• Աստծո զավակների ազատության պարադոքսը. Քահանայապետի քարոզը

    «Մեր ազատությունը ծնվում է Աստծո սիրուց և աճում է սիրո մեջ»


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակելով մեկնաբանել Պողոս առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակը՝ հոկտեմբերի 20-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ խոսեց ազատության մասին:

     

    Խորհրդածության սկզբում Նորին Սրբությունը հիշեցրեց Հիսուսի խոսքերը՝ երեխաների ինքնաբուխ լինելու և ազատության մասին: Սուրբ Գրքի ընթերցանության ժամանակ մի երեխա ազատորեն մոտեցավ Սրբազան Քահանայապետին և իրեն այնպես էր պահում, կարծես տանը լինի։ Հիսուսն ասել է. «Եթե չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն չեք մտնի»: Խոսքն այն նույն համարձակության և ազատության մասին է, որով մենք մոտենում ենք Տիրոջը, առանց որևէ վախի անկեղծ ենք Տիրոջ հետ. «Շնորհակալություն այս երեխային մեզ բոլորիս նման դաս տալու համար», – ասաց Նորին Սրբությունը և ցանկացավ, որ Տերն «օգնի նրան իր սահմանափակումների մեջ, օգնի աճել նրան, քանզի նա իր սրտից բխող վկայություն արեց»։

     

    Շարունակելով մեկնաբանությունը՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Սբ. Պողոս առաքյալն իր ուղերձում մեզ է ներկայացնում հավատքի ամենամեծ նորույթը, որն ուղղակի չի պատկանում նրա որևէ կողմին, այլ Մկրտության Խորհրդի միջոցով մեզ «նոր կյանք» է տալիս: Մենք կրոնականությունից անցում կատարեցինք դեպի կենդանի հավատք, որի հիմքում Աստծո և եղբայրների հետ շփումն է, այսինքն՝ սերը: Մենք վախի և մեղքի գերությունից անցում կատարեցինք դեպի Աստծո զավակների ազատություն: Այդ ազատության հիմքում  ծառայությունն է: «Ազատություն»՝ չի նշանակում ապրել այնպես, ինչպես կամենում ենք, ապրել մարմնական բնազդներով՝ հետևելով եսասիրական մղումներին, ընդհակառակը, Քրիստոսով ազատությունը միմյանց ծառայելն է: Կարելի է առարկել. մի՞թե ծառայությունը գերություն չէ: «Այո, Քրիստոսով ազատությունը որոշ առումով ստրկություն է, – պարզաբանեց Նորին Սրբությունը, – որոշակի հարթություն, որը խրախուսում է ծառայել և ապրել ուրիշների համար»: Մենք ազատ ենք ծառայության մեջ՝ ոչ այն պատճառով, որ անում ենք այն, ինչ կամենում ենք: Ինչպե՞ս բացատրել այս պարադոքսը: «Առանց սիրո չի կարող սեր լինել, – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: – Եսասիրական ազատությունը՝ անելու այն, ինչ կամենում եմ, ազատություն չէ, քանի որ ինքնամփոփ է և պտուղներ չի տալիս: Քրիստոսը մեզ ազատեց սիրով, և այժմ էլ սերն է ազատում մեզ ամենավատ ստրկությունից՝ սեփական «ես»-ի ստրկությունից, դրա համար էլ ազատությունը մեծանում է սիրո հետ: Սակայն զգույշ եղե՛ք, քանի որ սա ինտիմ սեր չէ և ոչ էլ սերիալներում ցուցադրվող սերն է, այն կիրք չէ, որը փնտրում է միայն այն, ինչ կամենում է: Այն սերը, որը մենք տեսնում ենք Քրիստոսի մեջ, ողորմած սեր է, սերն իսկապես ազատ է և ազատաբեր»: Նման սերը դրսևորվում է անձնուրաց ծառայության մեջ։

     

    Կորնթացիներին ուղղված առաջին ուղերձում Պողոս առաքյալը պատասխանում է նրանց, ովքեր սխալ են հասկանում ազատությունը. «Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց ոչ ամեն բան՝ օգտակար: Ամեն ինչ ինձ արտոնված է, բայց պետք չէ, որ որևէ բանի իշխանության տակ լինեմ»: Նաև հետևյալը. «Ամեն ինչ ինձ թույլատրելի է, բայց ամեն ինչ չէ, որ հավատը հաստատում է»: Հենց սա է եսասիրական ազատությունը ճանաչելու կանոնը: Ազատություն, որը չի ստեղծում, այլ կործանում է: Եթե ​​ազատությունը չի ծառայում բարուն, ապա այն անպտուղ է:

     

    Այնուհետև Նորին Սրբությունը հիշատակեց ազատության ժամանակակից հայեցակարգերից մեկը. ««Իմ ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է քոնը»: Այնուամենայնիվ, այս հայեցակարգում բացակայում են հարաբերությունները, ուստի այն մնում է անհատապաշտական: Նա, ով ստացել է Քրիստոսի ազատության պարգևը, չի կարող մտածել, որ ազատությունը հեռացնում է ուրիշներից, չի կարող դիտարկել մարդկանց որպես սեփական ազատությանը խանգարողների, քանզի Քրիստոնյաների համար սոցիալական հարթությունը հիմնարար է, այն օգնում է հայացքն ուղղել դեպի համընդհանուր բարօրություն, այլ ոչ թե դեպի մասնավոր շահ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և խորհրդածությունն ավարտեց հետևյալ խոսքերով. «Մեր ազատությունը ծնվում է Աստծո սիրուց և աճում է սիրո մեջ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց


Recent Comments