• ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՂՈԹՔ

    Ո՜վ Տեր, տո՛ւր մեզ սեր Քո սիրո նման, որ ուրանալով Անձդ՝ դարձար Գառն Աստծո ու վերցրեցիր աշխարհի մեղքերը (տես՝ Հովհ. 1, 36):


    Այս Նոր տարվա շեմին մեր գոհություն ենք հայտնում Ամենասուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

     

    Տե՛ր, այս տարում փորձեցինք նմանվել բարի սամարացուն և ուզեցինք ապրել Քո կամքի համաձայն՝ ի միտ ունենալով խաղաղություն, սեր, նվիրվածություն, երախտագիտություն՝ փնտրելով դիմացինի մեջ Քո պատկերը:

     

    Դու՛, ով Տեր որ քննում ես բոլորի սրտերը և Քո ողորմությամբ առաջնորդում ես ամենքիս, տո՛ւր մեզ ապրելու այն բանաձևը, որը ճանապարհ պիտի հարթի մեզ յուրաքանչյուրիս համար՝ Քո փրկչագործության ծրագրին համաձայն:

     

    Ո՜վ Տեր, տո՛ւր իմաստություն՝ ըմբռնելու Քո Սուրբ Ծննդյան պատգամը, որ ավելի լավ հասկանանք այդ մեծ խորհուրդը, որը սիրո և հույսի դռներ է բացում յուրաքանչյուրիս առջև, որովհետև մենք էլ ենք փափագում միանալ հրեշտակների երգին՝ ասելով. «Փառք Աստծուն բարձունքներում, և երկրի վրա խաղաղություն և հաճություն մարդկանց մեջ» (Ղուկ. 2, 14):

     

    Հիրավի, պետք է, որ երկրի վրա խաղաղություն տիրի, ինչպես որ երկնքում է, մարդիկ միմյանց մեջ հաճություն պիտի գտնեն, որովհետև Քեզ հետևողները խաղաղություն և սեր պիտի ունենան իրենց մեջ:

     

    Հեռու վանի՛ր, ո՜վ Տեր, մեր միջից նախանձությունը, չարությունը, ընչաքաղցությունը և այլ ու այլ աղտեր, որոնք մեր միջից հանում են խաղաղությունն ու սերը:

     

    Ո՜վ Տեր, տո՛ւր մեզ սեր Քո սիրո նման, որ ուրանալով Անձդ՝ դարձար Գառն Աստծո ու վերցրեցիր աշխարհի մեղքերը (տես՝ Հովհ. 1, 36):

     

    Ո՜վ Տեր, տո՛ւր խոհեմություն՝ ըմբռնելու ավետարանական այն խոսքը, որ պետք է լինենք ողորմած, ինչպես Հայրը: Միայն կարեկցելով և դիմացինի մեջ Քրիստոսին տեսնելու փափագով է, որ կկարողանանք անել ողորմության հոգևոր և մարմնավոր գործերը, որոնք մեզ կառաջնորդեն սրբության և Քեզ հետ լիակատար միության:

     

    Ո՜վ Տեր, տո՛ւր մեզ անսասան հավատք, որ չերկնչենք, չկասկածենք և քայլենք այն ճանապարհով, որը կառաջնորդի դեպի Քեզ, ուրանալով մեր անձը, ինչպես Դու:

     

    Ո՜վ Տեր, տո՛ւր մեզ հույս, որ փորձության ժամին չվախենանք, ապրենք Քո կամքի համաձայն՝ հիշելով, թե ով համբերի իսպառ, նա կփրկվի:

     

    Հայցում ենք Աստվածամոր և բոլոր սրբերի բարեխոսությունն այս գալիք տարում, որպեսզի զորացած աստվածատուր շնորհներով՝ կարողանանք պահել և ապրել մեր հավատքը սիրո և հույսի մեջ:

     

     

    ԱՐԺ. ՏԵՐ ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳ ՔՀՆ. ՄԿՐՏՉՅԱՆ

    Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ

    Աթոռանիստ Եկեղեցու Ժողովրդապետ

Օրացույց

Օրացույց