• Հռոմի Սբ. Վլաս Հայ Կաթողիկէ Եկեղեցու վերաբացումը

    «Զողորմութեան քո զդուռն բա՜ց մեզ, Տէր»


    2021թ. հոկտեմբերի 10-ին Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի նախագահությամբ տեղի ունեցավ Հռոմի Սբ. Վլաս հայ կաթողիկէ եկեղեցու վերաբացումը։ Հոգեպարար արարողությանը մասնակցեցին Արևելյան Եկեղեցիների խորհրդի նախագահ Վսեմ. Կարդինալ Լեոնարդո Սանտրին, Հռոմի թեմի տեղակալ եպիսկոպոս Վսեմ. Կարդինալ Անջելո դը Տոնաթիսը, Արևելյան Եկեղեցիների խորհրդի քարտուղար Գերպ. Ջորջո Տեմեթրիո Եպս. Կալլարոն, Ամերիկայի Միացյալ Նահանագների և Կանադայի «Տիրամայր Նարեկի» Հայ կաթողիկէ թեմի առաջնորդ Արհի. Միքայել եպս. Մուրադյանը, Հարավային Ամերիկիայի Հայ կաթողիկէ թեմի առաջնորդ Արհի. Պողոս եպս. Հագիմյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներկայացուցիչ Գերշ. Խաժակ Արքեպս. Պարսամյանը, Հռոմի Լևոնյան հայկական վարժարանի մեծավոր Գերհ. Հ. Նարեկ Ծ. Վրդ. Նաամոյանը, Հռոմի Թրասթևերեի Ս. Մարիամ եկեղեցու ժողովրդապետ Գերհ. Մարկո Ծ. Վրդ. Նիավը, Արևելյան Եկեղեցիների խորհրդի փոխ-քարտուղար Գերպ. Ֆլավիո Վրդ. Փաչեն, Հայ Կաթողիկէ, Լատին և Հայ Առաքելական եկեղեցիների գերապատիվ հայրեր և բարեշնորհ սարկավագներ, Անարատ Հղության Առաքինազարդ քույրեր՝ միաբանության ընդհանուր մեծավորուհի Մայր Արուսյակ Սաճոնյանի գլխավորությամբ, վարժարանի ժառանգավորաց դասը և հավատացյալների հոծ բազմություն:

     

    «Դռնբացէք»-ի արարողությամբ սկսվեց Եկեղեցու վերաբացումը, որից հետո, Ամենապատիվ և Գերերջանիկ Հոգևոր Տիրոջ ու Կարդինալ Սատրիի առաջնորդությամբ, հոգևոր դասը թափորով «Զողորմութեան քո զդուռն բա՜ց մեզ, Տէր» շարականը երգելով՝ մոտեցան Սուրբ Խորանին, որտեղ կատարվեց Ճաշու Երրորդ ժամերգությունը։

     

    Այնուհետև Գերպ. Ֆլավիո վրդ. Փաչեն ներկայացրեց երեք տարիների ընթացքում Եկեղեցում կատարված աշխատանքները և շնորհավորեց Հռոմի հայ համայնքին՝ վերաբացման առթիվ։ Ապա, Հոգևոր Տերն օրհնեց նորաշեն վեմը, որի վրա քանդակված է Եկեղեցու վերաբացման թվականն ու օրհնությունը՝ Ամեն. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքի ձեռամբ և Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի օրհնությամբ։

     

    Աղբյուրը՝ Լևոնյան հայկական վարժարանի ֆեսյբուքյան էջ

     

Օրացույց

Օրացույց