հանդիպենք Մանուկ Յիսուսին:
Եկէ՛ք մեր Տիրոջ Ծնունդով վերստին նորոգուենք հոգեպէս եւ մեր հաւատքի մէջ հաստատուն քայլերով ընթանանք դէպի Քրիստոս:
Թոյլ տուէք ի սրտէ շնորհաւորել Սուրբ Ծննդեան եւ Ամանորի կապակցութեամբ: Մաղթանքս է, որ գալիք 2022 թուականը լինի հոգեւոր նորոգումի, խաղաղութեան, եղբայրսիրութեան, սիրոյ եւ յոյսի տարի։ Աղօթում եմ մեր երկրի՝ Հայաստանի եւ Արցախի սահմանների խաղաղութեան եւ պահպանութեան համար, զոհուած մեր անմահ հերոսների հոգիների հանգստութեան համար: Եկէ՛ք 2022 թուականը ապրենք սիրով եւ հաճութեամբ, հանդուրժողականութեամբ եւ աստուածահաճոյ կեանքով, եւ միայն այդ ժամանակ ըմբռնած կլինենք Սուրբ Ծննդեան մեծ եւ սքանչելի խորհուրդը:
Քանզի մեզ համար մանուկ ծնուեց,
մի որդի տրուեց մեզ,
որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի.
նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ,
Սքանչելի խորհրդակից,
Աստուած հզօր, Իշխան,
Հայր հանդերձեալ աշխարհի (Եսայի Մարգարէ 9, 6):
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս: