• Ընտանիքների միասնական հոգևոր ապրումի օրեր՝ «Աղաջանյան» ճամբարում

    «Մարդկային ընտանիքը մի ճանապարհ է, որով անցնում է Եկեղեցին».
    «Լույս հեթանոսաց», Վատիկանի Բ ժողով


    2021թ. օգոստոսի 29-30-ին Աղաջանյան ամառային ճամբարում Արժ. Տ. Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպվեցին «Ընտանիքի օրեր»: Մասնակցեցին 20 ընտանիքներ՝ տարբեր համայնքներից: Ընտանիքների համար հոգևոր կրթության այս օրերը Աղաջանյան ճամբարում երկրորդ անգամն է և կարևոր մի փորձառություն է, որ կոչված է աջակցելու ընտանիքներին ընկալելու իրենք իրենց՝ որպես քրիստոնյա ընտանիքներ, որպես Տիրոջ Եկեղեցու մաս կազմող և հավատքը իրենց ընտանիքներում ապրող առաջնային և հիմնական համայնքային միավորներ:

     

    Առաջին օրը ընտանիքներին ճամբարում ողջունեց Տ. Գրիգորը և իր ուրախությունն հայտնեց առ այն, որ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի օրհնությամբ հնարավորություն եղավ կազմակերպելու հոգևոր կրթության այս օրերը: Եկեղեցու առաջընթացը հնարավոր չէ պատկերացնել առանց հոգևորապես և բարոյապես սատարելու քրիստոնյա ընտանիքներին՝ ինքնազարգացման ճանապարհին: Եկեղեցին հիմնված է ընտանիքների վրա և Եկեղեցին՝ որպես Քրիստոսի հոգևոր ընտանիք, պետք է առաջ ընթանա ընտանիքների սրբության և եկեղեցասիրության ճանապարհով, շեշտեց Տ. Գրիգորը:

     

    Ընտանիքի օրերը բացվեցին միասնական Սուրբ Պատարագով, որ մատուցեց Արժ. Տ. Միքայել Քհն. Դումբուրյանը:

     

    Որպես առաջին բանախոսություն՝ Տ. Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյանը ընտանիքներին հրավիրեց խորհրդածել «Եկեղեցին և ընտանիքը» խորագրով մի թեմայի շուրջ:

    «Աստուած սէր է, և քանի որ մենք այդ սիրոյ մասնիկն ենք կազմում եւ կիսում ենք դա, մենք կոչուած ենք համընդհանուր եղբայրութեան, որը նշանակում է բաց լինել: Չկան «ուրիշներ», չկա «նրանք», կա միայն «մենք»: Մարդկային էակները կարող են ապրել, զարգանալ եւ գտնել իրականացում, միայն իրենց ես-ի ազնիւ պարգեւը տալով ուրիշներին, նրանք ամբողջովին չեն կարող իմանալ իրենք իրենց՝ առանց այլ անձանց հետ հանդիպման: Ոչ ոք չի կարող ունենալ կեանքի արժէքի փորձառութիւնը՝ առանց ունենալու իրական դեմքեր՝ սիրելու համար». բացատրեց Տ. Գրիգորը:

     

    Նրա հրավերով Ընտանիքի օրերին ներկա էր նաև «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի աշխատակից հոգեբան Կարինե Միրզոյանը, ով հարուստ փորձառություն ունի աշխատելու ոչ միայն ընտանիքների, անհատների, այլև՝ հատուկ կարիքներով երեխաների հետ: Նա խոսեց նախ ընտանիքի հոգեբանության, ընտանիքում միջանձնային հարաբերությունների նրբությունների, հոգեբանական խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին: Իսկ հաջորդ բանախոսությունները Միրզոյանը նվիրեց դրական ծնողավարման սկզբունքներին և մեթոդներին, երեխաների փուլային զարգացմանը բնորոշ յուրահատկություններին, կազմակերպեց քննարկումներ՝ ծնողներին հուզող խնդիրների շուրջ՝ առաջարկելով լուծման տարբերակներ՝ հոգեբանական տեսանկյունից: Մասնակիցները նաև հոգեբանական մի խաղի մասնակցեցին:

     

    Առաջին օրվա ավարտին մասնակիցները Հոգշն. Հ. Եղիա Վրդ. Դերձակյանի առաջնորդությամբ քահանաների հետ միասին աղոթեցին Տիրամոր Վարդարանի աղոթքը:

     

    Երկրորդ օրը սկսվեց Սուրբ Պատարագով, որը մատուցեց Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը:

     

    Արժ. Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը խոսեց Սուրբ Ընտանիքի մասին՝ որպես քրիստոնեական ընտանիքի կատարյալ մի սրբապատկեր, որին պետք է ձգտի նմանվել յուրաքանչյուր ընտանիք, որ ինքն իրեն համարում է Քրիստոսի աշակերտ և սրբության պահապան: Տ. Հովսեփը ընտանիքների ուշադրությունը հրավիրեց այն պատմական ճշմարտության վրա, որ Աստված ընտրեց հենց Նազարեթի այդ խոնարհ ընտանիքը՝ իր փրկության ծրագիրն իրագործելու համար, որպես մի ճանապարհ՝ դեպի մարդկության փրկություն: Այդ մեծ պատվին Սուրբ Ընտանիքն արժանացավ՝ Աստծո կամքի առջև անվերապահորեն, ի սրտե բաց լինելու, Տիրոջը նվիրված լինելու շնորհիվ: Ապա բանախոսը կանգ առավ Սուրբ Ընտանիքի յուրաքանչյուր կերպարի վրա՝ որպես օրինակներ՝ հոր, մոր և զավակի: Եվ, ի վերջո, հրավիրեց սովորել Նազարեթի Սուրբ Ընտանիքից, թե ինչպես պետք է փայփայել ու պաշտպանել աստվածային սրբությունը՝ սեփական ընտանիքում, և ըստ այդմ, միասնաբար գնալ դեպի սրբություն:

     

     

    Հոգշն. Հ. Ներսես Վրդ. Գալստյանը խոսեց «Ընտանիքը՝ որպես եկեղեցի» թեմայով՝ մասնակիցների ուշադրությունը հրավիրելով մի կարևոր ավանդական ճշմարտության վրա, որ յուրաքանչյուր քրիստոնյա ընտանիք կոչված է ինքն իր մեջ լինելու մի փոքրիկ եկեղեցի և միաժամանակ բաց՝ ուրիշների առջև՝ որպես Ընդհանրական Եկեղեցու մի վեմ: Հ. Ներսեսը բերեց հավատացյալ, նվիրյալ մի քանի ընտանիքների օրինակներ, որոնց հետ առիթ է ունեցել շփվելու իր հովվական ծառայության ընթացքում: Նա խոսեց հայկական ավանդական բարոյական արժեքների մասին, որ ժառանգաբար փոխանցվում են հայ ընտանիքներում՝ որպես հիմք հավատքի զարգացման և փոխանցման համար. սա մեր հայ քրիստոնեության կարևոր առանձնահատկություններից է՝ մի աստվածատուր պարգև, որ պետք է օգնի մեզ հաղթահարելու սովետական «դաստիարակության» հետևանքները, վստահ է Հ. Ներսեսը:

     

    Երկօրյա հանդիպումն ամփոփեց Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը՝ խնդրելով մասնակիցերին հանդես գալ առաջարկներով՝ ընտանիքի օրերը ավելի լավ կազմակերպելու համար: Մասնակիցներն առաջարկեցին անպայման շարունակել ամենամյա այս օրերը և ավելի երկար ձևաչափով: Նկատելի է, որ նրանց համար կարևոր է նման հանդիպումները, թեև դժվար համատեղելի գյուղատնտեսական առօրյայի հետ. շատ ընտանիքների համար գրեթե անհնարին է մասնակցել այսօրինակ հոգևոր կրթության օրերի: Աստծո կամոք, տարեց տարի նրանց թիվը, հուսանք, կավելանա: Աստծո առաջ հոգևոր կյանքում ավելին լինելու համար հարկավոր է զոհողություններ կատարել:

     

    Եկէ՛ք միասին աղօթենք մի աղօթք, որ գրել է Ֆրանցիսկոս Քահանայապետը իր «Սիրո ուրախությունը» առաքելական նամակի մեջ՝ յատուկ ընտանիքների համար՝ուղղուած Սուրբ Ընտանիքին.

     

    «Յիսու՛ս, Մարիա՛մ եւ Յովսէ՛փ,

    Ձեր մէջ ենք տեսնում ճշմարիտ սիրոյ գեղեցկութիւնը,

    Ձե՛զ ենք դիմում վստահութեամբ:

    Նազարեթի Սուրբ Ընտանի՛ք,

    Շնորհ արէ՛ք, որպէսզի մեր ընտանիքները եւս լինեն

    Հաղորդութեան եւ աղօթքի վայրեր,

    Աւետարանի իսկական դպրոցներ

    Եւ փոքրիկ տնային եկեղեցիներ:

    Նազարեթի Սուրբ Ընտանի՛ք,

    Թո՛ղ որ ընտանիքներն այլեւս երբեք

    Չտեսնեն բռնութիւն, մերժում եւ բաժանում,

    Թո՛ղ որ բոլոր նրանք, ովքեր վիրաւորուած են կամ վարկաբեկուած,

    Մխիթարութիւն եւ բուժում գտնեն:

    Նազարեթի Սուրբ Ընտանի՛ք,

    Մեզ դարձեալ յիշեցրէ՛ք

    Ընտանիքի սրբութիւնը եւ անձեռնմխելիութիւնը

    Եւ ընտանիքի գեղեցկութիւնը Աստծոյ ծրագրում:

    Յիսու՛ս, Մարիա՛մ եւ Յովսէ՛փ,

    Շնորհ արէ՛ք եւ լսեցէ՛ք մեր աղօթքը. Ամեն»:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

     

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments