• Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի Հունգարիա այցելությունը, Սբ. Պատարագ՝ Բուդապեշտի հայ կաթողիկէ համայնքի համար

    Ամենասուրբ Հաղորդությունը ստեղծում է  միություն, պետք է զորացնենք հաղորդությունը Քրիստոսի հետ և միաժամանակ՝ միմյանց միջև


    Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը իր մասնակցությունը բերեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2021թ. սեպտեմբերի 5-ից մեկնարկած Սուրբ Հաղորդության 52-րդ միջազգային համաժողովին: Բացման հանդիսավոր Սուրբ Պատարագից հետո Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը մասնակցեց համաժողովի շրջանակներում Եվրոպայի արևելածես եպիսկոպոսների համար կազմակերպված ժողովին, որը տևեց չորս օր: Ժողովին մասնակցում էին նաև Արժ. Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանը, ով ուղեկցում էր Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանին, և Հոգշն. Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանճյանը, ով ներկայացնում էր Թուրքիայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Լևոն Արքեպս. Զեքիյանին:

     

    Ժողովի ընթացքում եպիսկոպոսները քննարկել են Սուրբ Հաղորդությանը և Եկեղեցու սինոդականությանը՝ ժողովականությունը,  առնչվող հարցեր, ինչպես օրինակ՝ ինչպե՞ս են ապրում տարբեր եկեղեցական համայնքները Սուրբ Հաղորդության հանդեպ ջերմեռանդությունը, ինչ խնդիրներ կան այս հարթության մեջ:  Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանը ներկայացրել է հայկական իրականությունը, հայ ժողովրդի սերն ու նվիրումը՝ Ամենասուրբ Հաղորդության հանդեպ, սովետական շրջանում հավատքի կենդանի ապրումի պատմությունը: Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը հրավերքով կաթողիկէ արևելածես եպիսկոպոսների հաջորդ ժողովը 2022թ. սեպտեմբերի 21-25-ին տեղի կունենա Հայաստանում:

     

    Սեպտեմբերի 7-ին երեկոյան 17:00-ին Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը Սուրբ Պատարագ է մատուցել Բուդապեշտի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկէ մատռան մեջ՝ բազմաթիվ հայ կաթողիկէ հավատացյալների մասնակցությամբ: Սրբազան Հոր հետ համապատագել են Հոգշն. Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանճյանը և  Տ. Մաշտոցը: Քարոզի ժամանակ Սրբազան Հայրը անդրադարձ է կատարել Սուրբ Հաղորդության 52-րդ միջազգային համաժողովի և Սուրբ Հաղորդության թեմաներին: Ամենասուրբ Հաղորդությունը ստեղծում է  միություն, պետք է զորացնենք հաղորդությունը Քրիստոսի հետ և միաժամանակ՝ միմյանց միջև, շեշտել է Առաջնորդ Հայրը և կոչ արել հունգարահայերին վերագտնել հայ կաթողիկէ ինքնությունը, ապրել համերաշխությամբ, կենտրոնանալ Ամենասուրբ Հաղորդության խորհրդի շուրջ՝ հիշելով, որ դա՛ է հիմքը հոգևոր և համայնքային երջանկության:

     

    Սուրբ Պատարագից հետո տրանսիլվանահայերը ընթրիքի են հրավիրել Առաջնորդ Հորը, Հ. Վարդանին և Տ. Մաշտոցին: Հոգևորականների այցելությունը ջերմությամբ է լցրել հունգարահայերի սրտերը. նրանք հազվադեպ են առիթ ունենում հանդիպելու հայ կաթողիկէ հոգևորականների հետ:

     

    Հունգարիայում՝ հիմնականում նախ պատմական Տրանսիլվանիայի տարածքում, ապա և Բուդապեշտում, հայերը հաստատվել են 17-18-րդ դարերում՝ գաղթելով Ղրիմից, որտեղ էլ արտագաղթել և հաստատվել էին, ըստ որոշ տեղեկությունների, 13-րդ դարից սկսած, կամ ավելի վաղ՝ 9-10-րդ դարերից: 1921թ.-ից, երբ Տրանսիլվանիայի մի մասը միացավ Ռումինիային, Հունգարիայում կաթողիկէ հայերը հիմնականում կենտրոնացել են մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ մեծ հաջողությունների են հասել տարբեր բնագավառներում և մեծ ազդեցություն ունեցել հատկապես բժշկության, մշակույթի, ճարտարապետության և հոգևոր կյանքի զարգացման վրա: Հունգարիայի կաթողիկէ հայերի հոգևոր հովվությունը ստանձնել են Մխիթարյան միաբանության հայրերը: Նրանցից Հ. Աթանաս Վրդ. Տիրոյանի աջակցությամբ հայ կաթողիկէ համայնքը Բուդապեշտում ձեռք է բերել մասնավոր հողատարածք՝ հիմնելով նախ քահանայատուն (1922 թ.), ապա մատուռը (1924 թ.): 1925 թ. նոյեմբերին պաշտոնապես հաստատվել է շուրջ 300 հետևորդ ունեցող հայ կաթողիկէ եկեղեցին: Բուդապեշտի տարբեր թաղամասերում (Բաթոր փ. թիվ 19, Վադաս փ. թիվ 6, Տելեկի Պալ փ. թիվ 6, Սեմելվեյս փ. թիվ 9) ժամանակավոր գործելուց հետո՝ հայ կաթողիկէ համայնքի հոգևոր կենտրոնը հաստատվել է Օրլայ փ. թիվ 6 հասցեում գտնվող եռահարկ մի շինությունում, ուր հիմնել են Սուրբ Աստվածածին մատուռը, աղոթարանը և գրասենյակներ, իսկ վերնահարկը համայնքի առաջնորդ Հ. Անտոն Դանիել Կադարյանի (1916–1988թթ.) հոգածությամբ 1974 թ. վերածվել է թանգարանի: Այս սրահում տեղ է գտել՝ մոտավորապես նախորդ դարի երկրորդ կեսին գոյացած հնագիտական, պատմագիտական ու ազգագրական կարևոր նշանակության եկեղեցական ու կենցաղային իրերի հավաքածուն.այս թանգարանի մասին առավել մանրամասն տե՛ս՝ այստեղ: Հայտնի է, որ կոմունիստական իշխանության տարիներին ևս, երբ կրոնական կյանքը հալածվում էր և պաշտամունքային արարողություններն արգելված էին, համայնքի հոգևոր հովիվը մատակարարել է Սուրբ Խորհուրդները: Հ. Անտոն Դանիել Կադարյանը բանտարկվել է: 1960-ականներին հալածանքները մեղմացել են: Վերջին երեք տասնամյակներին Հունգարիայում մնայուն հայ կաթողիկէ քահանաներ չեն ծառայել, մխիթարյան, ապա նաև զմմառյան պատրիարքության վարդապետները ժամանակ առ ժամանակ այցելել են և մատակարարել Սուրբ Խորհուրդները: Տեղի լատինածես կաթողիկէների եպիսկոպոսի տնօրինությամբ Բուդապեշտում Սուրբ Պատարագը հայերի համար սկսել են մատուցել ոչ հայ քահանաները՝ հայկական Պատարագի տեքստով և ծեսով, բայց հունգարերենով: Աղոթե՛նք, որ Աստծո կամոք և Հայ Կաթողիկէ Եկեղեցու նվիրապետության ջանքերով Հունգարիայի հայ կաթողիկէ համայնքը ունենա մնայուն հոգևոր հովիվներ:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Տեղեկությունները տրամադրեց՝ Տ. Մաշտոց Քհն. Ղազարյան

     

Օրացույց

Օրացույց