Սինհոդոսը պետք է տեղի ունենա Հռոմի Լևոնյան Քահանայապետական Վարժարանում սեպտեմբերի 20-ից սկսած։
«Միջին Արևելքի տարբեր քաղաքներում և աշխարհի տարբեր երկրների թեմերում ծառայող Հայ Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսները առաջիկա սեպտեմբերի 20-ին հրավիրվել են Հռոմ, որպեսզի ընտրեն մայիսի 25-ին իր մահկանացուն կնքած երջանկահիշատակ Գրիգոր Պետրոսի Ի կաթողիկոս Պատրիարքի հաջորդին»։ Այս լուրը «Ֆիդես» լրատու գործակալությանը փոխանցել է Հալեպի Հայ Կաթողիկէների առաջնորդ և Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Պատրիարքության թափուր աթոռի կառավարիչ՝ Արհիապատիվ Պետրոս Արքեպիսկոպոս Միրիաթյանը։
Սինհոդոսական նիստերը կկայանան Կարդինալ Լեոնարդո Սանտրիի գլխավորությամբ
«Հունիսի 22-ին Լիբանանի Զմմառու մայրավանքում կայացած սինհոդոսի ժամանակ չկարողացան ընտրել Պատրիարք, քանի որ թեկնածուներից ոչ մէկը չկարողացավ հավաքել քվեների երկու երրորդը, ինչպես նախատեսված է Արևելյան Եկեղեցիների եկեղեցական կանոնադրության մեջ» հայտնեց գերապայծառ Միրիաթյանը՝ նշելով, որ, ըստ կանոնադրության, Պատրիարքի ընտրության հարցը Քահանայապետի ձեռքերում է, ում որոշման համաձայն հայ կաթողիկէ եպիսկոպոսները սեպտեմբերի 20-ին պիտի համախմբվեն Հռոմի Լևոնյան Քահանայապետական վարժարանում, որտեղ երկօրյա հոգևոր կրթությունից հետո՝ սեպտեմբերի 22-ին, պիտի սկսվեն ընտրության նիստերը՝ Արևելյան Եկեղեցիների Ժողովի Կառավարիչ Կարդինալ Լեոնարդո Սանտրիի նախագահությամբ։
Արևելյան Եկեղեցիների կանոնագրության համաձայն Պատրիարքի ընտրությունը
Ինչ վերաբերում է պատրիարքների ընտրության ընթացակարգին, ապա Արևելյան եկեղեցիների կանոնադրության 72-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ սահմանված է, որ «կընտրվի նա, ով կստանա ձայների երկու երրորդը»: Նույն կանոնի երկրորդ պարբերությունը պարզաբանում է, որ «եթէ ընտրությունները չավարտվեն տասնհինգ օրվա ընթացքում, ապա հարցի լուծումը կհանձնվի Սրբազան Քահանայապետին»:
Եթե Հայ կաթողիկէ եկեղեցու ընտրական սինոդի ընթացքում նոր փակուղի ի հայտ գա, ապա ընտրական ժողովի դրական արդյունքն ամեն դեպքում ապահովված կլինի, որովհետև որոշակի անհաջող քվեներից հետո կարելի է պատրիարք ընտրել այն թեկնածուին, ով կհավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը (հիսուն գումարած մեկ): Եթե ընտրական փակուղին շարունակվի, պատրիարք կընտրվի այն թեկնածուն, ով կհավաքի ձայների հարաբերական մեծամասնությունը: Իսկ, եթե քվեարկող եպիսկոպոսների ձայները հավասարապես կենտրոնանան երկու թեկնածուների վրա, ապա նրանցից Պատրիարք կդառնա նա, ով քահանայական ձեռնադրությամբ ամենաավագ եպիսկոպոսն է։
Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը