«Եկէ՛ք չսպասենք, որ նրանք, ովքեր մեր կարիքն ունեն, կը թակեն մեր դուռը, այլ ինքներս փնտռենք նրանց՝ իրենց տներում, հիւանդանոցներում, անգամ փողոցներում». Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ
Հինգշաբթի, 18 նոյեմբեր, 2021 թուական.
Գիւմրու Տեխնոլոգիական կենդրոնի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցաւ «Հայկական Կարիտասի» «Արեւային էներգիայի կիրառումը որպէս կենսապայմանների եւ առողջական վիճակի բարելաւման միջոց՝ Հայաստանի հիւսիսային շրջանում բնակուող սոցիալապէս անապահով ընտանիքների համար» ծրագրի պաշտօնական բացման արարողութիւնը, որին, ի թիւս բազմաթիւ հիւրերի՝ ներկայ էին նաեւ Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Հայաստանի Թեմի Առաջնորդական Տեղապահ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը եւ Գիւմրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցւոյ Ժողովրդապետ, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ նախագահի լիազօր ներկայացուցիչ Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանը: Միջոցառմանը բացման խօսքով հանդէս եկան հոգեւոր հայրերը:
Ստորեւ ձեզ ենք ներկայացնում Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի ողջոյնի խօսքն ամբողջութեամբ.
«Սիրելի՛ ներկաներ,
Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ եւ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Տէր Ռաֆայէլ Պետրոս 21-րդ Կաթողիկոս-Պատրիարքի անունից թոյլ տուէք ողջունել եւ շնորհաւորել բոլորիս «Հայկական Կարիտասի» կողմից իրականացուող սոցիալական ուղղուածութեան եւս մեկ ծրագրի մեկնարկի կապակցութեամբ:
Այս ծրագիրը հնարաւորութիւն կընձեռի բարելաւելու Հայաստանի հիւսիսային շրջանում բնակուող սոցիալապէս անապահով ընտանիքների կենսապայմանները եւ առողջական վիճակը:
Ինչպէս գիտէք, «Հայկական Կարիտասը»՝ որպէս Հայ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ձեռք, մշտապէս աջակցել եւ աջակցում է Հայաստանի տարբեր մարզերում բնակուող խոցելի խմբերի անձանց: Այսօր, «Հայկական Կարիտասն» իր կայուն տեղն ունի բարեսիրական եւ սոցիալական գործունէութեան ոլորտում: Երկու տասնամեակից աւել, կազմակերպութիւնն իր մարդասիրական գործունէութեամբ, մարդկանց հիմնարար իրաւունքների պահպանմամբ, կարիքների վերհանմամբ, դրանց լուծմանն ուղղուած ուղիների որոնմամբ եւ բազմաթիւ ծրագրերի իրականացմամբ կանգնած է իր շահառուների կողքին:
Ժամանակակից աշխարհում, որտեղ կան աներեւակայելի հարստութիւններ եւ անսպառ ռեսուրսներ՝ աններելի է, որ այդ նոյն աշխարհում կան նաեւ միլիոնաւոր կարիքաւորներ: Մեր բոլորի պարտքն է ականջալուր լինել նրանց ձայնին եւ ջանք ու եռանդ չխնայել, որպէսզի արժանավայել պայմաններ ապահովենք մեր եղբայրների եւ քոյրերի համար: Նրանց նկատմամբ մեր սէրը եւ յարգանքը պէտք է ցուցաբերենք ո՛չ թէ խօսքով, այլ՝ գործով: Ինչպէս իր ուղերձներում մշտապէս նշում է Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը. «Եկէ՛ք չսպասենք, որ նրանք, ովքեր մեր կարիքն ունեն, կը թակեն մեր դուռը, այլ ինքներս փնտռենք նրանց՝ իրենց տներում, հիւանդանոցներում, անգամ փողոցներում»: Մենք բոլորս կենդանի կերպարանքն ենք Քրիստոսի, ով աշխարհ եկաւ ո՛չ թէ որպէսզի Իրեն ծառայեն, այլ, որպէսզի ինքը ծառայի: Հետեւաբար, եկէ՛ք շարունակենք ծառայել եղբայրսիրութեամբ եւ նուիրումով՝ յանուն Եկեղեցւոյ եւ նրա զաւակների բարօրութեան:
Մաղթում ենք անսպառ ոյժ եւ կորով, նորանոր յաջողութիւններ ձեր իւրաքանչիւր նախաձեռնութեան մէջ: Վստահ ենք, որ ինչպէս միշտ, պատուով կը կատարէք ձեր առջեւ դրուած ամէն մի պատասխանատու գործ եւ միշտ կանգնած կլինէք նրանց կողքին, ովքեր ամենաշատն են զգում ձեր օգնութեան կարիքը:
Հայցում ենք Ամենակալ Տիրոջ ողորմածութիւնը եւ Սուրբ Հոգու շնորհները, որպէսզի մեզանից իւրաքանչիւրը ունակ լինի սիրով ներշնչուած գործերի»:
Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանը ներկաներին, ծրագրի ղեկավարին եւ աշխատակիցներին փոխանցեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ նախագահ Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Տէր Ռաֆայէլ Պետրոս 21-րդ Կաթողիկոս-Պատրիարքի հայրապետական օրհնութիւնը՝ Հայաստանի հիւսիսային մարզում սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական ուղղուածութեան այս ծրագրի մեկնարկի կապակցութեամբ՝ յոյս յայտնելով, որ ծրագրի իրականացման արդիւնքում տեխնիկապէս եւ տնտեսապէս կը բարելաւուի Շիրակի մարզի չգազաֆիկացուած համայնքների տնտեսութիւնների վիճակը: Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանն իր խօսքում մասնաւորապէս նշեց.
««Հայկական Կարիտասն» իր գործունէութիւնը սկսել է 1995 թուականին՝ ունենալով ընդամենը 6 աշխատակից: Այսօր բոլորիս է յայտնի, թէ այս տարիների ընթացքում կազմակերպութիւնը որքան մեծ ձեռքբերումների է հասել՝ աւելացնելով շահառուների եւ աշխատակիցների թիւը: Հայ Կաթողիկէ Եկեղեցին հպարտ է «Հայկական Կարիտասի» ծաւալած գործունէութեամբ եւ աշխատակազմով, քանի որ իւրաքանչիւր աշխատանքի մէջ կազմակերպութիւնն առաջնորդւում է սիրով եւ սրտացաւութեամբ ծառայելու գաղափարով: Գիտենք նաեւ, որ այս տարիների ընթացքում հանդիպել էք բազմաթիւ դժուարութիւնների եւ խոչընդոտների, քանզի այնտեղ, ուր կա աղքատութիւն, կա նաեւ դժգոհութիւն: Չնայած այս ամէնին, դուք շարունակում էք իւրաքանչիւր շահառուի մէջ տեսնել կենդանի Քրիստոսին եւ փորձում էք լաւագոյնս ծառայել նրանց: Կարծում եմ, որ այս գաղափարը կը դառնայ եւս մէկ յաջողուած ծրագիր, յատկապէս հաշուի առնելով այն փաստը, թէ ինչպիսի ծանր պայմաններում են ապրում Հայաստանի հիւսիսային շրջանի բնակիչները: Մաղթում եմ բեղուն աշխատանք եւ գերազանց արդիւնքներ»:
Ծրագիրը նախատեսուած է աւարտին հասցնել 2024 թուականին:
Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան
Առաջնորդական Տեղապահ
Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,
Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ