Ստեղծարար տեխնոլոգիաների օգնությամբ՝ դեպի նոր սոցիալ-կրթական ձեռքբերումներ
Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ` Հյուսիսային Հայաստանում» (Parish Social Ministries in Northern Armenia) ծրագրի շրջանակներում Աշոցքի ԾՀԽ-ի հոգևոր հովիվ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի և երիտասարդների նախաձեռնությամբ 2021թ. հոկտեմբերից սկսվեց մի կրթական ծրագիր՝ Գյումրիի ԹՈՒՄՈ՝ Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ միասին: Աշոցքի չորս համայնքներից (Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա, Սիզավետ) 12-17 տարեկան 46 երեխաներ և պատանիներ անվճար կրթություն են ստանում ԹՈՒՄՈ կենտրոնում, որտեղ նրանք հնարավորություն ունեն մասնագիտանալու 14 ամենատարբեր և շատ հետաքրքիր նորարարական ոլորտներում՝ ծրագրավորում, անիմացիա, լուսանկարչություն, թվային երգարվեստ, ռեժիսուրա, ռոբոտաշինություն և այլն՝ ոչ ֆորմալ և արտասովոր մեթոդներով, որոնք տալիս են ռեսուրսների լայն բազա՝ ինքնազարգացման և ստեղծագործական մտածողության զարգացման համար: Ուսանողների համար այս կենտրոնում դասընթացներ են կազմակերպում աշխարհի լավագույն ընկերությունների մասնագետները:
Գյուղերից շաբաթական առայժմ մեկ անգամ դեպի ԹՈՒՄՈ կենտրոն մեր ուսանողների տեղափոխությունը հոգում է Հայկական Կարիտասը՝ «Ծխական հասարակական խորհուրդներ» ծրագրի միջոցով: Նախատեսում ենք հետագայում ընդլայնել ԹՈՒՄՈ կենտրոնի հետ մեր համատեղ աշխատանքի հեռանկարները՝ զարգացողական այլ դասընթացների կազմակերպման, ինչպես նաև այս ծրագրում ընդգրկված մյուս գյուղերի պատանիներին ևս այս ոլորտում անվճար կրթություն ստանալու հնարավորություն ստեղծելու նպատակով:
Երկու ամիս անց ծրագրին միացան նաև մոտ 100 պատանիներ՝ Փանիկ, Արևիկ և Լանջիկ համայնքներից՝ Հայկական Կարիտասի ԾՀԽ ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանի նախաձեռնությամբ և համայնքների հոգևոր հովիվների՝ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի և Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանի սիրահոժար և ջերմ աջակցությամբ:
Աղբյուր՝ Հայկական Կարիտասի ՖԲ էջ
#ParishSocialMinistriesAshotsk