• Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը Սբ. Պատարագ մատուցեց Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում

    Գնահատելով 30 տարվա ծառայության և նվիրումի պատմությունը


    2021թ. հոկտեմբերին լրացավ Աշոցքի «Տիրամայր Նարեկի» բարեգործական հիվանդանոցի հիմնադրման 30-ամյակը: Հոկտեմբերի 16-ին այս կարևոր հոբելյանի առթիվ հիվանդանոցում հանդիսավոր Սուրբ Պատարագ մատուցեց Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր Ամեն. և Գերջ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը՝ համապատարագությամբ Հայաստանում և Վրաստանում Պապական նվիրակ Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթթենկուրի, հիվանդանոցի վարչական մասի տնօրեն Հ. Մարիո Կուկարոլլոյի, լատինածես և հայ կաթողիկէ հոգևորականների: Ներկա էին Անարատ Հղության հայ միաբանության քույրեր, Մայր Թերեզայի միաբանության քույրեր, «Եկեղեցին կարիքի մեջ» միջազգային բարեսիրական կազմակերպության աշխատակիցներ, Աշոցքի հայ առաքելական համայնքների հոգևոր հովիվը, հիվանդանոցի անձնակազմը, Աշոցքի համայնքապետը, ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչներ, հավատացյալներ, ովքեր մշտապես օգտվել են երեք տասնամյակ այս տարածաշրջանում գործող հիվանդանոցի ծառայություններից: Նորընտիր Պատրիարքն իր քարոզում խոսեց հիվանդանոցի հիմնադրման առաջին օրերի մասին.

     

    «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ մեզ շնորհեց այս կենտրոնը՝ ամենատխուր ժամանակներում, որ ապրում էինք Հայաստանում: Շնորհակալ եմ Սուրբ Հովհաննես Պողոս Բ Քահանայապետին, որ այդքան մեզ մոտ էր մտքով և հոգով, որ մեզ շնորհեց այս հիվանդանոցը՝ այս մոռացված անկյունում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան թեթևացնելու իրենց ցավերը»:

     

    Հոգևոր Տերը հիշեց նաև հիվանդանոցի մյուս երախտավորներին, նրանց մեջ՝ Կամիլյան միաբաններին, հատկապես, Հ. Մարիո Կուկարոլլոյին, ով հիվանդանոցի հիմնադրման օրվանից Հայաստանում է և աշխատում է ավետարանական նվիրումով, հիշեց նաև քույր Նոյել Լոքատելլիին, որ ևս 25 տարուց ավելի ծառայեց հիվանդանոցում՝ որպես հիվանդների համար աղոթող և նրանց վերքերն ամոքող Հիսուսի փոքրիկ քույրիկ: Ամենապատիվ Տերը հիվանդանոցի ներկայությունը այս տարածաշրջանում բնութագրեց հետևյալ կերպ.

     

    «Այսօր մեզ համար տոնակատարություն է, որովհետև մեր մեջ տեսնում ենք Հիսուս Բարի Հովվին, որ գնում էր, բժշկում էր, հարություն էր տալիս մեռյալներին, ովքեր հավատում և հետևում էին իրեն: Այս կենտրոնն էլ այս երեսուն տարիներին վկայեց Քրիստոսի՝ Բարի Հովվի պատկերի մասին»:

     

    Հոգևոր Տերը երախտագիտություն հայտնեց նաև բուժանձնակազմին, որ փոխանցում են Աստծո սերը հիվանդներին՝ իրենց արհեստավարժ աշխատանքով: Ամենապատիվ Տերն ասաց, որ Սուրբ Պատարագը մատուցում է հիվանդանոցի բոլոր աշխատակիցների և հիվանդների դիտավորությամբ, քանի որ բոլորը հավաքված են Տիրոջ սիրո սեղանի շուրջ: Պատրիարքն աղոթեց, որ Աստծո ձեռքը միշտ հովանի լինի Սուրբ Պատարագի բոլոր մասնակիցների վրա, որպեսզի շարունակեն իրենց առաքելությունը: Հիվանդանոցի առաքելությունը մնում է անփոփոխ՝ լինել Հայաստանում Հիսուսի բուժիչ ներկայության մարմնացումը՝ ապաստան և բժշկական օգնություն տրամադրելով բոլոր հիվանդներին, մանավանդ, սոցիալական դժվարին պայմաններում ապրողներին: Հ. Մարիո Կուկարոլլոն վստահ է, որ հիվանդանոցի դերակատարությունը հարակից գյուղերի բնակիչների համար այսօր կարևոր է ճիշտ այնպես, ինչպես 1990-ականների սկզբին էր, որովհետև մարդկանց առողջապահական և սոցիալական շատ խնդիրներ մնում են դեռևս չլուծված.

     

    «Մենք անում ենք այն, ինչ կամենում էր Սբ. Հովհաննես Պողոս Բ-ը. այսինքն սա մի հիվանդանոց է, որ բոլորի համար է և, մանավանդ, այս տարածաշրջանի սոցիալապես անապոհովների: Հիվանդանոցը կառուցված էր միայն 15 տարվա համար, բայց արդեն 30 տարի է աշխատում ենք և դեռ շարունակելու ենք ավելի երկար»:

     

    «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը Աշոցքի համայնքներում շարունակում է կատարել նաև սոցիալական մարդասիրական առաքելություն՝ ֆինանսական և նյութական բազմաբնույթ աջակցություն տրամադրելով կարիքավոր ընտանիքներին՝ իտալացի հովանավորների հանգանակությունների միջոցով: Այս հիվանդանոցը նման է այն ավետարանական իջևանատանը, ուր բարի սամարացին տարավ ավազակների կողմից թալանված և ճանապարհին լքված մարդուն և որը դարձավ այդ կարիքավորի համար վերածննդի հնարավորություն:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

     

Օրացույց

Օրացույց