«Թո՛ղ խաչն այսօր ևս լինի ձեր փրկության հենարանը, անցյալի և ապագայի միջև ձեր կամուրջը»
Սուրբ Հաղորդությունը «գոհություն է», – հիշեցրեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը` Հունգարիայի Հերոսների հրապարակում «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, և երախտագիտություն հայտնեց «հունգարական մեծ քրիստոնեական ընտանիքին», ողջունեց Բարդուղիմեոս Պատրիարքին, կաթողիկէներին և այլ դավանանքի հավատացյալներին, ովքեր քայլում են դեպի «լիակատար միասնություն տանող ճանապարհով»:
Երախտապարտ լինելով քաղաքացիական և կրոնական իշխանություններին ջերմ ընդունելության համար` Նորին Սրբությունը երախտագիտոթյուն հայտնեց Հունգարիայի ժողովրդին և հիմք ընդունելով Սուրբ Հաղորդության վեհաժողովն ուղեկցող օրհներգի խոսքերը, ասաց. «Թո՛ղ խաչն այսօր ևս լինի ձեր փրկության հենարանը, անցյալի և ապագայի միջև ձեր կամուրջը: Այս վեհաժողովի խորհրդանիշն է «առաքելության Խաչը». թո՛ղ այն խրախուսի ձեզ կյանքով հռչակել Աստծո անսահման քնքշության փրկարար Ավետարանը: Այսօր աշխարհը քաղց է զգում սիրո բացակայության պատճառով, իսկ Ավետարանն այն կերակուրն է, որին սպասում է մարդը»:
«Այսօր Վարշավայում Ավետարանի երկու վկաներ հռչակված են երանելիներ՝ Կարդինալ Ստեֆան Վիշինսկին և Էլիզաբեթ Չացկայան, ով Ֆրանցիսկյան քույրերի միաբանության հիմնադիրը և Խաչի աղախինն է», – շարունակեց Սրբազան Քահանայապետը: Լեհաստանի առաջնորդը, ով մի քանի անգամ ձերբակալվեց և բանտարկվեց, միշտ եղել է Քրիստոսի սրտի քաջարի հովիվը, ազատության և մարդկային արժանապատվության ավետաբերը: Քույր Էլիզաբեթը, ով կորցրել էր տեսողությունը վաղ հասակում, իր ամբողջ կյանքը նվիրեց կույրերին օգնելուն: «Թո՛ղ նոր երանելիները ոգեշնչեն մեզ՝ սիրո զորությամբ խավարը վերածելու լույսի», – կոչ արեց Նորին Սրբությունը;
«Մենք կարդում ենք «Հրեշտակ Տեառն» աղոթքը Մարիամի Սուրբ Անվան ծիսական երկրպագության օրը, – ընդգծեց Նորին Սրբությունը: – Հին ժամանակներում հունգարացիները, ակնածանքից ելնելով, չէին արտասանում Մարիամի անունը, այլ նրան անվանում էին այն նույն պատվավոր կոչումով, ինչպես թագուհուն: Թո՛ղ որ «օրհնյալ Թագուհին՝ ձեր հնագույն բարեխոսը» ուղեկցի և օրհնի ձեզ: Այս հիասքանչ քաղաքից ես օրհնում եմ բոլորին, հատկապես երեխաներին և երիտասարդներին, ծերերին և հիվանդներին, աղքատներին և լքյալներին: Աստված օրհնի հունգարացիներին», – ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը