«Քրիստոնեական կյանքը սիրով ասված «այո» է»
Հոկտեմբերի 10-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց ավետարանական ամենավառ պատմություններից մեկը. Հիսուսի հանդիպումը հարուստ մարդու հետ, ով հավիտենական կյանք էր փնտրում (Մկ. 10,17-30):
Ի տարբերություն Մատթեոս և Ղուկաս Ավետարանիչների, ովքեր այդ մարդուն անվանում են երիտասարդ (Մտթ. 19, 20-22) և իշխանավոր (Ղկ. 18,18), Մարկոս Ավետարանիչը նրան պարզապես անվանում է «ինչ-որ մեկը»՝ չնշելով տարիքն ու անունը. այս հանգամանքը թույլ է տալիս մեզ բոլորիս ինքներս մեզ տեսնել այդ անձի մեջ և փորձել մեր հավատքը, – ասաց Նորին Սրբությունը:
Սկսելով զրույցը՝ մարդը հարցնում է. «Ի՞նչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ» (Մկ. 10,17): Նրա ամբողջ կրոնականությունը հիմնված է պարզ հետևողականության վրա՝ որևէ բան ստանալու համար ինչ-որ բան անել. «Սակայն դա առևտրային հարաբերություն է Աստծո հետ, ծառայություն` ծառայության դիմաց, մինչդեռ հավատքը ոչ մի կապ չունի այս սկզբունքի հետ: Հավատքը ազատության և սիրո հարց է: Այստեղ տեղին է տալ հետևյալ հարցը. Ի՞նչ է հավատքը մեզանից յուրաքանչյուրի համար: «Եթե դա հիմնականում պարտականություն կամ գործարք է, ապա մենք շեղվել ենք ճանապարհից, քանզի փրկությունը շնորհ է, այլ՝ ոչ թե պարտականություն, անշահախնդիր է և հնարավոր չէ այն գնել», – պարզաբանեց Սրբազան Քահանայապետը, ընդգծելով, որ այս դեպքում ամենից առաջ պետք է դադարել Աստծո մեջ առևտրականի տեսնել, չէ՞ որ Նա մեր Հայրն է:
Հիսուսն օգնում է զրուցակցին՝ բացհայտելով նրան Աստծո իսկական դեմքը, շարունակեց Նորին Սրբությունը.
«Տեքստում ասվում է. «Հիսուս նրան նայելով՝ սիրեց նրան» (Մկ. 10,21): Հենց այստեղ է ծնվում և վերածնվում հավատքը. ոչ մի պարտականություն, ոչ մի անելիք, այլ սիրալիր հայացք, որը պետք է ընդունել: Քրիստոնեական կյանքը հրաշալի է դառնում, եթե նրա հիմքը ոչ թե մեր կարողություններն ու ծրագրերն են, այլ՝ Աստծո հայացքը: Եթե ձեր հավատքը պակասում է, և ցանկանում եք այն վերակենդանացնել, ապա փնտրե՛ք Աստծո հայացքը, երկրպագեք Նրան, թույլ տվեք Նրան ներել ձեզ Խոստովանության ժամանակ, կանգնեք Խաչյալի առաջ: Այլ կերպ ասած՝ թույլ տվեք Նրան սիրել ձեզ»:
Հարցին և հայացքին հետևում է Հիսուսի հրավերը, Ով ասում է. «Քեզ մեկ բան է պակասում»: Ի՞նչն էր պակաս այդ հարուստ մարդու մոտ. նվիրելու, անշահախնդիր լինելու ունակությունը. «Գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր» (տես՝ Մկ. 10,21): Գուցե մենք ևս հենց սրա պակասն ունենք, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.
«Մենք հաճախ մեր հնարավորությունների նվազագույնն ենք անում, մինչդեռ Հիսուսը մեզ քաջալերում է անել առավելագույնը: Որքա՞ն հաճախ ենք կարծում, որ բավական է անել այն, ինչը մենք ընկալում ենք որպես պարտականություն. պահել պատվիրանները և կարդալ աղոթքները, մինչդեռ մեզ կյանք տվող Աստվածը մեզանից խանդավառություն է խնդրում: Այսօրվա Ավետարանում լավ տեսանելի է պարտականությունից դեպի պարգև այդ անցումը: Հիսուս հիշեցնում է պատվիրանները. «Մի ՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար….» (տես՝ Մկ. 10,19), այնուհետև ոգեշնչում է. «Գնա՛, վաճառի՛ր, բաժանի՛ր, հետևի՜ր Ինձ» (տես՝ Մկ. 10,21): Հավատքը չի կարող սահմանափակվել արգելքներով, քանզի քրիստոնեական կյանքը սիրով ասված «այո» է»:
«Սիրելի՜ եղբայրներ և քույրեր, հավատքն առանց պարգևի ու անձնուրացության թերի է», – շարունակեց Նորին Սրբությունը, նման հավատքը համեմատելով սննդարար, բայց անհամ ուտեստի հետ: Շահադիտական հավատքը, որը չգիտի պարգևի ու ողորմության գործերի մասին, ի վերջո մարդուն տխուր է դարձնում, ինչպես այդ հարուստ մարդուն, ում հենց Հիսուսը նայեց սիրալիր հայացքով, սակայն նա տխուր գնաց տուն (տես՝ Մկ. 10, 22):
Հարցնե՜նք ինքներս մեզ, կոչ արեց Սրբազան Քահանայապետը․
«Հիմա ո՞ր փուլում է մեր հավատքը: Ի՞նչ է այն մեզ համար սովորություն, պարտականություն, թե՞ կենդանի հարաբերություն Աստծո հետ։ Արդյո՞ք մենք այն սնուցում ենք՝ թույլ տալով Հիսուսին նայել և սիրել մեզ: Արդյո՞ք մենք երախտագիտությամբ ենք պատասխանում»:
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն աղոթեց Սուրբ Կույս Մարիամին, որպեսզի Նա սովորեցնի մեզ կյանքը պարգև դարձնել ուրիշների համար։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան