• Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը գոհաբանական Սբ. Պատարագ մատուցեց Լևոնյան վարժարանում

    «Ձեր վրա վերցրեք իմ լուծը, որ քաղցր է և իմ բեռը՝ թեթև»


    Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ. Կաթողիկոս-Պատրիարքը 2021թ. սեպտեմբեր 26-ի առավոտյան ժամը 11:00-ին Հռոմի Քահանայապետական Լևոնյան Հայ Վարժարանում  մատուցեց գոհաբանական Հայրապետական Սբ. Պատարագ՝ առընթերակայությամբ Զմմառու Կղերի Միաբանության Սբ. Միքայել դպրեվանքի տեսուչ՝ Գեր. Գրիգոր Վրդ. Փադիշահի, Ուկրաինայի Կաթողիկէ Հայոց ժողովրդապետ Գերպ. Նարեկ Վրդ. Մնոյանի և մասնակցությամբ Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսաց դասի:

     

    Ս. Պատարագին նաև ներկա էին Արևմտյան Եվրոպայում Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ՝ Գերշ. Տ. Խաժակ Արքեպս. Պարսամյանը, լատինածես և արևելածես կաթողիկէ եկեղեցիների գերապատիվ հայրեր, Ս. Աթոռի մոտ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը, Անարատ Յղության Առաքինազարդ հայ քույրեր՝ գլխավորությամբ միաբանության ընդհանուր մեծավորուհի՝ Առաքինափայլ Մայր Արուսյակ Սաճոնյանի, և հավատացյալների հոծ բազմություն։

    Ամենապատիվ Հոգևոր Տերը օրվա քարոզում իր երախտագիտությունն ու գոհությունը բարձրացրեց առ Աստված իր նոր ընդունած պաշտոնի համար՝ որպես Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայրապետ, և շեշտեց շարունակությունը իր կյանքի Խաչի Ճանապարհի։ Նա երախտագիտություն հայտնեց նաև եղբայրակից եպիսկոպոսներին՝ ասելով. «դուք, ինձ հանձնելով այս պարտականությունը՝ մնացիք ինձ հետ միացած՝ այս ծանր բեռը տանելու և այն բարձրացնելու առ Աստված, որ ասում է. «Ձեր վրա վերցրեք իմ լուծը, որ քաղցր է և իմ բեռը՝ թեթև»:

     

    Կաթողիկոս Պատրիարքը նաև շնորհավորեց ներկա հավատացյալներին  Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ ամյակի առթիվ, ընդգծելով, որ «ներկայիս ազատության ու խաղաղության համար, որը վայելում ենք, պարտական ենք Աստծո նախախնամությանը և մեր հերոս զինվորներին, մանավանդ այն բազմահազար հերոսներին, ովքեր զոհվեցին 2020թ. 44 օրվա պատերազմի ընթացքում: Բազմահազար մատղաշ երիտասարդներն իրենց արյամբ պաշտպանեցին մեր հայ ինքնությունը և պատվաբեր կյանք ապրելու մեր իրավունքը՝ ազատ հայրենիքի մեջ»։

     

    Սբ. Պատարագի ավարտին Նորընտիր Պատրիարքը Լևոնյան վարժարանի բակում ընդունեց հավատացյալների շնորհավորանքները:

     

    Աղբյուր՝ Ռադիո Վատիկանի հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

     

Օրացույց

Օրացույց