• Աստծո սերը բուժում է բոլոր վերքերը

    «Քու՛յր, եղբա՛յր, թույլ տվեք Հիսուսին նայել ձեզ և բուժել ձեր սրտերը»:


    Ամենալուրջ հիվանդությունը սիրո պակասն է և սիրելու անկարողությունը, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը` «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Մեկնաբանելով մի հատված Մարկոսի Ավետարանից (5, 21-43), Նորին Սրբությունն ընդգծեց, որ այստեղ Հիսուս բախվում է մարդկային կյանքի երկու ամենադրամատիկ իրավիճակների՝ մահվան և հիվանդության հետ: Տերն այդ ամենից ազատում է երկու մարդու. մի աղջկա, որը մահանում է հենց այդ պահին, երբ նրա հայրը օգնություն էր խնդրում Հիսուսից, և մի կնոջ, որը երկար տարիներ արյունահոսություն ուներ: Քրիստոս դիպչում է մարդկային ցավին ու մահին և հրաշք է գործում՝ ասելով, որ ո՛չ ցավը, ո՛չ էլ մահը չեն կարող լինել վերջին խոսքը, քանզի մահը ամենևին էլ վերջը չէ: Քրիստոս հաղթում է թշնամուն, որից մենք մեր ուժերով չենք կարող ազատվել:

     

    Սրբազան Քահանայապետը խորհրդածեց արյունահոսող կնոջ բուժման մասին: Նա կորցրել էր ոչ միայն առողջությունը, այլև ոտնահարվել էին նրա զգացմունքներն ու իրավունքները, քանի որ համարվում էր անմաքուր: Այդ կինը մերժված էր հասարակության կողմից, նա չէր կարող կայուն մարդկային շփումներ ունենալ, չէր կարող ամուսնանալ, չէր կարող ընտանիք ունենալ, նա չուներ նորմալ սոցիալական կապեր. հիվանդությունը նրան «անմաքուր» էր դարձրել բոլորի համար: Կոտրված սրտով նա մնացել էր միայնակ իր հիվանդության հետ, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Ո՞րն է կյանքի ամենասարսափելի հիվանդությունը. քաղցկե՞ղը, տուբերկուլյո՞զը, համավարա՞կը: Ո՛չ: Կյանքի ամենասարսափելի հիվանդությունը սիրո բացակայությունը և սիրելու անկարողությունն է: Այո՛, այդ խեղճ կինը տառապում էր արյունահոսությունից, սակայն դրա պատճառով նաև՝ սիրո բացակայությունից, քանի որ չէր կարող շփվել ուրիշների հետ: Ուստի, ամենից առաջ անհրաժեշտ է բուժում գտնել զգացմունքների և իրավունքների համար: <…> Դա մեզ Հիսուսն է տալիս»:

     

    Անանուն կնոջ պատմությունը, որում յուրաքանչյուրը կարող է տեսնել իրեն, արժանի է ընդօրինակման, շարունակեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Ավետարանում ասվում է, որ նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից և իր ամբողջ ունեցվածքը ծախսել էր, բայց որևէ օգուտ չէր գտել, այլ է՜լ ավելի վատացել էր» (Մկ. 5, 26): Որքան հաճախ ենք մենք դիմում սխալ միջոցների՝ մեր սիրո պակասը լրացնելու համար: Մենք ենթադրում ենք, որ հաջողությունն ու փողը մեզ երջանկացնում են, սակայն սերը չի կարելի գնել, այն անգին է: Մենք թաքնվում ենք վիրտուալ աշխարհում, բայց սերն իրական է: Մենք չենք ընդունում մեզ այնպիսին, ինչպիսին կանք, և փորձում ենք արտաքնապես գեղեցկանալ, սակայն սերը արտաքին տեսքը չէ: Մենք օգնություն ենք փնտրում մոգերի և գուշակների մոտ, սակայն արդյունքում մնում ենք առանց փողի և հոգու հանգստության, ինչպես այդ կինը: Ի վերջո նա ընտրում է Հիսուսին և մտնում է ամբոխի մեջ, որպեսզի դիպչի գոնե Նրա հագուստին: Այսպիսով, այդ կինը ուղիղ և անմիջական կապ է փնտրում Քրիստոսի հետ: Համավարակի այս ժամանակահատվածում մենք հասկացանք, թե որքան կարևոր են շփումներն ու հարաբերությունները: Այդպես է նաև Հիսուսի հետ. երբեմն մենք բավարարվում ենք միայն որոշակի կանոնների հետևելով ու աղոթքներ կրկնելով՝ հաճախ թութակների նման, սակայն Տերը սպասում է, որ մենք կհանդիպենք Նրան և Նրա առաջ կբացենք մեր սիրտը, կդիպչենք Նրա զգեստին, ինչպես այդ կինը՝ բուժվելու համար: Քանզի, երբ մենք մոտենում ենք Հիսուսին, մեր զգացմունքները բուժվում են»:

     

     

    Հենց դա է Տիրոջ ցանկությունը, ասաց Նորին Սրբությունը. «Չնայելով ամբոխին, որը նեղում էր Հիսուսին բոլոր կողմերից, Քրիստոսը փնտրում է նրան, ով դիպավ Իրեն: Շուրջբոլորը շատ մարդիկ կան, բայց Նա փնտրում է հավատքով լի դեմքն ու սիրտը: Նա նայում է ոչ թե բոլորին, այլ անձին: Նրա հայացքը կանգ չի առնում անցյալի վերքերի ու սխալների վրա, քանզի Նա տեսնում է շատ ավելի հեռուն, քան մեր մեղքերն ու նախապաշարմունքներն են: Մենք բոլորս ունենք մեր պատմությունը և մեզանից յուրաքանչյուրը լավ գիտի դրա վատ, մռայլ կողմերը: Տերը նայում է նրանց՝ բուժելու համար: Սակայն մենք սիրում ենք տեսնել վատը ուրիշների մեջ: Հաճախ, զրուցելով որևէ մեկի հետ, մենք բամբասում ենք»: Ի տարբերություն մեզ՝ Քրիստոս փրկելու համար է նայում: Նա նայում է մեր բարի կամքին, ոչ թե մեր վատ պատմությանը: Հիսուս բուժում է բոլորի կողմից մերժված և անմաքուր համարվող կնոջը, քանի որ տեսնում է Նրա սիրտը: Նա քնքշությամբ նրան անվանում է «դուստր», գովում նրան՝ վերականգնելով նրա ինքնավստահությունը:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին. «Քու՛յր, եղբա՛յր, թույլ տվեք Հիսուսին նայել ձեզ և բուժել ձեր սրտերը: Եթե ​​դուք արդեն զգացել եք Նրա նուրբ հայացքը, ապա ընդօրինակեք Նրան, վարվեք այնպես, ինչպես Նա: Նայե՛ք ձեր շուրջբոլորը և դուք կտեսնեք, որ մոտակայքում ապրող մեծաթիվ մարդիկ տառապում են, քանի որ դժբախտ են ու միայնակ: Անհրաժեշտ է, որ նրանք իրենց սիրված զգան, դե ուրեմն նրանց ընդառաջ քայլի՛ր: Եկե՛ք բացենք մեր սրտերը՝ ուրիշներին ընդունելու համար, քանի որ միայն սերն է բուժում կյանքը: Թո՛ղ տառապյալներին մխիթարող Սուրբ Կույս Մարիամը օգնի մեզ լինել սիրալիր մեր ճանապարհին հանդիպող բոլոր վիրավոր սրտերի նկատմամբ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց