• Սբ. Հովսեփը՝ հարաբերությունների պահապան

    «Սուրբ Հովսե՜փ, Եղի՛ր ընկեր բոլոր նրանց համար, ովքեր ամենից շատ են տառապում, և ինչպես Մարիամին ու Հիսուսին օգնեցիր դժվար պահերին, այնպես էլ մեզ օգնիր մեր ճանապարհին: Ամեն»


    Նոյեմբերի 24-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կրկին խոսեց Սբ. Հովսեփի՝ Հիսուսի, Մարիամի և Եկեղեցու պահապանի մասին:

     

    Ավետարաններում Հիսուսին անվանում են «Հովսեփի որդի» կամ «հյուսնի որդի», ընդգծեց Նորին Սրբությունը: Մատթեոս և Ղուկաս ավետարանիչները հատուկ շեշտում են Հովսեփի դերը. նրանք կազմում են «ազգաբանությունը»: Մատթեոսը Հիսուսի ազգաբանությունը սկսում է հրեա քրիստոնյաներից՝ Աբրահամից մինչև Հովսեփ. «Մարիամի մարդուն, Որից ծնվեց Հիսուս, որ անվանվեց Քրիստոս» (Մտթ. 1,16): Սակայն Ղուկասը սկսում է Հիսուսից, վերադառնում է դեպի Ադամը և նշում, որ Հիսուսը «ինչպես կարծում էին, Որդին էր Հովսեփի» (Ղկ. 3, 23): Այսպիսով, երկու ավետարանիչներն էլ Հովսեփին ներկայացնում են որպես Հիսուսի լիիրավ հայր, այլ ոչ թե որպես Հիսուսի կենսաբանական հայր: Հովսեփի միջոցով է ավարտվում Աստծո և մարդու միջև անցնող Ուխտի և փրկության պատմությունը:

     

    Առաջին հայացքից Հովսեփի կերպարն Ավետարանում առաջնային չէ, բայց այնուամենայնիվ Նա կարևոր դեր ունի փրկության պատմության մեջ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը։ Մեզանից յուրաքանչյուրի կյանքում նույնպես կան ամենասովորական մարդիկ, ովքեր հաճախ աննկատելի են, որոնց անունները չեն հայտնվում թերթերի վերնագրերում։ Հովսեփի մեջ մենք տեսնում ենք «ամենօրյա, աննկատելի և թաքուն ներկայություն», և Նա հիշեցնում է մեզ, որ նրանք, ովքեր թվում են աննկատելի կամ երկրորդական, անգնահատելի դեր են խաղում փրկության պատմության մեջ:

     

    Այնուհետև Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հովսեփը Հիսուսի և Մարիամի, ինչպես նաև Եկեղեցու պահապանն է, չէ որ Եկեղեցին Հիսուսի մարմնի շարունակությունն է պատմության մեջ, իսկ Եկեղեցու մայրությունն արտացոլում է Մարիամի մայրությունը: Որպես պահապան՝ Հովսեփի կերպարը հզոր պատասխան է Ծննդոց Գրքում նկարագրվածին. երբ Աստված հարցնում է Կայենին, թե ուր է նրա եղբայր Աբելը, ստանում է հետևյալ պատասխանը. «Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»: Հովսեփն իր կյանքով կարծես ուզում է մեզ ասել, որ մենք կանչված ենք միշտ լինելու մեր եղբայրների պահապանները: Ուստի մեր աշխարհում մարդկանց միջև կապերը շատ կարևոր են, քանզի այդ կապերի բացակայությունը մեր հասարակությունը դարձրել է «հոսուն» և նույնիսկ «գազանման», ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Մեր աշխարհ գալու համար Աստված ընտրեց ընտանեկան կապերի ճանապարհը. Նա կախարդական ճանապարհով չիջավ երկնքից, այլ պատմության մեջ քայլեց այն նույն ճանապարհով, ինչ մենք բոլորս:

     

    Նորին Սրբությունն ընդհանուր ունկնդրությունն ավարտեց Սբ. Հովսեփին ուղղված աղոթքով`այս անգամ այն նվիրելով մարդկանց, ովքեր իրենց միայնակ են զգում կարևոր իմաստալից կապերի և մարդկային հարաբերությունների բացակայության պատճառով.

     

    «Սուրբ Հովսե՜փ, Դու՛, որ պահպանեցիր Մարիամի և Հիսուսի կապը, օգնի՛ր մեզ հոգ տանել մեր կյանքում ունեցած հարաբերությունների մասին: Թո՛ղ ոչ ոք չզգա լքվածության զգացումը, որը գալիս է միայնությունից: Թո՛ղ մեզանից յուրաքանչյուրը հաշտվի իր պատմության հետ, նրանց հետ, ովքեր նախորդել են մեզ, թո՛ղ կատարած սխալները դիտի որպես միջոց, որի օգնությամբ Նախախնամությունը հարթեց իր ճանապարհը, իսկ չարը չուներ վերջին խոսքը: Եղի՛ր ընկեր բոլոր նրանց համար, ովքեր ամենից շատ են տառապում, և ինչպես Մարիամին ու Հիսուսին օգնեցիր դժվար պահերին, այնպես էլ մեզ օգնիր մեր ճանապարհին: Ամեն»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments