Սբ. Գրիգոր Նարեկացին կհռչակուի Կաթողիկէ «Եկեղեցու վարդապետ». Հայ Կաթողիկէ Եկեղեցու նուիրապետութեան ջանքերի պտուղը
Ինչպէս յայտնում է Radio Vatican-ը, Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը փետրուարի 21-ին Սրբերի գործերով հաստատութեան ղեկավար կարդինալ Անջելո Ամատոյի հետ հանդիպման ժամանակ վավերացրել է հաստատութեան համագումարի որոշումը՝ Սբ. Գրիգոր Նարեկացուն հռչակել Կաթողիկէ կամ, որ նույն է, Ընդհանրական Եկեղեցու Վարդապետ (Doctor Ecclesiae): Առայժմ յայտնի չէ, թէ երբ կլինի պաշտոնական եւ հանդիսաւոր հռչակումը, բայց անկասկած դա լինելու է պատմական մեծ իրադարձութիւն՝ ի յարգանս Հայ Եկեղեցու եւ ի գնահատումն հայազգի մեծ խորհրդաբան աստուածաբան սրբի վիթխարի հոգեւոր ժառանգութեան եւ ազդեցութեան ոչ միայն Հայ Եկեղեցու, այլեւ Ընդհանրական Եկեղեցու կեանքում: Չի բացառւում, որ պաշտոնական հռչակումը կապուած լինի 2015թ.ապրիլի 12-ին Հռոմի Սբ. Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանութեան զոհերի համար Սբ. Պատարագի մատուցման պատմական իրադարձութեան հետ:
10-րդ դարում ապրած այս հայ սրբի ստեղծագործութիւնները ծանոթ են ամբողջ աշխարհում.«Մատեան ողբերգութեան» ստեղծագործութիւնը թարգմանուել է 30 լեզուներով: Ինքը՝ Նարեկացին, իր այդ գիրքը համարել է աղօթագիրք բոլոր ազգերի համար: Նրա լայնախոհ, Քրիստոսի ճշմարիտ աշակերտին պատշաճ մտածողութիւնը եւ հաւատքի ապրումը յիրավի կաթողիկէ էր՝ միշտ հաւատարիմ Ընդհանրական Եկեղեցու ուղղադաւան վարդապետութեանը, առանց հատուածականութեան կամ անջատողականութեան հակումների, ինչպէս իր հայրը՝ նշանաւոր Խոսրով Անձևացին եւ շատ այլ հայ սուրբ վարդապետներ եւ անուանի հայրապետներ: Նարեկացու ընդհանրական վաստակի մասին Սրբազան Քահանայապետը կխոսի նրան պաշտոնապես «Եկեղեցու վարդապետ» տիտղոսը շնորհելու ժամանակ:
Պետք է ընդգծել, որ Սբ. Գրիգոր Նարեկացուն այդ կարեւոր տիտղոսը շնորհելու գործում մեծ ներդրում ունի Հայ Կաթողիկէ Եկեղեցու նուիրապետութիւնը՝ ի դէմս Հոգեւոր Տիրոջ՝ Ամենապատիվ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Պատրիարքի եւ հայ կաթողիկէ եպիսկոպոսների Սինոդի, ովքեր այս ուղղութեամբ աշխատել են բավական երկար ժամանակ՝ 10 տարուց աւելի, թեեւ այս մասին ամէնեւին չի թմբկահարուել: Հայ Կաթողիկէ Եկեղեցու ջանքերով Հռոմում եւ Լիբանանում գումարուել են գիտաժողովներ, որտեղ ներկայացուել է Նարեկացու հոգեւոր մեծ աւանդը եւ դերը Կաթողիկէ Եկեղեցում, իսկ անցյալ տարի Ամենապատիւ Հոգեւոր Տէրը հատուկ նամակով դիմել է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին՝ Սբ. Գրիգոր Նարեկացուն այդ տիտղոսը շնորհելու խնդրանքով, քանի որ իր իսկ նախաձեռնութեամբ սրբի գործը արդեն տարիներ շարունակ ուսումնասիրւում է Սրբերի գործերի հաստատութեան եպիսկոպոսների կողմից: Ի դէպ, 2015թ. ապրիլի 12-ին Հռոմում Սբ. Պատարագի մատուցումը եւս Ամենապատիւ Հոգեւոր Տիրոջ նախաձեռնութեան ու աշխատանքի պտուղն է եւ, իհարկե, Սրբազան Քահանայապետի բարի կամքին համապատասխան:
«Եկեղեցու վարդապետ» տիտղոս շնորհելը Կաթողիկէ Եկեղեցում բաւական բարդ եւ ժամանակատար գործընթաց է, որը չի կարող լինել մեկ-երկու ամսուա որոշում: Հարկ է հետեւողական աշխատանքով եւ համոզիչ փաստարկներով Սրբերի գործերի հաստատութեան անդամ եպիսկոպոսների համար անվիճելի դարձնել որևէ անձի մեծ հոգևոր վաստակը ամբողջ Կաթողիկէ Եկեղեցու կեանքում՝ հիմնաւորելով պատմական փաստերով, հոգեւոր ժառանգութեան պատշաճ մատուցմամբ, քարոզութեամբ, ջատագովութեամբ: Այս ամէնն, իհարկե, առանց Սուրբ Հոգու օժանդակութեան եւ տքնաջան աշխատանքի անել հնարաւոր չէ: «Doctor Ecclesiae» տիտղոսը շնորհելու համար Կաթողիկէ Եկեղեցին պահանջում է երեք հիմնական նախադրեալ՝ eminens doctrina՝ գերազանց ուսմունք, insignis vitae sanctitas՝ արտասովոր սրբակեցութիւն, Ecclesiae declaratio՝ հռչակում Եկեղեցու կողմից: Սրբերի գործերի հաստատութիւնը նախ մանրակրկիտ ուսումնասիրում է իրեն առաջարկուած անձի հոգեւոր վաստակը, գնահատում նրա հոգեւոր ժառանգութեան արժէքը Եկեղեցու աստվածաբանութեան, խորհրդաբանութեան զարգացման համատեքստում եւ ապա, որոշում կայացնում այդ տիտղոսին համապատասխան լինելու մասին ու իր որոշումը ներկայացնում Սրբազան Քահանայապետի վավերացմանը: Քահանայապետը իր հերթին ուսումնասիրում է հաստատութեան որոշման հիմքերը եւ վավերացնում կամ մերժում այն: Կաթողիկէ Եկեղեցու կողմից այդ տիտղոսին արժանացած անձինք շատ տարբեր են իրենց կեանքով, դիրքով եւ մտածողութեամբ, բայց բոլորն էլ հաւատարիմ են կաթողիկէ ուղղդաւանութեանը: Ի տարբերութիւն Կաթողիկէ Եկեղեցում պաշտոնապէս հռչակուած սրբերի մեծ թուի (800-ից ավելի), «Եկեղեցու վարդապետ» տիտղոսը շնորհվել է ընդհամէնը 36-ին: Նրանցից են Սբ. Օգոստինոսը, Սբ. Հիերոնիմոսը, Սբ. Ամբրոսիոս Միլանացին, Սբ. Հովհան Ոսկեբերանը, Սբ. Բարսեղ Կեսարացին, Սբ. Աթանաս Ալեքսանդրացին, Սբ. Թովմաս Աքուինացին, Սբ. Բոնաւենտուրան եւ այլ աստուածաբաններ, խորհրդաբաններ (միստիկներ): 31-ը այդ տիտղոսին են արժանացել մինչեւ 20-րդ դարը եւ բոլորը արական սեռի ներկայացուցիչներ: 20-րդ դարում Եկեղեցու վարդապետների շարքը դասուեցին իգական սեռի 4 երեւելի աստուածաբան միանձնուհիներ՝ Սբ. Թէրեզա Աւիլացին (1515-1582թթ.), Սբ. Քաթրին Սիենացին (1347-1380թթ.), Սբ. Թէրեզան Լիզիոյից (1873-1897թթ.) եւ Սբ. Հիլդեգարդ Բինգենցին (1098-1179թթ.): Վերջինը հռչակուել է Սբ. Հիլդեգարդը՝ 2012թ.: