• Կեղծավորությունը հոգու հիվանդություն է

    Արդյո՞ք մենք ուզում ենք, որ մեզ գնահատեն և շնորհակալություն հայտնեն մեր ասածի ու արածի համար, թե՞ ուզում ենք ծառայել Աստծուն և մեր մերձավորին, հատկապես ամենաթույլին


    2021թ. նոյեմբերի 7-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանսիցկոս Սրբազան Քահանայապետը կոչ արեց զգուշանալ կեղծավորությունից և սնափառությունից այն ամենում, ինչ անում ենք Աստծո և մեր մերձավորների համար:

     

    Խորհրդածելով օրվա ավետարանական հատվածի շուրջ` Նորին Սրբությունը հիշեցրեց, որ այն վերաբերում է Երուսաղեմի տաճարում տեղի ունեցող իրադարձություններին. Հիսուս հետևում է, թե ինչ է կատարվում այդ սուրբ վայրում և նկատում է, որ օրենսգետները սիրում են այնտեղ զբոսնել, որպեսզի նրանց նկատեն և հարգալից ողջունեն: «Նրանք ուտում են այրիների տները, ցուցադրաբար երկարացնում են աղոթքները», – ասում է Հիսուսը նրանց մասին (Մկ. 12, 40): Այնուհետև Հիսուս նկատում է մի աղքատ այրի կնոջ, նրանցից մեկին, ում աշխատանքով հարստանում են այս աշխարհի ուժեղները: Նա Տաճարի գանձանակի մեջ է գցում «ամեն ինչ, որ ուներ՝ իր ամբողջ ապրուստը» (տես՝ Մկ. 12,44): Այս ապշեցուցիչ հակադրությունը, մարդկային վարքի այս երկու խորհրդանիշները մեզ լուրջ խորհրդածելու տեղիք են տալիս, քանզի հարուստներն իրենց ավելորդից են գցում՝ մարդկանց աչքերին փոշի փչելով, սակայն խեղճ կինն աննկատ տալիս է այն քիչը, որ ուներ:

     

    Հիսուս ուշադիր հետևում է այս ամենին: Մենք նույնպես պետք է նայենք նրանց, ովքեր կեղծ հավատքով են ապրում, ինչպես այդ օրենսգետները՝ նրանց չնմանվելու համար: Մենք պետք է նայենք այդ այրի կնոջը՝ նրանից օրինակ վերցնելու համար, ասաց Սրբազան Քահանայապետը, առաջարկելով մանրամասն քննարկել այս երկու տեսակի վարքագծերը.

     

    «Ամենից առաջ զգուշացե՛ք կեղծավորությունից, այսինքն՝ ձեր կյանքի հիմքը թող չլինի արտաքին կերպարանքի պաշտամունքը, սեփական կերպարի մասին չափազանցված մտահոգությունը: Հատկապես պետք է զգուշանանք հավատքը հանուն մեր շահի օգտագործելուց: Այդ օրենսգետներն իրենց սնափառությունը թաքցնում էին Աստծո անվան տակ, սակայն ամենավատն այն է, որ նրանք օգտագործում էին կրոնը՝ իրենց գործերը կատարելու համար՝ չարաշահելով իշխանությունը և շահագործելով աղքատներին: Այստեղ մենք տեսնում ենք նույն արատավոր երևույթը, որն այսօր կարելի է նկատել շատ տեղերում։ Այդ երևույթի անունը «կղերապաշտություն» է, որն արտահայտվում է խոնարհներից վեր լինելու, նրանց շահագործելու և ինքդ քեզ կատարյալ զգալու մեջ։ Սա կղերականության չարիքն է։ Սա նախազգուշացում է բոլոր ժամանակների և բոլորի համար, Եկեղեցու և հասարակության համար. երբեք մի չարաշահեք ձեր դերը՝ ուրիշներին ոտնահարելու համար, երբեք փող մի աշխատեք՝ ամենաթույլերի հաշվին: Եկե՛ք լինենք զգոն՝ սնափառության մեջ չընկնելու, արտաքին կերպարից չկառչելու համար, որպեսզի չկորցնենք մեր էությունը և չապրենք աշխարհիկ արժեքներով։ Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, սա կօգնի մեզ. արդյո՞ք մենք ուզում ենք, որ մեզ գնահատեն և շնորհակալություն հայտնեն մեր ասածի ու արածի համար, թե՞ ուզում ենք ծառայել Աստծուն և մեր մերձավորին, հատկապես ամենաթույլին: Եկե՛ք զգոն լինենք սրտի խաբեության, կեղծավորության նկատմամբ, որը հոգու վտանգավոր հիվանդություն է»։

     

    Այդ հիվանդությունից բուժվելու համար Հիսուս առաջարկում է նայել աղքատ այրուն, ով Տաճարի գանձանակի մեջ գցեց ամեն ինչ, որ ուներ: Իրեն ոչինչ չմնաց, սակայն նա Աստծո մեջ գտավ այն ամենը, ինչ իրեն պետք էր: Անհրաժեշտ է առանձնացնել սրբությունը փողից, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. կա՛մ Աստծուն ենք ծառայում, կա՛մ մամոնային: Այրի կինը չի վախենում կորցնել այն քիչը, որ ունի, քանզի նա ապավինում է Աստծուն, և Աստված կրկնապատկում է նրա ուրախությունը: Սա հիշեցնում է այն այրի կնոջը, ով պատրաստվում էր հաց թխել իր ունեցած վերջին ալյուրով և յուղով: Եղիան ասում է նրան. «Ինձ համար մի պատառ հաց բե՛ր, կինն այդպես էլ արեց և ալյուրը չպակասեց (տես՝ Թագ. Գ 17, 9-16): Տեսնելով մարդկանց առատաձեռնությունը՝ Տերն ավելի մեծ առատաձեռնություն է ցուցաբերում: Այսպիսով, Հիսուսը ներկայացնում է այս կնոջը՝ որպես հավատքի ուսուցիչ. նա տաճար չի գնում խիղճը մաքրելու համար, չի աղոթում, որ իրեն տեսնեն, չի ցուցադրում իր հավատքը, այլ տալիս է իր սրտից՝ առատաձեռնորեն և անշահախնդիր: Նրա մետաղադրամների ղողանջն ավելի գեղեցիկ է, քան հարուստների մեծ նվիրատվությունները, քանի որ այն արտացոլում է Աստծուն նվիրված անկեղծ կյանքը, հավատքը, որն ապրում է ոչ թե արտաքին հատկանիշներով, այլ՝ անվերապահ վստահությամբ: Եկե՛ք նրանից հավատք սովորենք, որը չունի արտաքին զարդեր և ներքուստ անկեղծ է: Հավատք, որը խոնարհ սեր է Աստծո և մեր եղբայրների ու քույրերի նկատմամբ, իր խորհրդածության ավարտին կոչ արեց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց