• Մերձավորության և հոգատարության կարևորությունը. Ն. Ս. Ֆրանցիսկոսը քարոզել է հիվանդանոցի պատշգամբից

    Քահանայապետը հետվիրահատական վերականգնման փուլում է


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն իր հովվապետության ընթացքում առաջին անգամ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդաց Ջեմելլիի անվան հիվանդանոցյից, որտեղ նա արդեն գտնվում է մեկ շաբաթ՝ վիրահատությունից հետո: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց բժիշկներին և հիվանդանոցի ողջ անձնակազմին հոգատարության համար, իսկ աշխարհի բոլոր մարդկանց՝ մերձավորության և աղոթական աջակցության համար:

     

    Սրբազան Քահանայապետն անցնում է հետվիրահատական ​​վերականգնման փուլը հիվանդանոցյի 10-րդ հարկում գտնվող պալատում, որտեղ յոթ անգամ կանգ է առել Հովհաննես Պողոս II Պապը: Նա դուրս եկավ պատշգամբ մի քանի երեխաների ուղեկցությամբ, ովքեր բուժում են ստանում այս բազմապրոֆիլ հիվանդանոցյում:

     

    «Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ կիրակնօրյա «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալ «Ջեմելլի» հիվանդանոյից: Սրտանց շնորհակալ եմ բոլորիդ, քանզի ես զգում էի ձեր մերձավորությունը և աղոթական աջակցությունը: Ի սրտե շնորհակալ եմ բոլորիդ», – ասաց Նորին Սրբությունը և հիշատակեց մի հատված Մարկոսի Ավետարանից: Այնտեղ ասվում է, որ Հիսուսի աշակերտները «բազում հիվանդների օծում էին յուղով և նրանց բժշկում» (Մկ. 6,13), Սրբազան Քահանայապետը պարզաբանեց.

     

    «Ակամայից մտածում ես Հիվանդների օծման խորհրդի մասին, որը մխիթարանք է հոգու և մարմնի համար: Սակայն այդ «յուղը» նրանց ուշադրության, մերձավորության, հոգատարության և քնքշության նշանն է, ովքեր խնամում են հիվանդներին. դա գուրգուրանք է, որն օգնում է ավելի լավ զգալ, թեթևացնում է ցավն ու բարձրացնում տրամադրությունը: Մենք բոլորս, վաղ թե ուշ, զգում ենք այդ «օծման կարիքը», և մենք այն կարող ենք տալ մեկ ուրիշ մարդու՝ նրան այցելելով, զանգահարելով, օգնության ձեռք մեկնելով նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»:

     

    Նորին Սրբությունը հիշեցրեց, որ Դատաստանի օրը մեզ տրվելիք հարցերից մեկը վերաբերելու է հիվանդների հանդեպ հոգատարությանը և խնամքին, որին մենք պետք է պատասխանենք: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ հոսպիտալացման այս օրերին նա զգացել է լավ բուժսպասարկման կարևորությունը, որը հասանելի է բոլորին, ինչպես դա Իտալիայում է և այլ երկրներում: Այս արժեքավոր ձեռք բերումը պետք է պահպանել, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Սրբազան Քահանայապետն իր երախտագիտությունն ու զորակցությունը հայտնեց բժիշկներին, բուժաշխատողներին ու հիվանդանոցի անձնակազմին և կոչ արեց աղոթել բոլոր հիվանդների համար, հատկապես, երեխաների և նրանց համար, ովքեր գտնվում են առավել ծանր վիճակում. «Թո՛ղ ոչ ոք չմնա միայնության մեջ, թո՛ղ յուրաքանչյուրը ստանա ուշադրության, մերձավորության, քնքշության և հոգատարության օծումը», – ավարտին ասաց Նորին Սրբությունը՝ հայցելով Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությունը հիվանդների բժշկության համար:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց