• «Համայնքային Երիտասարդական Օրեր V»-ի յոբելեանական պաշտօնական բացումը «Աղաճանեան» կենդրոնում

    «Ինձ համար մեծ մխիթարութիւն է ձեզ ունենալ եւ զգալ, որ մենք մի ընտանիք ենք կազմում եւ այդ ընտանիքի ապագան հէնց դուք էք»


    2021 թուականի Օգոստոսի 1-ին Թորոսգիւղի «Աղաճանեան» կենդրոնում մեկնարկեց «Համայնքային Երիտասարդական Օրեր V»-ի յոբելեանական հաւաքը:

     

    Երիտասարդական օրերի բացումն ազդարարուեց հանդիսաւոր Սուրբ Պատարագով՝ ձեռամբ Արհի. Տէր Ռափայէլ Արքեպիսկոպս Մինասեանի, առընթերակայութեամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի եւ Գերպ. Հայր Նարեկ Վրդ. Մնոյեանի, ինչպէս նաեւ մասնակցութեամբ հայ կաթողիկէ  հոգևորականների եւ երիտասարդների:

     

    Հանդիսաւոր բացման արարողութեանը ներկայ էին նաեւ Լիբանանի Այնճար գիւղի «Սուրբ Վարդարանի Տիրամայր» Հայ Կաթողիկէ ժողովրդապետութեան հոգեւոր հովիւ Գերյ. Հայր Մեսրոպ Ծ. Վրդ. Թոփալեանը, Շվեդիայի Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր հովիւ Գերյ. Հայր Հովսէփ Ծ. Վրդ. Պահէեանը, Հայաստանում SOS Արեւելքի Քրիստոնեաներ կազմակերպութեան անդամները:

     

    Այս տարի, հանդիպման բնաբան է վերցուած Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից ներկայացուած աւետարանական հետեւեալ մէջբերումը. «Վե՛ր կաց. ես քեզ նշանակում եմ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար» (հմմտ. Գործք Առաքելոց, 26:16):

     

    Հայրական խօսքով հանդես եկաւ Առաջնորդ Հայր Արհի. Տէր Ռափայէլ Արքեպիսկոպս Մինասեանը:

    Սրբազան Հայրը իր գոհունակութիւնը յայտնեց, որ կրկին Աղաճանեան կենդրոնում տեսնում է այսքան երիտասարդների մեկտեղ հավաքուած՝ Հայաստանի տարբեր Հայ Կաթողիկէ համայնքներից:

     

    Իր խօսքում Առաջնորդ Հայրն ասաց.

    «Սիրելի՛ երիտասարդներ,

    Ինձ համար մեծ մխիթարութիւն է ձեզ ունենալ եւ զգալ, որ մենք մի ընտանիք ենք կազմում եւ այդ ընտանիքի ապագան հէնց դուք էք»:

     

    Երիտասարդներին իր խօսքն ուղղեց Հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նախագահ Գերյ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանը.

     

    «Սիրելի ներկաներ.

    «Թոյլ տուէք իմ անունից ջերմորեն ողջունել ձեզ՝ «Համայնքային երիտասարդական օրեր» 5-րդ յոբելեանական միջոցառման բացման կապացութեամբ: Ուրախ եմ ձեզ հետ միասին կրկին ներկայ գտնուելու Թորոսգիւղի «Աղաճանեան» կենդրոնում տեղի ունեցող այս կարևոր ու նշանակալի իրադարձութեանը:

    Երիտասարդներին իր խօսքն ուղղեց նաեւ Լիբանանի Այնճար գիւղի «Սուրբ Վարդարանի Տիրամայր» Հայ Կաթողիկէ ժողովրդապետութեան հոգեւոր հովիւ Գերյ. Հայր Մեսրոպ Ծ. Վրդ. Թոփալեանը:

    Խօսքով հանդէս եկաւ Աղաճանեան կենդրոնի տնօրէն Արժ. Տէր Գրիգոր Աւագ Քհնյ. Մկրտչեանը՝ երիտասարդներին խնդրելով ուշադրութիւն դարձնել կարգապահական հարցերին, լինել կանոնապահ եւ յարգել օրակարգը:

    Օրուա աւարտին երիտասարդները միասին դիտեցին մինչ այս յոբելեանական, «Համայնքային երիտասարդական օրեր»-ը կազմակերպուած նախորդ չորս հաւաքների մասին պատմող ամփոփ տեսանիւթ, որը նաեւ ներառում էր Համանքային երիտասարդաց օրեր միջոցառման ստեղծման նախապատմութիւնը, եւ հաւաստում այն բանի, որ «Համաշխարհային Երիտասարդաց օրեր»-ը՝ շարունակութիւնն է ու մոդելը տեղական մակարդակով:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

     

Օրացույց

Օրացույց