«Անպիտան ծառա եմ, ինչ որ պարտական էի կատարելու, այն արեցի, աշխատում եմ ամեն ինչ կատարել այն հավատարմությամբ, որ Դու ինձանից սպասում ես»
2021թ. դեկտեմբերի 1-ին Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը Սուրբ Պատարագ մատուցեց Թբիլիսիի Սուրբ Պետրոս Պողոս եկեղեցում՝ առընթերակայությամբ Հայաստանի Առաջնորդական Տեղապահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի, Թբիլիսիի հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանի և Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի: Հայրապետական Սուրբ Պատարագին մասնակցում էին Թբիլիսիի հայ համայնքի անդամներ և Վրաստանի Կարիտասի ամբողջ անձնակազմը՝ տնօրեն Անահիտ Մխոյանի գլխավորությամբ:
Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքն իր քարոզի սկզբում գոհունակություն հայտնեց առ այն, որ գտնվում է Թբիլիսիում և Սուրբ Պատարագ է մատուցում հայ հավատացյալների և Վրաստանի Կարիտասի համար:
«Ինձ համար շատ կարևոր է, որ միասին հավաքվենք եկեղեցում և քաղենք մի վարդ, որ Քրիստոսի Խոսքն է և կյանքի օրինակը: Գիտեք, որ Քրիստոս հաճախ էր խոսում ժողովրդի և իր աշակերտների հետ և զգուշացնում էր նրանց, որ կան մարդիկ, ովքեր ունեն ականջ, բայց չեն լսում: Նա միշտ իր օրինակով բացատրում է, թե որն է Աստծո կամքը: Այսօրվա Ավետարանի խոսքերում ամենատպավորիչը հավատարիմ ծառայի մասին խոսքերն են, երբ օրինակ է տալիս, թե տանտերը ինչքա՜ն է տվել իր ծառաներին և թե ծառաները որքան երախտամոռ ձևով են ապրում: Եթե ծառան հավատարիմ լիներ և կատարած լիներ իր պարտականությունները, Տերն ինքը կգար և կծառայեր իր ծառային: Այս խոսքը մեզ վրա ենք վերցնում. մենք, որ հավատացինք Քրիստոսին և ուզում ենք իր տան մատակարարությունը կատարել՝ այն ծառայի նման, որ վերցնում է տանտիրոջից այդ պարտականությունը և դառնում է տանտերը, բայց նրանից ակնկալվում է հավատարմություն: Քանի որ հանձն առանք հետևել Իրեն, մեզանից խնդրվում է այդ հավատարմությունը, ամեն մեկն՝ իր կոչման համաձայն, ես՝ որպես հոգևորական, ուրիշները՝ որպես հայրեր կամ մայրեր, կամ ուրիշ պարտականությունների տեր, յուրաքանչյուրս մեկ պարտականություն ունենք, որ պետք է կատարենք Քրիստոսին հավատարմությամբ: Հետևաբար, հոգ չէ, որ եթե մեկի պարտականությունը փոքր է, մյուսինը՝ մեծ. բայց որին որ քիչ է տված, քիչ պետք է պահանջվի, իսկ ում՝ շատ, շատ կպահանջվի:
Ես ուզում եմ այս Սուրբ Խորանի դիմաց բոլորիդ համար միասին մատուցենք այս Սուրբ Պատարագը՝ խնդրելով յուրաքանչյուրի համար՝ ըստ ուրույն կոչման՝ Հիսուսին ասելով. «Անպիտան ծառա եմ, ինչ որ պարտական էի կատարելու, այն արեցի, աշխատում եմ ամեն ինչ կատարել այն հավատարմությամբ, որ Դու ինձանից սպասում ես»: Եվ երբ այս աղոթքը ասում ենք Հիսուսին, հիշե՛նք, որ եկեղեցուց դուրս գալիս՝ այս ամենը մեզ հետ տանենք, որպեսզի վկայենք նաև ուրիշներին Քրիստոսի հանդեպ մեր հավատարմությունը: Ես վստահ եմ, որ այսպես ապրելով՝ Աստծո օրհնությունը անպայման լինելու է մեզ վրա՝ այնքան որքան որ մեր պարտականությունները կատարենք՝ սիրո մեջ միացած Քրիստոսի հետ.ամեն»:
Սբ. Պատարագի ավարտին Հոգևոր Տերն իր հայրական օրհնությունը շնորհեց հավատացյալ ժողովրդին:
Տեղեկությունը տրամադրեց՝ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյան
Տ. Հովսեփ Գալստյան