• «Աստված այս աշխարհի փոքրերի՝ հոգով խոնարհների մեջ է». Ն. Ս. Ֆրանցիսկոս

    «Երբ մենք Աստծո հետ ենք, թուլությունն ու խոցելիությունը դադարում են խոչընդոտներ լինել և վերածվում են հնարավորությունների»


    Քրիստոնյան պետք է ոչ միայն ծառայի փոքրերին, այլ նաև ինքն իրեն փոքր համարի: Սեփական փոքրության ընկալումը և գիտակցումը, որ մենք բոլորս փրկության կարիք ունենք, անհրաժեշտ է Տիրոջ հետ հանդիպման ժամանակ, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր խորհրդածությունում հոկտեմբերի 3-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Մեկնաբանելով օրվա ավետարանական հատվածը՝ Նորին Սրբությունն ասաց, որ Սբ. Մարկոսի Ավետարանից իմանում ենք, որ Հիսուս վրդովված է: Եվ զարմանալին այն է, որ Նրա վրդովմունքը առաջացրել են ոչ թե փարիսեցիները, ովքեր հարցաքննում էին Նրան ամուսնալուծության օրինականության մասին, այլ՝ աշակերտները, ովքեր փոխանակ պաշտպանեին Նրան ամբոխի ճնշումից, նախատում էին Հիսուսի մոտ բերված երեխաներին: Այլ կերպ ասած՝ Տերը բարկանում է ոչ նրանց վրա, ովքեր վիճում են Նրա հետ, այլ նրանց վրա, ովքեր Իր բեռը թեթևացնելու համար թույլ չեն տալիս երեխաներին գնալ Նրա մոտ.

     

    «Ո՞րն է նման արձագանքի պատճառը: Եկե՛ք հիշենք Ավետարանի այդ հատվածը, որը հնչեց երկու կիրակի առաջ. «Հիսուս գրկելով երեխային, Իրեն նույնացրեց փոքրերի հետ: Տերը սովորեցրեց, որ ամենից առաջ պետք է ծառայել փոքրերին, այսինքն նրանց, ովքեր կարիքի մեջ են և չեն կարող որևէ բանով վճարել (տես՝ Մկ. 9, 35-37): Նա, ով փնտրում է Աստծուն, գտնում է Նրան հենց այդ փոքրերի մեջ, ովքեր ունեն ոչ միայն նյութական, այլև՝ խնամքի և մխիթարության կարիք՝ հիվանդները, թշվառները, գերիները, գաղթականները, բանտարկյալները: Տերը նրանց ի նկատի ունի: Ահա՛ թե ինչու է Հիսուս վրդովված, քանզի փոքրին, աղքատին, անպաշտպանին հասցված ամեն մի վիրավորանք հասցվում է Նրան»:

    Այսօր Տերը վերադառնում է այդ ուսմունքին և լրացնում այն. «Ով Աստծո արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու» (Մկ. 10,15):

     

    «Ահա թե որն է նորույթը. աշակերտը ոչ միայն պետք է ծառայի փոքրերին, այլև ինքն իրեն ևս նույնքան փոքր համարի: Սեփական փոքրության ընկալումը և գիտակցումը, որ մենք բոլորս փրկության կարիք ունենք, անհրաժեշտ է՝ Տիրոջ հետ հանդիպման ժամանակ: Սա առաջին քայլն է՝ Հիսուսի առաջ բացվելու համար, սակայն մենք հաճախ մոռանում ենք այդ մասին, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: – Հարստության և բարեկեցության մեջ մենք ունենում ենք ինքնաբավության պատրանք, կարծես, Աստծո կարիքը չունենք: Սակայն դա խաբկանք է, քանզի մեզանից յուրաքանչյուրը թույլ է և կարիքավոր»:

     

    Մեծություն դառնալու համար անհրաժեշտ է նախ գիտակցել սեփական փոքրությունը, շարունակեց Նորին Սրբությունը.

     

    «Եթե մի քիչ խորհենք, ապա կհասկանանք, որ մենք մեծանում ենք ոչ այնքան հաջողությունների և այն ամենի շնորհիվ, ինչ ունենք, այլ՝ ամենից առաջ որոշ խոչընդոտներ հաղթահարելիս և թուլության ու անպաշտպանության պահերին: Հենց կարիքի մեջ ենք մենք դառնում առավել հասուն, անհրաժեշտություն ենք զգում մեր սրտերն Աստծո և ուրիշների առաջ բացելու, փորձում ենք հասկանալ և ընդունել կյանքի իմաստը: Եկե՛ք չհուսահատվենք, երբ մենք մեզ փոքր ենք համարում և բախվում որևէ խնդրի, խաչի, հիվանդության հետ, երբ հոգնած ենք ու միայնակ: Այդ պահերին դրսևորվում է մեր բնածին խոցելիությունը. դա մեր ընդհանուր հիմքն է, մեր գանձը, քանզի երբ մենք Աստծո հետ ենք, թուլությունն ու խոցելիությունը դադարում են խոչընդոտներ լինել և վերածվում են հնարավորությունների»:

    Հենց այս խոցելիությամբ ենք բացահայտում, թե որքան է Աստված հոգ տանում մեր մասին. «Այսօրվա Ավետարանում ասվում է, որ Հիսուս բարի է երեխաների հետ. «Վերցնելով նրանց իր գիրկը՝ նրանց վրա ձեռքը դրեց և օրհնեց» (Մկ. 10,16): Ամեն տեսակի խոչընդոտները, դժվարին իրավիճակները հիանալի հնարավորություն են՝ Նրա սերը զգալու համար: Դրա մասին շատ լավ գիտեն նրանք, ովքեր համառորեն աղոթում են.  անթափանց խավարի կամ միայնության պահերին Աստծո քնքշությունը մեզ համար ավելի ակնհայտ է դառնում: Այն տալիս է մեզ խաղաղություն, օգնում է աճել: Երբ մենք աղոթում ենք, Տերը գրկում է մեզ, ինչպես հայրն իր երեխային: Հենց այդպես ենք մենք մեծանում. ոչ թե մեր խաբուսիկ ինքնավստահությամբ, այլ՝ հաստատապես և ամեն ինչում ապավինելով Հորը: Ճիշտ այնպես, ինչպես անում են երեխաները»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին. «Եկե՛ք այսօր Սուրբ Կույս Մարիամից խնդրենք մեծ ողորմություն, շնորհ՝ մեզ փոքր զգալու, երեխաներ լինելու, Հորը ապավինելու համար, այն համոզմունքով, որ Նա միշտ հոգ է տանում մեր մասին»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց