• Քրիստոսի հետ միասին մենք գտնում ենք մեր ինքնությունը

    «Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ. արդյո՞ք մենք նման ենք Հիսուսին: Արդյո՞ք մենք փորձում ենք զսպել անընդհատ ուշադրության կենտրոնում լինելու և շրջապատի մարդկանց հավանությունը ստանալու մեր ձգտումները, թե՞ հաճույքով անում ենք ամեն ինչ՝ ուրիշների գնահատանքին արժանանալու համար»


    Նոյեմբերի 21-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ Տիեզերքի Թագավորի տոնին նվիրված հանդիսավոր Սուրբ Պատարագից հետո՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կարդաց «Հրեշտակ Տեառն» աղոթքը:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ ծիսական տարվա վերջին կիրակիի ավետարանական ընթերցումը Հովհաննեսի Ավետարանից է, որն  ավարտվում է Հիսուսի հետևյալ խոսքերով. «Ես Թագավոր եմ» (Տես՝ Հվհ. 18, 37): Նա այդ խոսքերն ասում է Պիղատոսին, այնինչ ամբոխը աղաղակում է նրան մահվան դատապարտելու համար: Նա ասում է. «Ես Թագավոր եմ», իսկ ամբոխը բղավում է, որպեսզի Նրան մահվան դատապարտեն. ինչպիսի՜ ապշեցուցիչ հակադրություն: Ահա՜ հասել է վճռական ժամը: Ավելի վաղ, թվում էր, թե Հիսուս չէր ցանկանում, որ ժողովուրդն Իրեն թագավոր հռչակեր. հիշե՛ք հացի և ձկան բազմացումից հետո՝ Նա հեռացավ միայնակ աղոթելու համար (տես՝ Հվհ. 6,14-15), հիշեցրեց Սրբազան Քահանայապետն ու պարզաբանեց. բանն այն է, որ Հիսուսի թագավորությունը ոչ մի կապ չունի աշխարհիկ պատկերացումների հետ, թե ինչպիսին պետք է լինի թագավորը: «Իմ թագավորությունը այս աշխարհից չէ», – Հիսուսն ասում է Պիղատոսին (Հվհ. 18, 36): Հիսուս չի եկել իշխելու, Նա եկել է ծառայելու համար։ Նա Ինքն Իրեն բացահայտում է ոչ թե զորության նշաններով, այլ նշանների զորությամբ: Նա զգեստավորված չէ թանկարժեք տարբերանշաններով, այլ գամված է Խաչին՝ «Հիսուս թագավոր» մակագրության տակ (տես՝ Հվհ. 19,19): Իսկապես, Նրա թագավորությունը այս աշխարհից չէ , քանզի Նա նման չէ թագավորի, և միևնույն ժամանակ Նա թագավոր է բոլորի համար, պարզաբանեց Նորին Սրբությունը: Պիղատոսի առջև Իրեն թագավոր հռչակելով և մերժելով ամբոխի փառաբանությունն ու թագավոր դարձնելու ցանկությունը՝ Հիսուս ցույց է տալիս, որ Նա ազատ է երկրային փառքերից և ցանկություններից: «Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ. արդյո՞ք մենք նման ենք Հիսուսին: Արդյո՞ք մենք փորձում ենք զսպել անընդհատ ուշադրության կենտրոնում լինելու և շրջապատի մարդկանց հավանությունը ստանալու մեր ձգտումները, թե՞ հաճույքով անում ենք ամեն ինչ՝ ուրիշների գնահատանքին արժանանալու համար: Հարցնե՛նք ինքներս մեզ. ի՞նչն է մեզ համար կարևոր՝ ուրիշների հավանությունը, թե՞ ծառայությունը, հատկապես մեր քրիստոնեական պարտականությունները կատարելիս»:

     

    Հիսուս ոչ միայն խուսափում է երկրային փառքից, այլ նաև ազատում և անկախ է դարձնում բոլոր նրանց սրտերը, ովքեր հետևում են Իրեն, շարունակեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Նրա Թագավորության էությունը ազատությունն է և այնտեղ ոչ մի  ճնշող բան չկա։ Նա ամեն մի աշակերտի վերաբերվում է որպես ընկերոջ, այլ ոչ թե որպես հպատակի: Չնայած Քրիստոս վեր է բոլոր թագավորներից, սակայն Նա Ինքն Իրեն չի առանձնացնում ուրիշներից, այլ ցանկանում է, որ մենք դառնանք Իր եղբայրները, որոնց հետ Նա կկիսի Իր ուրախությունը (տես՝ Հվհ. 15, 11): Նրան հետևելով՝ մենք ոչինչ չենք կորցնում, այլ ձեռք ենք բերում արժանապատվություն, քանի որ Քրիստոս ցանկանում է Իր կողքին տեսնել ոչ թե ստրուկների, այլ՝ ազատ մարդկանց։ Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ. որտեղի՞ց է գալիս Հիսուսի ազատությունը։ Հիսուսի ազատությունը գալիս է ճշմարտությունից: Հենց Նրա ճշմարտությունն է, որ մեզ ազատ է դարձնում (տես՝ Հվհ. 8, 32): Հիսուսի ճշմարտությունը գաղափար չէ, վերացականություն չէ: Հիսուսի ճշմարտությունը իրականություն է, Նա Ի՛նքն է արարում այդ ճշմարտությունը մեր մեջ, Նա ազատում է մեզ կեղծավորությունից և երկիմաստությունից: Քրիստոնեական կյանքը ներկայացում չէ, որտեղ կարելի է դերին համապատասխան դիմակ կրել: Երբ Հիսուս թագավորում է մեր սրտերում, Նա ազատում է այդ կեղծավորությունից, խաբեությունից, խարդախությունից: Ամենալավ ապացույցը, որ Քրիստոսը մեր Թագավորն է, դա հեռու մնալն է այն ամենից, ինչն աղտոտում է կյանքը, դարձնում այն ​​երկիմաստ, պղտոր, տխուր: Շատ ցավալի է, երբ մարդն իր կյանքում չի կողմնորոշվում, թե ում հետ է. մի քիչ այստեղ է, մի քիչ այնտեղ է: Իհարկե, մենք միշտ պետք է հաշվի նստենք մեր սահմանափակումների և թերությունների հետ, քանզի մենք բոլորս մեղավոր ենք: Սակայն Հիսուսով ապրելիս՝ մենք չենք ապականվում, չենք դառնում խաբեբա, չենք թաքցնում ճշմարտությունը, երկակի կյանքով չենք ապրում։ Հիշե՛ք. այո՛, մենք բոլորս մեղավոր ենք, սակայն ոչ մի դեպքում անհույս վիճակում չենք: Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ ամեն օր փնտրել Տիեզերքի Թագավոր Հիսուսի ճշմարտությունը, Ով ազատում է մեզ երկրային ստրկությունից և սովորեցնում իշխել մեր արատների վրա»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց