Բաժիններ՝ Նորություններ
  • «Տեղում կանգնած քրիստոնյան նման է նեխված ջրի…».Քահանայապետը ներում է հայցել հոգեգալստականներից:

    «Տեղում կանգնած քրիստոնյան նման է նեխված ջրի…».Քահանայապետը ներում է հայցել հոգեգալստականներից:


    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը բոլոր կաթողիկե եղբայրների և քույրերի անունից ներողություն է հայցել բողոքական հոգեգալստական հարանվանության ներկայացուցիչներից՝ անցյալում նրանց հանդեպ կաթողիկեների անհանդուրժողական, հալածական վերաբերմունքի համար: Քահանայապետն իր այդ պատմական քայլն արել է հուլիսի 26-ին իտալական Քասերտա քաղաք այցելության ժամանակ: Նա ներում է հայցել այն կաթողիկեների համար, ովքեր պակաս ըմբռնողությամբ են վերաբերել հոգեգալստականներին և կոչ է արել քայլ անել դեպի միություն՝ տարբերություններով հանդերձ: Քահանայապետը ավետարանական պաստոր Ջյովաննի Թրեթիննոյին, ով իր վաղեմի ընկերն է, ասել է, որ ամենակարևորը քայլելն է Տիրոջ ներկայությունը գիտակցելով, ինչպես Աստված պատվիրեց Աբրահամին: «Ես չեմ հասկանում այն քրիստոնյային, ով կանգնած մնում է նույն տեղում, ով չի քայլում,-իրեն հատուկ անմիջականությամբ ընդգծել է Քահանայապետը,-եթե քրիստոնյան մնում է նույն տեղում, նա նեխվում է, ինչպես՝ տեղում կանգնած ջուրը»: Երբ քայլում ենք Աստծո ներկայությամբ, գտնում ենք եղբայրություն, իսկ երբ կանգնում ենք տեղում՝ միմյանց քննադատելու, բամբասելու, այդ պարագայում բաժանում ենք Եկեղեցին: Բամբասանքը եղավ Եկեղեցու բաժանման առաջին պահը.համոզված է Քահանայապետը: Բաժանումներ սերմանողը նախանձի հայրն է՝ սատանան: Նա ուշադրություն է հրավիրել էկումենիզմի իմաստի վրա՝ Եկեղեցին միասնություն է զանազանություններով, առանձնահատկություններով հանդերձ: Նախանձն ու խանդն են բաժանել մեզ, բայց պետք է ընթանանք դեպի միություն: Սրբազան Քահանայապետի քայլին ընդառաջ հուլիսի 30-ին Ավետարանական համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ջեոֆ Թունիքլիֆը ևս ներում է հայցել ավետարանականների և ընդհանրապես բողոքականների կողմից կաթողիկեների հանդեպ խտրական գործողությունների համար: Նա ասել է հետևյալը.«Ֆրանցիսկոս Քահանայապետի այցը ավետարանականների մոտ խոստումնալից ապագա է երկխոսության համար…մենք բոլորս պետք է գիտակցենք մեր ձախողումները և միմյանցից ներում հայցենք»: Թունիքլիֆը փաստել է, որ Ավետարանական համաշխարհային միությունը, որը ներկայացնում է մոտ 650 մլն ավետարանականների ամբողջ աշխարհում, Կաթողիկե Եկեղեցու հետ գործուն հաղորդակցության մեջ է. աստվածաբանական պաշտոնական երկխոսություն կա՝ գտնելու ընդհանուր եզրերն ու տարբերությունները:

Օրացույց

Օրացույց