• Հիսուսի ծնունդը տիեզերական, ընդհանրական իրադարձություն է, որ վերաբերում է բոլոր մարդկանց

    «Առանց խոնարհության մենք «հեռու» ենք Աստծուց, չենք կարող հասկանալ Նրան և ինքներս մեզ»


    Դեկտեմբերի 22-ի ընդհանուր ունկնդրությունը Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը նվիրեց Սուրբ Ծննդյան խորհրդին և պատգամին:

     

    Կեսարի հրամանը կատարելու համար, որի համաձայն ամեն ոք պետք է մասնակցեր մարդահամարին իր բնակավայրում, Հովսեփն ու Մարիամը Նազարեթից գնում են Բեթղեհեմ: Հենց այստեղ էլ ծնվում է Տիեզերքի Արարիչը.

     

    «Նա նույնիսկ ծնվելու տեղ չուներ, – ընդգծեց Նորին Սրբությունը: – Ըստ երևույթին, տեղի ունեցավ այն, ինչ ասել էր Հովհաննես Ավետարանիչը. «Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին» (1,11), և այն, ինչ հետագայում կասի Ինքը Հիսուսը. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի» (Ղկ. 9,58)»:

     

    Հրեշտակը Հիսուսի ծնունդն ավետեց խոնարհ հովիվներին, իսկ մոգերին ճանապարհը ցույց տվեց աստղը: Հրեշտակն Աստծո ավետաբերն է, իսկ աստղը հիշեցնում է մեզ, որ Աստված է ստեղծել լույսը, իսկ ծնված Մանուկը դառնալու է «աշխարհի լույսը»: Հովիվները խորհրդանշում են Իսրայելի աղքատներին, հասարակ մարդկանց, ովքեր գիտակցում են իրենց խեղճությունը և ամենքից շատ են ապավինում Աստծուն: Հենց այս մարդիկ առաջինը տեսան մարդեղացած Աստծո Որդուն, և այդ հանդիպումը խորապես փոխեց նրանց: Ավետարանը պատմում է, որ նրանք վերադարձան «փառաբանելով և օրհնելով Աստծուն այն ամենի համար, որ տեսել և լսել էին» (Ղկ. 2,20):

     

    Հիսուսի մոտ են գալիս նաև մոգերը, սակայն Ավետարանը մեզ ոչինչ չի ասում նրաց մասին. արդյոք նրանք թագավորներ էին, քանիսն էին և ինչ էր նրանց անունները: Մենք միայն գիտենք, որ նրանք ժամանել էին հեռավոր արևելյան երկրից։ Մոգերը ներկայացնում են հեթանոս ժողովուրդներին, հատկապես նրանց, ովքեր դարեր շարունակ փնտրել են Աստծուն: Նրանք նաև ներկայացնում են հարուստ և ազդեցիկ մարդկանց, սակայն միայն նրանց, ովքեր սեփականության ստրուկ և նյութապաշտ չեն:

     

    «Ավետարանի պատգամն հստակ է. Հիսուսի ծնունդը տիեզերական, ընդհանրական իրադարձություն է, որ վերաբերում է բոլոր մարդկանց»:

     

    Միայն խոնարհությունն է դեպի Աստված տանող ճանապարհը, որն անցնելիս արժևորում ես կյանքում ամենակարևորը, հասկանում նրա ամենախոր ճշմարտությունը և հասնում կյանքը կերտող ամենահուսալի հիմքին, որը կյանքն իմաստալից է դարձնում:

     

    «Միայն խոնարհությամբ ենք բացահայտում ճշմարտությունը,  իսկական ուրախությունը: Առանց խոնարհության մենք «հեռու» ենք Աստծուց, չենք կարող հասկանալ Նրան և ինքներս մեզ: Ըստ աշխարհիկ տրամաբանության, որքա՜ն էլ որ հզոր լինեն մոգերը, նրանք փոքրանում են, խոնարհվում, և հենց դրա համար էլ նրանց հաջողվում է գտնել Հիսուսին և ճանաչել Նրան։ Նրանք համաձայնվում են խոնարհաբար փնտրել, ճանապարհ ընկնել, խնդրել, ռիսկի դիմել, սխալվել»:

    Ամեն մարդ կանչված է իր սրտի խորքում Աստծուն փնտրելու համար, ասաց Սրբազան Քահանայապետը և կոչ արեց բոլորին իրենց հայացքներն ուղղել դեպի Բեթղեհեմի քարանձավն ու խոնարհվել Աստծո Որդուն, ով մարդեղացավ: Նորին Սրբությունն ասաց, որ ամենից առաջ կցանկանար այնտեղ հրավիրել ամենաաղքատներին, որոնց Պողոս VI անվանել է Քրիստոսի խորհուրդ՝ կոչ անելով բոլոր հավատացյալներին «հետևել նրանց, քանզի աղքատությունն Աստծո Արքայությունը ձեռք բերելու ամենահուսալի ճանապարհն է»։ Մենք բոլորս, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը, – պետք է խոնարհության շնորհ խնդրենք՝ աղոթելով, որ փառամոլ ու ինքնագոհ չլինենք, և մեզ տիեզերքի կենտրոնը չհամարենք:

     

    «Նա, ով խոնարհ չէ, իր առջև հորիզոն չունի և միայն հայելի է տեսնում, իսկ դրա մեջ ինքն իրեն»:

     

    Այնուհետև Նորին Սրբությունը ցանկանում է Բեթղեհեմի քարանձավ հրավիրել նրանց, ովքեր, ըստ իրեն, «անպատշաճ» աթեսիտներ են կոչվում, այսինքն այն մարդկանց, ովքեր չեն մտածում Աստծո մասին կամ նույնիսկ պայքարում են կրոնի դեմ։

     

    «Ես ցանկանում եմ նրանց համար կրկնել Վատիկանի Երկրորդ ժողովի պատգամը. ««Եկեղեցին հավատարիմ է մնում այն ​​փաստին, որ Աստծո ճանաչումը ոչ մի կերպ չի հակասում մարդու արժանապատվությանը, քանի որ այդ արժանապատվությունը հիմնվում և ավարտվում է հենց Աստծո մեջ։ <…> Եկեղեցին հստակ գիտակցում է, որ իր պատգամը համահունչ է մարդկային սրտի խորագույն ձգտումներին» (GS 21):

     

    Երկրպագելով Մանուկին` մենք տուն կվերադառնանք հրեշտակի մաղթանքով. «Երկրի վրա խաղաղություն այն մարդկանց, ում Նա սիրում է»:

     

    «Սա է մեր ուրախության պատճառը. մենք սիրված ենք, մեզ փնտրել են, Տերը փնտրում է մեզ, որ գտնի և էլ ավելի շատ սիրի։ <…> Այս սերն ունի անուն և դեմք, որն է Հիսուս, Ով մեր ուրախության աղբյուրն է»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց


Recent Comments