• Երևանում բացվեց Պապական Նվիրակության պաշտոնական գրասենյակը

    «Մաղթում եմ, որ կաթողիկեները հանձինս այս նոր Նվիրակության տեսնեն նշաններից մեկը՝ Սրբազան Քահանայապետի կողմից իրենց նկատմամբ տածված մոտիկության, և մի ուժգին քաջալերանք՝ ապրելու իրենց հավատքը բերկրանքով և Հայ Առաքելական Եկեղեցու մեր եղբայրների ու քույրերի հետ հաղորդությամբ»


    Հոկտեմբերի 27-ին Երևանում բացվեց Սուրբ Աթոռի Առաքելական Նվիրակության գրասենյակը՝ առաջին անգամ՝  Հայաստանի և Կաթողիկէ Եկեղեցու Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա պատմության մեջ: Բացման պաշտոնական արարողությունը կատարվեց ներկայությամբ Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Նորին Գերազանցություն Էդգար Պենյա Պարայի, Հայաստանում և Վրաստանում Պապական Նվիրակ Արքեպս. Ժոզե Բեթթենկուրի, ՀՀ Արտաքին Գործերի նախարար պրն. Արարատ Միրզոյանի, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ Գերշն. Տ. Նաթան Արքեպս. Հովհաննիսյանի, Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյանի, Հայ Կաթողիկէ Սրբոց Հրեշտակապետաց Միացյալ Հոգևոր Ճեմարանի տեսուչ Գերպ. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանի, փոխտնօրեն Գերպ. Հ. Պետրոս Վրդ. Մարաշլյանի և ճեմարանի սաների, որոնք գործուն մասնակցության ունեցան արարողությանը: Արարողությանը ներկա էին նաև այլ հյուրեր, որոնց թիվը մեծ չէր՝ համաճարակի պատճառով: Պապական նվիրակության գրասենյակը գտնվում է Հյուսիսային պողոտայի 10/1 հասցեում (Պուշկին փողոցի հետ հատվող անկյունում): Բացման արարողությունը տեղի ունեցավ դրսում՝ Սուրբ Աթոռի դրոշի բարձրացմամբ:

     

    Նորին Գերազանցություն Էդգար Պենյա Պարան բացման հանդիսության ժամանակ ասաց հետևյալը.

     

    «Պարոն ԱԳ Նախարար,

    Ամենապատիվ Հոգևոր Տեր,
    Ձերդ Գերազանցություններ,
    Քաղաքացիական, Զինվորական և Եկեղեցական իշխանությունների մեծարգո ներկայացուցիչներ,
    Տիկնայք և Պարոնայք,
    Նախևառաջ կկամենայի բոլոր ներկաներին փոխանցել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի սրտագին ողջույնն ու հոգևոր մոտիկությունը։ Սա իսկապես տեղին է, քանի որ այս նոր Առաքելական Նվիրակությունը հստակ նշանն է այն հոգածության, որ Սրբազան Քահանայապետը տածում է այս ազնվազարմ Երկրի ժողովրդի հանդեպ։ Այս պատճառով է, որ Առաքելական Նվիրակությունը հաճախ անվանվում է Քահանայապետի Տուն։ Ինձ ասվել է, որ Աշոցքի «Փրկչի Մայր» հիվանդանոցը անպաշտոն կերպով անվանվում է «Հռոմի Պապի հիվանդանոց»։ Այժմ կարող ենք ասել, որ Սրբազան Քահանայապետը նաև մի Տուն ունի Հայաստանում։ Ֆրանցիսկոս Պապի փափագն է, որ այս նոր Տունը ծառայի Առաքելական Նվիրակին՝ Հայաստանի Հանրապետության և տեղի քրիստոնեական հասարակության մոտ նրա առաքելության կատարման ժամանակ։
    Այս նստավայրի բացումը փաստն է այն երկկողմանի հաստատահիմն հարաբերությունների, որ արդեն իսկ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև։ Ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանը հաճելի որոշում կայացրեց՝ Դեսպանատուն բացելու Սուրբ Աթոռի մոտ և ռեզիդենտ Դեսպան նշանակելու։ Այսօր Սուրբ Աթոռը բարեհոժար կերպով փոխադարձում է այդ ժեստը՝ հուսալով, որ մեր դիվանագիտական հարաբերությունները կշարունակեն խորանալ։
    Այս առումով կամենում եմ ընդգծել Սրբազան Քահանայապետի երախտագիտությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ, Նորին Գերազանցություն Արմեն Սարգսյանի վերջերս Վատիկան կատարած այցելության համար։ Կուզենայի նաև ընդգծել այն նշանակալի տարեդարձները, որ կատարվեցին այս տարի. դիվանագիտական հարաբերությունների վերահաստատման 30-րդ տարեդարձը, Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի Հայաստան այցելության 20-րդ տարեդարձը և Ֆրանցիսկոս Պապի առաքելական այցելության 5-րդ տարեդարձը։
    Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև բարեկամական երկկողմ հարաբերությունները մեծ մասամբ հետևանքն են մեր փոխադարձ գնահատանքի, որ մենք ունենք այն դրական դերակատարության հանդեպ, որ կրոնը կատարում է քաղաքացիական հասարակության ներսում։ Հայերը խորը հավատքի տեր ժողովուրդ են և այս Երկիրը միշտ ունենալու է առաջատարությունը՝ լինելու առաջին ազգը, որ փարվեց քրիստոնեական հավատքին։ Այդ օրից ի վեր քրիստոնեական հավատքը նեցուկ եղավ այս մեծ ժողովրդին, հատկապես իր պատմության դժվարին պահերին։ Որպես լավ ու վատ իրավիճակներում ուժի ու հարատևության ակունք՝ քրիստոնեական հավատքը նպաստեց կերտելու Հայաստանի հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությունը, որն այսօր ներկայանում է իբրև պարծանքի առիթ և շարունակելու է ներշնչել ու հարստացնել հայոց ապագա սերունդների կյանքը։
    Քրիստոնեական հավատքի այս ժառանգությունը մտաբերել է տալիս այն խոսքերը, որոնք Ֆրանցիսկոս Պապն արտասանեց Հայաստան կատարած իր այցելության ընթացքում։ Սրբազան Քահանայապետը հաստատեց. «Ձեր երկրի պատմությունն ընթանում է դարերի ընթացքում պահպանված իր քրիստոնեական ինքնությանը զուգահեռ։ Այդ քրիստոնեական ինքնությունը, Պետության առողջ լայիկությանը խոչընդոտ հանդիսանալուց հեռու, ընդհակառակը՝ պահանջում և սնուցում է այն, նպաստելով բոլորի լիակատար մասնակցությանը հասարակության կյանքին, կրոնի ազատությանն ու փոքրամասնությունների հանդեպ հարգանքին» (Քաղաքացիական Իշխանությունների և Դիվանագիտական Կորպուսի հետ հանդիպում, 24 Հունիս 2016)։ Այսքա՜ն ճոխ և ավանդությամբ հարուստ մշակույթով, չխոսելու համար ցավի ու տառապանքի փորձառությունների մասին, որոնց պատճառ հանդիսացան խտրականությունն ու հալածանքը, Հայաստանը տալիք բազմաթիվ թանկարժեք դասեր ունի՝ այս ուղղությամբ ուսուցանելու համար միջազգային հասարակությանը։ Սուրբ Աթոռը մեծ անհամբերությամբ ակնկալում է երկկողմ տևական համագործակցություն ունենալ Հայաստանի հետ բազմաթիվ խնդիրների վերաբերյալ, հատկապես այն խնդիրների, որ վերաբերվում են կրոնի ազատ արտահայտությանն ու մարդկային յուրաքանչյուր կյանքի արժանապատվությանը, որպեսզի սովորենք պատմությունից և խուսափենք նրա որոշ ամենախավար էջերը կրկնելուց։
    Այս ուրախալի առիթով իմ միտքը բնականաբար ուղղվում է Հայ Առաքելական Եկեղեցուն։ Իր այցելության ընթացքում Ֆրանցիսկոս Պապը «Խաղաղության համար կատարվող համամիութենական աղոթքի Հսկման» մասին խոսեց իբրև մի պատեհության՝ «հաստատելու համար առաքելական հաղորդությունը», որ գոյություն ունի Հայ Առաքելական Եկեղեցու և Կաթողիկե Եկեղեցու միջև, մինչ երկու Եկեղեցիներն էլ շարունակում են իրենց համատեղ ընթացքը՝ հուսալով, որ մի օր Քրիստոսի զոհի խորանի շուրջը կմիավորվեն գոհաբանական հաղորդության լիության մեջ։ Սրբազան Քահանայապետի այս նոր Տունը Հայաստանում թող որ ընկալվի որպես մի հավելյալ հաստատում մեր հաղորդության և թող որ մի քայլով մոտեցնի իրականացմանը միության այն կամքի, որ Տերն արտահայտել է Իր հետևորդների համար։
    Որպես Սրբազան Քահանայապետի տունը Հայաստանում՝ Առաքելական Նվիրակությունը դրսևորում է նաև Սրբազան Քահանայապետի հովվական խնամքը տեղի կաթողիկե համայնքի նկատմամբ։ Քանակապես փոքր լինելով հանդերձ, նշանակալի դրական նպաստը, որ տեղի Կաթողիկե Եկեղեցին հայկական հասարակության մեջ բերում է առողջապահական ու մարդասիրական իր տարբեր ծառայությունների միջոցով, ակնհայտ նշանն է իր հանձնառության՝ ծառայելու բոլոր կարիքավորներին։ Մաղթում եմ, որ կաթողիկեները հանձինս այս նոր Նվիրակության տեսնեն նշաններից մեկը՝ Սրբազան Քահանայապետի կողմից իրենց նկատմամբ տածված մոտիկության, և մի ուժգին քաջալերանք՝ ապրելու իրենց հավատքը բերկրանքով և Հայ Առաքելական Եկեղեցու մեր եղբայրների ու քույրերի հետ հաղորդությամբ։
    Ավարտելով, ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ այս հատուկ առիթին բերած ձեր ներկայության համար, ի մասնավորի՝ քաղաքացիական Իշխանությունների մեծարգո Ներկայացուցիչներին և Դիվանագիտական Կորպուսի երևելի Անդամներին։ Հատուկ կերպով երախտագետ եմ Առաքելական Նվիրակ Նորին Գերազանցություն Արքեպիսկոպոս Յոզե Բեթթանկուրին, իր անձնակազմի հետ միասին, Սրբազան Քահանայապետի այս փափագն իրականացնելու նպատակով գործի դրված ողջ ժամանակի ու ջանքերի համար։ Շնորհակալություն ձեր ազնիվ ուշադրության համար և խնդրում եմ ձեզ ևս մեկ անգամ ճանաչել Սրբազան Քահանայապետի հոգևոր մոտիկությունը, մինչ բացում ենք իր Տունը Հայաստանում»։

    Իր ելույթում ՀՀ Արտաքին Գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասել է հետևյալը.

     

    «Ձե՛րդ Վսեմություն,
    Հարգելի՛ հյուրեր,
    Տիկնայք և պարոնայք,

    Այսօր, հիրավի, խորհրդանշական օր է. Սուրբ Աթոռը նստավայր առաքելական նվիրակություն է բացում առաջին քրիստոնյա երկրում, որն ազդարարում է Հայաստան-Սուրբ Աթոռ համագործակցության նոր փուլի սկիզբը: Մեծապես արժևորում ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի այս որոշումը, որը կրկին փաստում է Սրբազան քահանայապետի կողմից հայ-վատիկանյան միջպետական կապերին տրվող կարևորության մասին։

    Ընթացիկ տարին նշանակալից է մեր երկկողմ հարաբերությունների համար` հաշվի առնելով, որ լրանում է Սուրբ Հովհաննես Պողոս 2-րդի Հայաստան կատարած այցի քսանամյակը և Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի այցի հնգամյակը։ Այդ պատմական այցելությունները միշտ վառ կմնան մեր ժողովրդի սրտում և մտքում:

    Հայաստանի և Սուրբ Աթոռի ամուր համերաշխության վկայությունն է հայ ժողովրդի հանճարեղ ներկայացուցիչ Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսի շնորհումը, նրա ճանաչումը՝ որպես կաթոլիկ եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը և Նարեկացու արձանի հանդիսավոր բացումը Վատիկանի պարտեզներում: Չենք կարող չնշել նաև Մխիթարյան միաբանության մասին, որը հսկայական դեր է խաղացել հայ ժողովրդի ուսումնակրթական, գիտական և մշակութային կյանքի զարգացման և Հայաստանի ու Վատիկանի արժեքային ու հոգևոր կապի համար։

    Այսօր ցանկանում եմ Հայաստանի և հայ ժողովրդի անունից կրկին երախտագիտություն հայտնել Սուրբ Աթոռին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ աներկբա ու սկզբունքային դիրքորոշում որդեգրելու և դրանով իսկ ապագայում նման ոճրագործությունները կանխելու գործընթացում ներդրում ունենալու համար:

    Բարձր ենք գնահատում նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում և դրանից հետո Սրբազան քահանայապետի հղած ուղերձները, ինչպես նաև, մասնավորապես, ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կոչերը։

    Հարգելի՛ ներկաներ,

    Հայաստանի հարաբերությունները Վատիկանի հետ մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության, ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ համանման մոտեցումների վրա:

    Իհարկե, մեր պատմական առնչությունները և կապերը դարերի խորքից են գալիս, բայց դրանք նոր թափով սկսեցին զարգանալ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո։ Առաջնորդվելով երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու վճռականությամբ՝ 2013թ․ Հայաստանը Սուրբ Աթոռում հիմնել էր նստավայր դեսպանություն: Եվ այսօր առաքելական նվիրակության բացումով Վատիկանը ցույց է տալիս հարաբերություններն առավել զարգացնելու, խորացնելու, մեր երկու պետությունների միջև առկա հոգևոր և մշակութային կապերը սերտացնելու իր պատրաստակամությունը:

    Մյուս տարի մենք նշելու ենք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսունամյակը, և կարծում եմ՝ սա լավ հնարավորություն կլինի հայ-վատիկանյան կապերի հետագա զարգացումը ապահովող քայլերը նախանշելու համար:

    Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանում Սուրբ Աթոռի ռեզիդենտ նվիրակության հիմնադրման առիթով»:

    Տեղեկատվության աղբյուրներ՝
    Առաքելական նվիրակության պաշտոնական ՖԲ էջ
    ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայք

Օրացույց

Օրացույց