• ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԳԱՄ․ ԱՐԺ. ՏԵՐ ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳ ՔՀՆ. ՄԿՐՏՉՅԱՆ

    Ո՜վ Քրիստոս Փրկիչ, օրհնյա՛լ է Ծնունդը Քո, օրհնյա՛լ և փառավորյա՛լ հայտնությունը Քո, անպակաս արա մեր սրտերից ու մտքերից ներկայությունը Քո, որպեսզի ավելի խորը զգանք Կամքը Քո և ընդառաջ ելնենք երկրում խաղաղության և մարդկանց միջև համերաշխության Քո հրավերին:


    Այսօր ամենքս մասնակիցն ենք Սուրբ Ծննդյան հանդիսության, մենք՝ իբրև եկեղեցականներ, կոչված սպասարկելու այս Սուրբ Սեղանը, և դուք՝ իբրև հավատացյալ ժողովուրդ, կոչված մասնակիցը լինելու և ճաշակելու մեզ հետ այս Սեղանից մատռվակվող և բաշխվող Տիրոջ Սուրբ Մարմինը և Արյունը: Ամենքս լցված ենք ծննդյան ուրախությամբ և ցնծությամբ: Ուրախ ենք և մխիթարված անչափ, քանզի այսօրվա Ծնունդն առանձնահատուկ է, առանձնահատուկ է նրանով նաև, որ մենք՝ իբրև հրավիրյալներ, նվեր մատուցելու փոխարեն նվեր ենք ստանում, և այդ նվերը ամենաթանկն ու անփոխարինելին է: Մեր Տեր Հիսուս Քրիստոսն է այսօրվա Նվերը, որ Հայր Աստծո կողմից ընծայվեց Իր ժողովրդին: Եվ որպես Ծնունդի մասնակից՝ առաջին հարցը, որ ուղղում է մեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն, այն է, թե ինչ ծնունդ է արդյոք սա, որ այսպես համախմբել է մեզ այս Սուրբ Տաճարում:

     

     

    Առաջին պատկերը, որ արտացոլվում է մեր հայացքի առջև, Փրկչի՝ մանուկ Հիսուսի ծննդյան դրվագն է, պատկեր, որը տակավին 2021 տարի առաջ շատ քչերին պիտի վստահեցներ, թե ծնվողը իրապես Աստված է, թե ծնվողը իրապես Ամենազոր Փրկիչն է, որ փրկելու է Տիրոջը հուսացող հոգիներին: Քանզի Փրկիչը ծնվեց մի անշուք, մարդկանցից անտեսված, քաղաքակրթությունից հեռու մի օրրանում՝ մսուրի մեջ, անբան կենդանիների հարևանությամբ, Որի ծննդյանը ներկա էին միմիայն հովիվները և Իր ծնողները: Ահա Հիսուսի Ծննդյան արտաքին նշանները և հանգամանքները, որոնք պաճուճանքի վարժված մարդկանց ոչնչով չէին կարող հուշել, թե ծնվողը իրապես Թագավոր է, Աստված և Տեր ողջերի ու մեռածների:

     

     

    Երկրորդ հարցը, որ ծագում է մեր մտքում, այն է, թե ինչով է առանձնանում այս Ծնունդը մյուս բոլոր ծնունդներից, որոնք, ճիշտ է, տոնակատարում ենք, բայց ոչ այն գիտակցությամբ, որ այդ ծնունդը էական ներգործություն կարող էր ունենալ մեր կյանքի մեջ: Մենք այս Ծնունդը՝ Քրիստոսի Ծնուդը, կոչում ենք խորհուրդ: Սրբազան մեր հայրերը, նկարագրելու համար Քրիստոսի Ծնունդը, օգտագործում են հետևյալ բառերը. «Անպարագրելին պարագրեցավ, Անսահմանելին սահմանների մեջ եկավ»։ Այսինքն՝ անսահմանն Աստված եկավ սահմանների մեջ: Եվ իրապես, եթե մեր այսօրվա լեզվամտածողությամբ արտահայտելու լինենք այս իրողությունը՝ Աստծո համար մարդանալը նույնն էր, ինչ որ այսօր մեզանից յուրաքանչյուրի համար կամավոր ազատազրկումը: Աստված, որ անսահման էր, անսահմանների Թագավոր, ազատության Իշխան, եկավ սահմանավոր մարմնի մեջ, կաղապարի մեջ, որպեսզի այդ մարմնի մեջ Իր ձեռքը հպի մարդկանց ձեռքերին, քայլի այն ավազների վրա, որտեղով քայլում էին մարդիկ, որպեսզի մարդկանց ցույց տա այն ճանապարհը, որով նրանք կոչված են քայլելու: Եթե այլ բառով որակել փորձենք Քրիստոսի Ծնունդը, այն իրապես նվեր էր մարդկությանը, մարդկային տրամաբանությունից, մարդկային վերլուծող մտքից վեր մի նվեր:

     

     

    Մարդիկ սովորաբար նվերներ մատուցում են անձերին, որոնց նկատմամբ մեծ համարում ունեն, ունեն սեր և հարգանք: Սակայն Քրիստոսի Ծնունդը գալիս է հավաստելու, որ Քրիստոս ծնվեց այն ժամանակ, երբ մարդիկ այլևս լցրել էին ժամանակն իրենց անօրենությամբ, այսինքն՝ մարդկանց կողմից չէ՛ր վաստակվել այդ սերը, պարզապես Աստված Ինքն արժանի տեսավ այդ բոլոր անօրենությունները փոխհատուցել սիրով: Եվ հատկանշական է, որ Աստված Իր բողոքը մարդկության գործած անօրենությունների դեմ արտահայտեց բացառիկ կերպով. Նա նվիրեց մարդկանց ամենանվիրականը և ամենաթանկագինը՝ Իր Միածին Որդուն:

     

     

    Հաջորդ հարցումը, որ մենք, որպես հավատացյալ ժողովուրդ, որպես մասնակիցներ Ծննդյան այս խրախճանքի և ուրախության, պետք է ուղղենք մեզ, այն էր, թե ի՞նչ արդյունք տվեց Աստծո Միածին Որդու ընծայաբերումը մարդկանց: Երբ Քրիստոս աշխարհ եկավ, հրեշտակի ավետիսը մարդկանց հետևյալն էր «…եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն» (աշխարհում խաղաղություն և մարդկանց միջև համերաշխություն):

     

     

    Քրիստոս, սակայն, ակնարկելով Երկրորդ Գալուստը, Իր երկրային կյանքի ընթացքին իսկ հարց է տալիս. «Երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. ԺԹ 8): Ի՞նչն էր, արդյոք, Փրկչի մոտ նման տարակույս առաջացրել։ Շատ բնական կերպով հասկանալի է. Քրիստոս ինչպես Իր ամբողջ առաքելության ընթացքին, այժմ ևս ներքին ողբերգություն, ներքին ցավ է ապրում, երբ տեսնում է, որ Իր ծնունդ առնելուց հետո կարծես թե ոչինչ չի փոխվել մարդկանց մեջ: Թագավորները շարունակում են կառավարել նույն ձևով, հպատակները շարունակում են ենթարկվել նախկինի պես, վաճառականները շարունակում են վաճառականությամբ զբաղվել նույն ձևով, իշխանները շարունակում են իշխանաբար ճեմել: Կարծես թե ամեն ինչ նույնն է, Մարդու Որդին վերստին տարակուսում է՝ արդյոք կգտնվի՞ հավատք, արդյոք կհաստատվի՞ խաղաղություն երկրում և համերաշխություն՝ մարդկանց միջև:

     

     

    Եվ այսօր, Քրիստոսի Ծննդից 2021 տարի անց, նույն տարակուսանքով ու այժմեականությամբ է հնչում նույն հարցը. «Գտանիցէ արդյոք Որդի Մարդոյ հաւատս յերկրի»: Մեզանից շատերը կպատասխանեն` անշուշտ կգտնի: Եվ իրապես՝ այդ հավատքի վկայությունն է այսօրվա մեր համախմբումն այս Տաճարում: Սակայն ի՞նչ ենք հասկանում մենք «հավատք» ասելով: Գիտակցաբար մենք ամենքս ընդունում ենք Աստծո գոյությունը, սակայն այն կամքը, որ պիտի արտահայտենք մեր հնազանդությունը Աստծո պատգամներին, և պատվիրանները երբեմն թուլանում և տկարանում են մեր մեջ, և այն գիտակցությունը, որը մեզ շնորհված է աստվածճանաչողության համար՝ նսեմանում է այդ կամքի թուլության հետ: Եվ շատ բնական մի հարց էլ այսօր կարող է առաջանալ. «Եթե Քրիստոս եկավ, և մենք այսօր խաղաղություն չունենք աշխարհում, մարդկանց միջև համերաշխությունը տակավին կաղում է, մարդկանց միջև հարաբերությունները կառուցվում են շահախնդրության հիմքի վրա, արդյոք աննպատակ չէ՞ր Քրիստոսի գալուստը»: Առաջին հայացքից այս հարցը շատ բնական և տրամաբանական կարող է թվալ:

     

     

    Ես չեմ կարող ասել, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ առաջին անգամ հայելու գյուտը մարդկանց համար, բայց վստահ եմ, որ Քրիստոսի ընծայումը մարդկանց՝ այն մեծ ազդեցությունն ունեցավ, որ մարդիկ կարողացան Քրիստոսի Անձի մեջ տեսնել իրենց, Քրիստոսի մեծության մեջ մարդիկ կարողացան տեսնել իրենց փոքրությունը, Քրիստոսի անսահմանության մեջ՝ իրենց սահմանավորությունը, Քրիստոսի անհունության մեջ՝ իրենց հունավորությունը, և Քրիստոսի մարդկության մեջ կարողացան տեսնել իրենց մարդկության չափը, և Քրիստոսի Աստվածության մեջ կարողացան տեսնել այն հնարավորությունը, որ իրենք ևս կարող են դեպի Աստվածության գնալ: Քրիստոսի մեջ մենք տեսնում ենք ինքներս մեզ, Իր լույսի մեջ` մեր խավարը, Իր անբծության մեջ` մեր բծերը: Եվ մի՞թե սա տոն չէ, մի՞թե տոն չէ, որ կարող ենք ճանաչել մեզ, տեսնել ճանապարհը, որ պիտի կտրենք, ճանաչել նպատակը, որին պիտի ձգտենք:

     

     

    Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, մենք լավ գիտենք մեզ, մենք գիտենք, որ արագ ենք փոխվում և ամեն անգամ առաջին անգամվա պես ինքներս մեզ համոզում, որ շտկվելու ենք, փոխվելու առ բարին, բայց ապարդյուն: Դրա համար է, որ հույսներս կտրած՝ ինքներս մեզնից Կատարյալին ենք փարվում, Փրկչին ապավինում և այդ ապավինությամբ փառաբանում:

     

     

    Ո՜վ Քրիստոս Փրկիչ, օրհնյա՛լ է Ծնունդը Քո, օրհնյա՛լ և փառավորյա՛լ հայտնությունը Քո, անպակաս արա մեր սրտերից ու մտքերից ներկայությունը Քո, որպեսզի ավելի խորը զգանք Կամքը Քո և ընդառաջ ելնենք երկրում խաղաղության և մարդկանց միջև համերաշխության Քո հրավերին:

     

     

     

    ԱՐԺ. ՏԵՐ ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳ ՔՀՆ. ՄԿՐՏՉՅԱՆ

    Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ

    Աթոռանիստ Եկեղեցու Ժողովրդապետ

Օրացույց

Օրացույց