• Առաջնորդական Տեղապահ է նշանակվել Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը

    Աղոթե՛նք նորանշանակ Առաջնորդական Տեղապահի բեղուն առաքելության համար


    Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը 2021թ. սեպտեմբերի 23-ին Հռոմում կայացած Հայ Կաթողիկէ Սինդոդոսի ընտրությունների արդյունքում ընտրվեց Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք՝ Ռաֆայել Պետրոս ԻԱ անունով, բայց Պատրիարք Կաթողիկոսի պարտականություններին զուգահեռ, Հռոմի Սուրբ Աթոռի տնօրինությամբ, կշարունակի կատարել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց Առաջնորդի պարտականությունները՝ մինչև Եպիսկոպոսաց Սինոդոսի հաջորդ գումարումը՝ նոր Առաջնորդ Եպիսկոպոս ընտրելու համար:

     

    Մինչ այդ 2021թ. նոյեմբերի 2-ի որոշմամբ Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը որպես իր տեղապահ նշանակեց Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանին, ով հանդես է գալու Կաթողիկոս Պատրիարքի անունից և Առաջնորդության ընթացիկ հարցերի վերաբերյալ որոշումներ է կայացնելու՝  Կաթողիկոս Պատրիարքի հետ խորհրդակցելուց հետո:

     

    Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի կենսագրությունը

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը՝ աւազանի անունով Գառնիկ Յովսէփեան, ծնուել է 1976 թուականի մայիս 20-ին՝ Սուրիոյ Մելիքիէ քաղաքում: Նախնական կրթութիւնը ստացել է տեղի ծխական դպրոցում՝ Եփրատի Ազգային վարժարանում:

    1987-1990թթ. սովորել է Հալէպի Մխիթարեան վարժարանում, ապրել՝ Զմմառու Միաբանութեան Սուրբ Վարդանանց փոքր դպրեվանքում, որի մեծաւորն էր Հ. Էմմանուէլ Վրդ. Տապպաղեանը:

    1990-1995թթ. ուսանել է Վիեննայի Մխիթարեան Միաբանութեան նորընծայարանում: Վիեննայի «Հագէր Միւլլէր» Պետական Բարձրագոյն Դպրոցը յաջողութեամբ աւարտելուց յետոյ մեկնել է Լիբանան՝ Զմմառ, եւ Պօղոսեան Հայրերի կաճառում հետեւել Փիլիսոփայութեան նախապատրաստական դասընթացքներին:

    1996թ. մեկնել է Հռոմի Լեւոնեան Քահանայապետական հայ վարժարան եւ բարձրագոյն կրթութիւնը շարունակել Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացու Քահանայապետական համալսարանում՝ ուսանելով Աստուածաբանութիւն եւ Փիլիսոփայութիւն: 6-ամեայ համալսարանական դասընթացը աւարտել է 2002 թ.՝ ստանալով Փիլիսոփայութեան եւ Աստուածաբանութեան բակալաւրի աստիճան:

    2002 թուականի սեպտեմբեր 14-ին՝ Սուրիոյ Բարձր Ճեզիրէի թեմում օծուել է կուսակրօն քահանայ՝ ձեռամբ Արհի. Տէր Պետրոս Արքեպս. Միրիաթեանի: Նոյն թուականին ստանձնել է Սուրիոյ Հասաքիէ քաղաքի Սուրբ Ընտանեաց Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ ժողովրդապետի պաշտօնը եւ ծառայել մինչեւ 2012 թուականը:

    2013 թուականին՝ որպէս ժողովրդապետ իր հոգեւոր առաքելութիւնն է շարունակել Գամիշլիի Սուրբ Յովսէփ Աթոռանիստ Եկեղեցւոյ մէջ:

    2014 թուականի փետրուարին՝ տեղափոխուելով Մայր Հայրենիք, որպէս փոխժողովրդապետ իր հովուական գործունէութիւնն է սկսել Շիրակի մարզկենտրոն Գիւմրիում եւ Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիւանդանոցում, ծառայել է նաեւ Աշոցքի տարածաշրջանի Սարագիւղ, Բաւրա, Սիզաւէտ եւ Ղազանչի Հայ Կաթողիկէ համայնքներում:

    2015 թուականի փետրուար 20-ին Հայր Գառնիկ Վրդ. Յովսէփեանը նշանակուեց Փանիկ համայնքի Սուրբ Աստուածածին Եկեղեցւոյ ժողովրդապետ-հոգեւոր հովիւ:

    2015 թուականի հոկտեմբեր 12-ին՝ կղերական ժողովի ընթացքում, Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի կողմից նշանակուել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան Երիտասարդաց միութեան նախագահ եւ համակարգող:

    2017 թուականի յունիս 18-ին՝ քահանայական ձեռնադրութեան 15-ամեակի կապակցութեամբ, Գերպ. Հայր Գառնիկ Վրդ. Յովսէփեանին շնորհուեց ծայրագոյն վարդապետի աստիճան՝ ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհի. Տէր Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի եւ խարտաւիլակութեամբ՝ Վաստակաւոր Արքեպիսկոպոս Նշան Գարաքէհէեանի:

     

Օրացույց

Օրացույց