• Օծվեց Ղազանչի գյուղի նորակառույց Սբ. Հովսեփ եկեղեցու Խաչը

    Վերջապե՛ս երևաց փրկության Նշանը՝ տասնամյակների սպասումից հետո


    2021թ. նոյեմբերի 20-ին՝ Ամենայն սրբոց տոնին, օծվեց և տեղադրվեց Ղազանչիի նորակառույց Սբ. Հովսեփ հայ կաթողիկէ եկեղեցու զանգակատան խաչը: Օծման և օրհնության հոգեպարար արարողությունը կատարեց Հայաստանի Հայ Կաթողիկէների Առաջնորդական Տեղապահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը՝ առընթերակայությամբ Գերպ. Հ. Եղիա Դերձակյանի, Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանի և Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի, ներկայությամբ Ղազանչիի հավատացյալների, Ղազանչիի և Մեծ Սեպասարի երիտասարդական միության անդամների: Ըստ կարգի, սաղմոսների ուղեկցությամբ գյուղի անարժան հոգևոր հովիվս խաչելության գեղեցիկ մետաղյա պատկերը լվացի ջրով և գինով՝ ի նշան Քրիստոսի տիգախոց կողից հոսած Արյան և ջրի, որով լվացվեց ոչ միայն խաչափայտը, այլև՝ ամբողջ մարդկությունը, որ հավատում է Քրիստոսին և մկրտվում: Լվացումից և Ավետարանի ընթերցումից հետո Առաջնորդական Տեղապահը Սրբալույս Մյուռոնով օծեց Խաչի կենտրոնը և թևերը՝ Սուրբ Հոգու զորությամբ օժտելով փրկարար Նշանը, որպեսզի պահի և պահպանի հավատացյալ ժողովրդին: Տերունական միասնական աղոթքից հետո Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանն իր խոսքն ուղղեց հավատացյալներին.

     

    «Այսօր ներկա գտնվեցինք այս հոգեպարար արարողությանը՝ նորակառույց Սուրբ Հովսեփ եկեղեցու խաչի օծմանը: Ինչպես գիտեք, այս տարի Սրբազան Քահանայապետը նվիրել է Սուրբ Հովսեփին: Այս պատճառով Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի որոշմամբ այս եկեղեցին նվիրվել է Սուրբ Հովսեփին: Եկե՛ք սիրելիներ, բոլորս Սուրբ Հովսեփին ընդունենք որպես տիպար ընտանիքների, տիպար աղոթքի, սրբության և հեզության: Թո՛ղ Սուրբ Խաչը բոլորիս պահապան լինի. ամեն»:

     

    Խոսք խնդրելով, անարժանս՝ որպես գյուղի հոգևոր հովիվ, նախ շնորհակալություն հայտնեցի Գերհարգելի Առաջնորդական Տեղապահին և առընթերակա հոգևոր հայրերին՝ Խաչի օծումն ի կատար ածելու համար, ապա կարճ խոսքով դիմեցի մեր հավատացյալ ժողովրդին և ուրախությունս հայտնեցի առ այն, որ վերջապես հասանք այս գեղեցիկ հանգրվանին՝ ունենք նորակառույց եկեղեցի, որին սպասել ենք երկար տասնամյակներ, և ահա մոտենում ենք եկեղեցու շինարարության ավարտին և օծմանը, որը տեղի կունենա հաջորդ տարի: Խաչի օծումը մի գեղեցիկ նախերգանքն է այդ երկար սպասված իրադարձության: Խաչը, որ օծվեց միաժամանակ հրավեր է առ Աստված առավել մեծ սիրո և ապաշխարության, հոգևոր վերելքի: Խնդրեցի նաև Սուրբ Հովսեփի բարեխությունը՝ իր անունը կրող մեր եկեղեցու շինարարության ավարտի և համայնքի համար:

     

    Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը, որ ղեկավարում է եկեղեցու շինարարության աշխատանքները, շնորհավորելով համայնքին՝ հրավիրեց առավել խորությամբ մտածել եկեղեցի հաճախելու սրբազան պարտականության մասին, որպեսզի եկեղեցու կառուցումն իմաստ ունենա.

     

    «Մենք միշտ մի մտատանջություն ունենք: Եկեղեցու օծման օրը բոլորը ներկա են, իսկ հաջորդ կիրակիները եկեղեցին արդեն դատարկ է: Եվ հաճախ մենք մտածում ենք, թե եկեղեցին կառուցում ենք որպես տաճա՞ր, թե՝ Աստծո տուն: Մեր տներում բնակվում ենք և ընտանիք ենք ստեղծում: Եկեղեցին էլ մեզ համար պետք է լինի վայր՝ ընտանիք ստեղծելու՝ որպես տիպար ունենալով Սուրբ Հովսեփին, Աստվածամորը և Հիսուս Քրիստոսին: Խաչը, որ այսօր օրհնվեց, պիտի հովանի լինի ձեր ընտանիքների վրա, ապավինե՛ք Սուրբ Խաչին»:

     

    Ղազանչիի եկեղեցու կառուցումը սկսվեց 2020-ին՝ այն ժամանակ դեռևս Առաջնորդ Արքեպիսկոպոս իսկ այժմ արդեն նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի ջանքերով և կաթողիկէ միջազգային եկեղեցական հիմնադրամների հովանավորությամբ: Շինարարական աշխատանքների հիմնական մասն ավարտված է, այժմ ընթանում են ներսի հարդարման, բեմի և Սուրբ Խորանի կառուցման աշխատանքները: Եկեղեցին Աստծո կամոք վերջնականապես պատրաստ կլինի ընդունելու հավատացյալներին, հավանաբար, հաջորդ տարվա ամռանը:

     

    Ղազանչի գյուղի հոգևոր պատմության փաստեր՝ համառոտ

     

    Ինչպես հարեւան շատ այլ գյուղեր, Ղազանչին եւս հիմնադրվել է 19-րդ դարում Արեւմտյան Հայաստանից գաղթած հայերի կողմից, բայց՝ ոչ թե 1829-31թթ., այլ՝ ավելի ուշ՝ 1850-ականներին: Գյուղի հիմնադիրները Արեւելյան Հայաստան գաղթել են հիմնականում Էրզրումի նահանգի Ալաշկերտ գավառից եւ, մանավանդ, կաթողիկէ Իրիցու գյուղից՝ դեռեւս նախքան Մեծ Գաղթը՝ 1820-ականների սկզբներին, հաստատվել են նախ Տաշիրի տարածաշրջանի Շահնազար՝ ներկայիս Մեծավան, գյուղում, ապա մի մասը տեղափոխվել են Փալթլի, որ ներկայիս Արփենին է, իսկ մյուս մասը հաստատվել են Ղազանչիի տարածքում գտնվող բնակավայրում, որ ունեցել է «Աշոցք» անունը եւ պատմականորեն եղել է Աշոտ Երկաթի ամառանոցը: Գաղթած ընտանիքներից էին, օրինակ, Յազիչյանները՝ ականավոր մի տոհմ, որից սերել են անվանի քահանաներ եւ վարդապետներ, որոնք առաջնորդել են նորահաստատ գյուղերի կազմավորումը. Սարգիս Վարդապետ Ղազիչյանը առաջնորդել է Շահնազար գյուղի հիմնադրումը, Տ. Հովհաննես Քահանա Յազիչյանը՝ ծնված 1790թ. Իրիցու գյուղում, ծառայել է Փալթլի գյուղում, նրա որդին՝ Տ. Միքայել Քահանա Յազիչյանը՝ ծնված 1825թ. Շահնազարում, առաջնորդել է Ղազանչի հիմնումը, որտեղ էլ թաղված է: Տ. Միքայելի կողքին է թաղված նաեւ նրա որդին՝ Տեր Հովհաննես կրտսերը, որը, սակայն, կրում է արդեն ոչ թե Յազիչյան, այլ՝ Տեր-Միքայելյան ազգանունը՝ հոր անունով: Նրա գերեզմանաքարի վրա գրված են ծննդյան եւ մահվան թվերը՝ 1855-1933, եւ քահանայական ձեռնադրության տարեթիվը՝ 1888: Նրա հաջորդները պատմում են, որ հայր եւ որդի քահանաների գերեզմանները նախապես եղել են հին գյուղի տարածքում՝ եկեղեցու բակում, եւ գերեզմանատուն են տեղափոխվել գյուղի՝ նոր տարածք տեղափոխվելու եւ եկեղեցու ավերումից հետո, հավանաբար՝ 1960-ականներին:

     

    Հին՝ ավերված եկեղեցին

     

    Հին գյուղի տարածքում, որտեղ հիմա մնացել են միայն ավերակներ եւ տեղադրված են Գյումրիին ջուր մատակարարող ջրի պոմպերը, հավանաբար, 1850-60-ականներին, Յազիչյան քահանաների առաջնորդությամբ կառուցվել է եկեղեցի, որից, ցավոք, այժմ պահպանվել են միայն հիմքերը: Դժբախտաբար, այժմ արդեն չեն հիշում նույնիսկ, թե որ թվականին է ավերված եկեղեցին կառուցված եղել, ովքեր են կառուցել, ինչ է եղել եկեղեցու անունը, բայց պապերի ու պատմություններից հիշում են, որ եկեղեցում եղել է կանոնավոր աղոթասածություն, Սուրբ Պատարագ է մատուցվել: Ղազանչին տարածքի այն երջանիկ գյուղերից է, որտեղ քահանայական տոհմ է ապրել, քահանաներ, որոնք նաեւ հովվել են շրջական գյուղերը, երբ այդ գյուղերում բնակվող քահանաներ չեն եղել: Իսկ այսօր նույնիսկ եկեղեցին չի պահպանվել: Սրտի խոր կսկիծով եմ լսում պատմություններ՝ այն մասին, թե ինչպես են կոմունիստական տարիներին բնակիչներից ոմանք ավերված եկեղեցու քարերը տարել եւ նոր գյուղում իրենց տները կառուցել: Գյուղը հայտնի է եղել իր ավանդապահությամբ եւ հավատավոր ընտանիքներով, բայց կոմունիստական ,հալածանքների տարիներին եկեղեցին պահել, ցավոք, չեն կարողացել: Եկեղեցին, ըստ ենթադրությունների, վնասվել է դեռեւս 1926-ի երկրաշարժի հետեւանքով եւ հետագայում փուլ է եկել խմելու ջրի հորատանցքերի պայթեցումներից առաջացած ցնցումների հետեւանքով, բայց սա հստակ չէ: Այնուամենայնիվ, փաստ է, որ կոմունիստական ռեժիմի պայմաններում եկեղեցին չի նորոգվել եւ չի ամրացվել, այլապես, գոնե մասամբ, կանգուն կլիներ:

     

    Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը, ով ուսումնասիրում է Ալեքսանդրապոլի գավառի պատմությունը, 2020-ին ինձ տրամադրեց այս լուսանկարը, որը, ամենայն հավանականությամբ, արվել է Ղազանչում՝ 1934թ., նկարում ուրախություն է, զինվորները պարում են, իսկ հետեւի պլանում երեւում է գյուղի հին եկեղեցին՝ խոնարհված զանգակատնով: Լուսանկարի հեղինակը Պետրոս Միկոյանն է, որ արհեստավարժ լուսանկարիչ էր եւ ունի բազմաթիվ այլ լուսանկարներ, որոնց մի մասը ապակու վրա են՝ շատ հին տեխնոլոգիայով եւ լուսահանված չեն:

     

    Մեծ ցավ է, որ հին եկեղեցին բնավ չի պահպանվել, բայց միաժամանկ մեծ մխիթարություն և ուրախություն, որ նոր գյուղի տարածքում արդեն վեր է խոյանում նորակառույց Սուրբ Հովսեփը, որի զանգի աղոթքի հրավիրոց ղողանջը կլսվի շուտով:

     

    Ղազանչիի պատմության և հոգևոր, կրթական կյանքի, երիտասարդական կենտրոնի մասին առավել մանրամասն՝ այս հոդվածում:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

     

     

Օրացույց

Օրացույց