• Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի հանդիպումները Փարիզում

    Ռաֆայել Պետրոս ԻԱ պիտի այցելի նաև Ֆրանսիայի Ծերակույտը և Ազգային Ժողովը, պիտի հանդիպի Փարիզի Հայ Կաթողիկէ համայնքի անդամների հետ


    Արևելքի քրիստոնյաների ծառայությանը նվիրված «Œuvre d’Orient»-ի հրավերով Ֆրանսիայում գտնվող Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքն ավարտեց է իր  հանդիպումները Մարսելում և նոյեմբերի 22-ի առավոտյան այցելեց Փարիզ: Փարիզի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ Արհ. Եղիա Եպիսկոպոս Եղիայեանի, Լիբանանից ժամանած Բեյրութի Պատրիարքական Հայ Կաթողիկէ թեմի օգնական եպիսկոպոս՝ Գերպծ․ Գևորգ Ասատուրյանի, Տ. Կարապետ Քհն. Թադևոսյանի ընկերակցությամբ այցելեց Փարիզի Հայ Առաքելական Եկեղեցու Սուրբ Հովհաննու Կարապետի Աթոռանիստ Եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու տեղապահ՝ Հայր Կոմիտաս Հովնանյանի հետ։

     

    Ամենապատիվ Հոգևոր Տերն այցելեց նաև Փարիզում գործող Լիբանանի դեսպանատուն, որտեղ հանդիպեց Լիբանանի դեսպանի հետ և շնորհավորեց 1943թ. նոյեմբերի 22-ին  ձեռք բերված Լիբանանի անկախության տոնը, ապա իրեն ընկերակցող պատվիրակության անդամների և «Œuvre d’Orient»-ի ընդհանուր տնօրեն՝ Գերապայծառ Փասքալ Կոլնիշինի հետ միասին մասնակցեց Հայ Կաթողիկէ առաջնորդարանում իր պատվին մատուցվող սիրո ճաշին։

    Նոյեմբերի 22-ին Փարիզում նախատեսված է Ամենապատիվ Կաթողիկոս Պատրիարքի հանդիպումը Ֆրանսիայի մայրաքաղաքի վիճակավոր՝ Արհ․ Միշել Արքեպս․ Օփըդի հետ:

     

    Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Հայրապետի հաջորդ օրերի հայտագիրը նախատեսում է այցելություն «Œuvre d’Orient»-ի Փարիզի գրասենյակ, հանդիպում Ֆրանսիայի կաթողիկէ եպիսկոպոսների համահավաք դասի նախագահ՝ Գերպծ․ Էրիք Եպս.Տը Մուլէն-Պոֆորի հետ, ապա այցելություն և հանդիպում Ֆրանսիայի Վերին Պալատում, որտեղ նախատեսված է նաև Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ ելույթը։

     

    Ռաֆայել Պետրոս ԻԱ պիտի այցելի նաև Ֆրանսիայի Ազգային Ժողով, որտեղ ի պատիվ նրա տեղի կունենա պաշտոնական ընդունելություն երեսփոխանների մասնակցությամբ։

     

    Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայրապետը պիտի այցելի նաև Ֆրանսիայում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանություն, ապա Հայ Կաթողիկէ Սուրբ Խաչ Աթոռանիստ Եկեղեցում հանդիպում պիտի ունենա Փարիզի հայ կաթողիկէ համայնքի անդամների հետ։

     

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

    Վատիկան Նյուզ

     

Օրացույց

Օրացույց