• Քույր Եկեղեցիների հոգևոր առաջնորդները շնորհավորել են Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքին

    Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  շնորհավորական ուղերձներ են հղել Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքին:


    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր շնորհավորական ուղերձում «առ Աստված աղոթքով» հայցում է Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ Տանն Կիլիկիո նորընտիր Կաթողիկոս Պատրիարքի համար, որպեսզի «Տիրոջ օգնությամբ ծառայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու պայծառությանը, մեր ժողովրդի հոգևոր կյանքի միասնականության ամրապնդման և զորացման համար»։

    Գարեգին Բ-ը Ռաֆայել Պետրոս ԻԱ-ին մաղթում է «առողջություն և հաջողություններ աշխատանքներում՝ ի նպաստ Նրա խնամքին հանձնված հավատավոր հոտի հոգևոր կյանքի»:

     

    Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ը ուրախությամբ ու եղբայրական սիրով ողջունում է Ռաֆայել Պետրոս ԻԱ-ի ընտրությունը՝ մատնանշելով իրենց միջև գոյություն ունեցող «սերտ գործակցությունն ու սիրալիր հարաբերությունները, որոնք հիմնված են հոգևոր ու ազգային հասարակաց արժեքների և իդեալների վրա»:

    «Վստահ ենք, որ քրիստոնեական սիրով, ազգային վառ ապրումներով ու գործակցական ոգով պիտի շարունակվեն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Հայ Կաթողիկէ Պատրիարքության, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունները», նշում է Վեհափառ Հայրապետն իր նամակում՝ մաղթելով Աստծո օրհնությամբ լեցուն ծառայական բեղմնավոր տարիներ»։

     

    Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլն իր շնորհավորագրում գրում է, որ Եպիսկոպոսների Սինոդոսի որոշումը քրիստոնեական Արևելքի և համայն աշխարհի համար այս բարդ ժամանակներում, «վկայում են ձեր եկեղեցական ծառայության բարձր գնահատականի մասին, նաև՝ որպես Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների առաջնորդ»։

    Կիրիլ Պատրիարքը գոհունակությամբ նշել է, որ. «Դարեր առաջ երկու եկեղեցիների միջև հաստատված լավ հարաբերությունները շարունակվում են»։

    Պատրիարքը հիշում է նաև երջանկահիշատակ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի Ռուսաստան կատարած այցը՝ հուսալով, որ «դարեր առաջ երկու եկեղեցիների միջև հաստատված լավ հարաբերությունները շարունակվում են»: Նա նորընտիր Պատրիարքին մաղթում է «քաջառողջություն և Աստծո օգնությունը` սպասվելիք վեհ ու պահանջկոտ ծառայության մեջ»:

     

    Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի մամլո դիվան

Օրացույց

Օրացույց