• ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՐ

    «․․․ինչպես Պողոս առաքյալն է ասում «հոգով եռացեք», որովհետև առանց հոգով եռալու՝ Կարիտասի աշխատանքը չի հասնի իր ճիշտ նպատակակետին, ․․․մենք միշտ պիտի մտածենք ավելիի մասին, որ հոգևոր իմաստը չխամրի ու չխունանա ձեր սոցիալական առաքելության մեջ»


    Դեկտեմբերի 23-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ եկեղեցում տեղի ունեցավ տարեվերջյան Սուրբ Պատարագ  «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի անձնակազմի համար։

     

     

    Հանդիպումն սկսվեց Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ, Հայկական Կարիտասում Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքի ներկայացուցիչ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանի հայրական խոսքով.

    «Այսօր ամենքս մասնակիցն ենք Սուրբ Ծննդյան հանդիսության, մենք իբրև եկեղեցականներ՝ կոչված սպասարկելու այս կամ Սուրբ Սեղանը, և դուք, իբրև հավատացյալ ժողովուրդ՝ կոչված մասնակիցը լինելու և ճաշակելու մեզ հետ այս Սեղանից մատռվակվող և բաշխվող Տիրոջ Սուրբ Մարմինը և Արյունը։ Ամենքս լցված ենք ծննդյան ուրախությամբ և ցնծությամբ։ Ուրախ ենք և մխիթարված անչափ, քանզի այսօրվա ծնունդն առանձնահատուկ է, առանձնահատուկ է նրանով նաև, որ մենք, իբրև հրավիրյալներ, նվեր մատուցելու փոխարեն նվեր ենք ստանում։ Եվ այդ նվերը ամենաթանկն է ու անփոխարինելին է․․․»

    Ո՜վ Քրիստոս Փրկիչ, օրհնյա՛լ է Ծնունդը Քո, օրհնյա՛լ և փառավորյա՛լ  հայտնությունը Քո, անպակաս արա մեր սրտերից ու մտքերից ներկայությունը Քո, որպեսզի ավելի խորը զգանք Կամքը քո և ընդառաջ ելնենք երկրում խաղաղության և մարդկանց միջև համերաշխության Քո հրավերին»։

     

     

    Հայկական Կարիտասի հոգևոր խորհրդատու Տ․ Հովսեփ Գալստյանը ևս խոսեց Սուրբ Ծննդյան խորհրդի մասին՝ մասնավորապես անդրադառնալով այն հարցին, թե ինչ է նշանակում այն Հայկական Կարիտասի համար․

     

    «Ես ողջունում եմ Տ Գրիգորի այս նախաձեռնությունը, որ մեզ միասին  այստեղ այսօր հավաքեց։ Անհրաժեշտ է, որ ձեզ հետ մեր համերաշխությունը սերը արտահայտելու համար մենք միասնաբար աղոթենք և այսպիսի առիթները օգտագործեք և մեզ հետ ձեր միությունը ցույց տաք։․․․

    Իսկ ի՞նչ է նշանակում Սուրբ Ծննդյան խորհուրդը Կարիտասի համար, սրանից մենք պետք է վերցնենք մեզ համար շատ զորեղ խթան, խանդավառություն, ինչպես Պողոս առաքյալն է ասում «հոգով եռացեք», որովհետև  առանց հոգով եռալու՝ Կարիտասի աշխատանքը չի հասնի իր ճիշտ նպատակակետին, ․․․մենք միշտ պիտի մտածենք ավելիի մասին, որ հոգևոր իմաստը չխամրի ու չխունանա ձեր սոցիալական առաքելության մեջ»։

     

     

    Սուրբ Պատարագը՝ Հայկական Կարիտասի դիտավորությամբ մատուցեց Առաջնորդական տեղապահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը՝ առընթերակայությամբ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանի և Արժ․ Տ․ Նարեկ Քհն․ Թադևոսյանի։

    Հ․ Գառնիկը իր քարոզի ընթացքում ողջունեց և շնորհավորեց ներկաներին Սուրբ Ծննդյան առթիվ։  Հ․ Գառնիկը ներկայացնելով  Սուրբ Ծննդյան իր պատգամը, մասնավորապես նշեց հետևյալը․

     

    «Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,

    Թոյլ տուէք ի սրտէ շնորհաւորել ձեզ եւ ձեր ընտանիքներին գալիք Սուրբ Ծննդեան եւ Ամանորի կապակցութեամբ: Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան տօնի նախաշէմին աղօթական ոգով համախմբուած փառաբանում ենք նորածին Փրկչին, որպէսզի Նրա Սուրբ Ծննդեան ճշմարիտ լոյսը լուսաւորի բոլորիս հոգիները»:

     

     

    Պատարագի ընթացքում Արժ․ Տ․ Նարեկ Քհն․ Թադևոսյանը ընթերցեց Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Պատրիարքի նամակը ուղղված Հայկական Կարիտասի անձնակազմին․

     

    «Պատուական եղբայրներ եւ սիրեցեալ որդիներ ի Քիստոս,

    Դեռ լոյս աշխարհ չեկած՝ Քրիստոսը եւ Նրա երկրային ծնողները շատերի դռները բախեցին եւ մերժուեցին, մինչեւ որ օրրան գտան քարայրի մսուրի մէջ: Այն բոլոր չարչարանքները, զրկանքները եւ անտեսուածութիւնը, որ կրեց Քրիստոս՝ պատկերն է բոլոր նրանց, ովքեր այսօր չարչարւում են, տառապում, մերժւում եւ զրկւում իրենց ամենակարեւոր իրաւունքներից: Ուստի, մեր յորդորն է «Հայկական Կարիտասի» անձնակազմին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան լոյսը եւ դրանից ճառագող յոյսն ու ուրախութիւնը փոխանցել բոլոր նրանց, ովքեր ապրում են ծանր պայմաններում, քանզի, անգամ զրկանքի մէջ, Քրիստոս տուեց փրկութեան յոյսը եւ առաջնորդեց մեզ յաւիտենական կեանքի ճանապարհով: Եկէ՛ք վառ պահենք Սուրբ Ծննդեան լոյսը մեր բոլորի սրտերում եւ հոգիներում: Թո՛ղ որ մանուկ Յիսուսի սիրո ջերմութիւնը հալեցնի մեր սրտի սառոյցը, որպէսզի կարողանանք օգնութեան ձեռք մեկնել կարիքաւորին եւ տկարին, մխիթարենք տառապեալին՝ դարմանելով նրանց հոգու վէրքերը:

    Առանց Տիրոջ փրկարար լոյսի, աշխարհը մշտապէս կը մնար մեղքի խաւարում՝ դառնալով դրա գերին: Քրիստոս ծնուեց՝ անհաւատութեան մէջ նիրհող այս աշխարհի մեղքերի քաւութեան եւ հոգիների փրկութեան համար:

    Վստահեցնում եմ ձեզ, որ իմ անդադրում աղօթքներում էք բոլորդ: Հայցելով Ամենակալ Տիրոջ առատ երկնային շնորհները, հայրական սիրով մեր հայրապետական օրհնութիւնն ենք յղում ձեզ»:

     

     

     

    Սբ. Պատարագի ավարտին Տ․ Գրիգորն ընթերցեց իր հեղինակած Գոհաբանական աղոթքը, որն ավարտվում էր հետևյալ աղերսով․

     

    «Ո՛վ Տեր, տուր մեզ հույս, որ փորձության ժամին չվախենանք, ապրենք Քո կամքի համաձայն հիշելով, թե ով  համբերի իսպառ, նա կփրկվի։

    Հայցում ենք Աստվածածին Սուրբ Կույսի և բոլոր սրբերի բարեխոսությունը այս գալիք տարում, որպեսզի զորացած աստվածատուր շնորհներով՝ կարողանանք պահել և ապրել մեր հավատքը՝ սիրո և հույսի մեջ»։

     

    Սբ. Պատարագից հետո եկեղեցում ելույթ ունեցավ Փանիկի Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախումբը՝ Սուրբ Ծննդյան երգերի կատարմամբ:

     

     

     

     

    Հոդվածը պատրաստեց՝

    Անուշ Հարությունյանը

     

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments