• Հավատքը պետք է դրսևորվի կոնկրետ գործերով

    «Տերը մոտ է»


    Հինանց երրորդ կիրակիի Ավետարանում ներկայացված են մարդկանց տարբեր խմբեր՝ ամբոխ, մաքսավորներ, զինվորներ, և նրանք բոլորը, Հովհաննես Մկրտչի քարոզչությամբ ոգևորված, հարցնում են. «Իսկ արդ, ի՞նչ պիտի անենք» (Ղկ. 3, 10): Սրբազան Քահանայապետը կոչ արեց մտածել այդ մասին.

     

    «Դա պարտքի զգացումից բխող ցանկություն չէ, այլ սրտի փափագ է, որին դիպչել է Տերը և որը խանդավառվել է Նրա գալստյամբ, ահա թե ինչ է նրանց դրդում հարցնել. «Ի՞նչ պիտի է անենք»: «Տերը մոտ է», – ասում է Հովհաննեսը: «Ի՞նչ պիտի է անենք», – հարցնում են նրանք: Եկե՛ք պատկերացնենք, որ մեզ մոտ սիրելի, թանկագին մարդ պետք է գա: Մենք նրան սպասում ենք ուրախությամբ և նույնիսկ անհամբերությամբ։ Երկար սպասված հյուրին դիմավորելու համար մենք ինչպես հարկն է մաքրում ենք տունը, պատրաստում ենք  լավագույն ընթրիքը, նվեր ենք ընտրում… Մի խոսքով, մենք սկսում ենք գործել։ Նույնը տեղի է ունենում Տիրոջ դեպքում: Նրա Սբ. Ծննդյան նախապատրաստության խանդավառությունը ստիպում է մեզ հարցնել. ի՞նչ անենք։ Սակայն Աստված այս հարցը ավելի բարձր մակարդակի է հասցնում. Ես ի՞նչ պետք է անեմ իմ կյանքի հետ: Ինչի՞ համար եմ կանչված: Ի՞նչն է ինձ առաջ մղում»:

     

    Այս հարցով Ավետարանը մեզ հիշեցնում է մի կարևոր բան, որ այս կյանքում յուրաքանչյուրն իր խնդիրն ունի։

     

    «Կյանքն անիմաստ չէ և ամենևին էլ կախված չէ պատահականությունից։ Մեզ նվիրելով այդ պարգևը՝ Տերն ասում է. ճանաչիր ինքդ քեզ և աշխատիր կյանքիդ երազանքն իրականացնելու համար: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր առաքելությունը, որը պետք է կատարի: Ուրեմն եկե՛ք չվախենանք Տիրոջը հարցնել. ի՞նչ պիտի անեմ։ Այս հարցը կրկնվում է նաև Աստվածաշնչում: Գործք Առաքելոց գրքում մի քանիսը լսելով Պետրոսի հռչակումը Հիսուսի հարության մասին, «զղջացին իրենց սրտերում և ասացին Պետրոսին և մյուս առաքյալներին. Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր» (2, 37): Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ. մենք ի՞նչ կարող ենք անել մեզ և մեր եղբայրների ու քույրերի համար: Մենք ինչպե՞ս կարող ենք նպաստել Եկեղեցու և հասարակության բարօրությանն ու բարգավաճմանը: Հինանց այս ժամանակը նախատեսված է հենց դրա համար. կանգ առել և հարցնել ինքդ քեզ, թե ինչպես պատրաստվել Սուրբ Ծննդին: Մենք զբաղված ենք նախապատրաստություններով, նվերներ գնելով և աննշան մանրուքներով։ Սակայն եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե ինչ պետք է անենք Հիսուսի և ուրիշների համար: Մենք ի՞նչ պիտի անենք»։

     

    «Մենք ի՞նչ պիտի անենք» հարցին՝ յուրաքանչյուր խմբի համար առանձին, պատասխանում է Հովհաննես Մկրտչը, շարունակեց Նորին Սրբությունը. ով երկու զգեսը ունի, մեկը թող տա նրան, որ չունի, հարկահավաքներին ասում է. «Ձեզ հրամայվածներից ավելին մի՛ վերցրեք» (Ղկ. 3, 13), իսկ զինվորներին ասում է. «Ոչ ոքի մի՛ նեղեք, ոչ ոքի մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկը թող ձեզ բավարար լինի» (տես Ղկ. 3,14): Նա կոնկրետ խոսքերով դիմում է ամեն մեկին՝ իր իրական կյանքի իրավիճակին համապատասխան։ Սա մի արժեքավոր դաս է մեզ համար. հավատքը մարմնավորվում է կոնկրետ կյանքում։ Եվ սա վերացական տեսություն չէ։ Հավատքն ամենևին էլ ինչ-որ վերացական կամ ընդհանրացված տեսություն չէ: Հավատքը շոշափում է կեցության նյութական կողմը և փոխակերպում մեզանից յուրաքանչյուրի կյանքը: Եկե՛ք խորհենք, թե որքան կոնկրետ է մեր հավատքը. արդյո՞ք մենք ապրում ենք մեր հավատքով՝ ծառայելով ուրիշներին, օգնելով կարիքավորներին, – կոչ արեց Սրբազան Քահանայապետը:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կրկին հորդորեց մտածել, թե հատկապես ինչ կարելի է անել այս օրերին. «Զանգահարել միայնակ մարդու, այցելել որևէ տարեց կամ հիվանդ մարդու, ինչ-որ բան անել աղքատ, կարիքավոր մարդու համար: Այս ամենն օգնում է ավելի լավ նախապատրաստվել Սուրբ Ծննդին: Ավելին, գուցե անհրաժեշտ լինի ներողություն խնդրել ինչ-որ մեկից, կամ, ընդհակառակը, ներել, պարզաբանել իրավիճակը, մարել պարտքը: Գուցե մենք անտեսել ենք աղոթքը և հիմա ժամանակն է Տիրոջից ներողություն խնդրել դրա համար: Եղբայրնե՜ր և քույրե՜ր, եկե՛ք կոնկրետ ինչ-որ բան անենք: Եվ թո՛ղ մեզ օգնի Սուրբ Կույս Մարիամը, Ում արգանդում մարմնավորվեց Աստված»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments