• «Կարդինալ Աղաջանյան» կենտրոնում տեղի ունեցավ Սբ. Խորանի սպասավորների եռօրյա հոգևոր կրթություն

    Մտերմություն Հիսուսի հետ, զրույց՝ սրտից դեպի Սուրբ Սիրտը


    Հունիսի 28-30-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Կարդինալ Աղաջանյան» կենտրոնում կազմակերպվեց Սուրբ Խորանի սպասավորների պատրաստություն և հոգևոր կրթություն՝ նախաձեռնությամբ Փանիկի հայ կաթողիկէների ժողովդապետ և Առաջնորդության երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի: Մասնակցեցին մոտ վեց տասնյակ պատանիներ՝ Հայաստանի տարբեր կաթողիկէ համայնքներից՝ իրենց հոգևորականնեի հետ միասին:

     

    Առաջին օրը պաշտոնական բացման արարողության ժամանակ Հ. Գառնիկն իր խոսքում հստակեցրեց այս եռօրյա կրթության նպատակը, որն ինչպես ամեն տարի, նույն տրամաբանության մեջ է.

     

    «Ճանաչել Քրիստոսի Անձը, առավել զարգացնել Տիրոջ հետ մտերիմ հարաբերություն, առավել հմտանալ Խորանի ծառայության առաքելության մեջ, որպեսզի մի օր զգան կոչում՝ ծառայելու Աստծուն՝ որպես հոգևորականներ»:

     

    Գերպ. Հ. Եղիա Վրդ. Դերձակյանը, Արժ. Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը և Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը ևս ողջունեցին սպասավորներին և խոսեցին այս օրերի կարևորության, Խորանի սպասավորությանը ամենայն լրջությամբ և երկյուղածությամբ մոտենալու անհրաժեշտության մասին:

     

    Օրվա երկրորդ կեսին Սուրբ Պատարագ մատուցեց Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը: Ապա Տ. Նարեկը բանախոսեց «Սպասավորությունը՝ ծառայություն Եկեղեցում» թեմայով՝ ընդգծելով սպասավորների լավ պատրաստվածության կարևորությունը, որպեսզի օրինակ ծառայեն նաև իրենց տարեկիցներին, Սուրբ Սեղանի առջև ամեն բան ճշգրիտ կատարելու մասին: Սպասավորներն Աստծո ծառաներ են, որոնք կոչված են օգնելու քահանաներին՝ մատուցելու Պատարագը:

     

    Խորանի սպասավորության և երգեցողության դասընթացները վարեցին Հովհաննես Միքայելյանը և Գևորգ Թովմասյանը: Երեկոյան միասին աղոթեցինք Վարդարանի աղոթքը՝ սպասավորների դիտավորությամբ: Ընթրիքից հետո սպասավորները դիտեցին մի փաստագրական ֆիլմ՝ Սրբուհի Մայր Թերեզայի մասին:

     

    Երկրորդ օրը սկսվեց Սուրբ Պատարագով, որ մատուցվեց ձեռամբ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանի:

     

    Նախաճաշից հետո հոգևոր կոչման մասին բանախոսեց Սրբոց Հրեշտակապաետաց Միացյալ Հոգևոր ճեմարանի փոխտեսուչ Գերպ. Հ. Պետրոս Վրդ. Մարաշլյանը, նաև ճեմարանական Սիմավոն Մկրտչյանը: Օրվա երկրորդ կեսին սպասավորները նաև դիտեցին մի ֆիլմ, որը ներկայացնում էր Միացյալ Հոգևոր Ճեմարանի ներկայիս գործունեությունը, տեսուչ Գերպ. Հ. Մաշոց Վրդ. Զահթերյանի խոսքը և առիթն ունեցան մտածելու քահանայական ծառայության մասին: Հ. Պետրոսի բանախոսությունից հետո մի քանի պատանիներ հայտնեցին իրենց մտքերը՝ քահանայական ծառայության պատրաստվելու մասին:

     

    Իմ բանախոսության մեջ ես սպասավորների ուշադրությունը հրավիրեցի Հիսուսի Սուրբ Սրտի նկատմամբ ջերմեռանդության վրա՝ սպասավորներին անվանելով «Հիսուսի Սուրբ Սրտի հրավառ, լուսաշող մասնիկիներ», ինչպես վերնագրել էի նաև թեման: Խոսեցի Հիսուսի Սրտի մասին՝ որպես աստվածային ողորմության կատարյալ արտահայտություն, որտեղ տեղ ունի յուրաքանչյուր մարդ արարած, և մանվանդ Խորանի սպասավորները, որոնք կատարում են հրեշտակների գործը՝ երկրի վրա և կոչված են մարդկանց փոխանցելու Հիսուսի սերը՝ Սուրբ Խորհուրդների, մանավանդ, Սուրբ Զոհի մատակարարմանը իրենց մասնակցությամբ: Կատարեցինք նաև Սուրբ Սրտին նվիրման, Լիթանիայի աղոթքները, իսկ ընթրիքից հետո՝ Սուրբ Հաղորդության երկրպագություն:

     

     

    Երրորդ օրը սկսվեց Սուրբ Պատարագի մատուցմամբ՝ ձեռամբ Գերպ. Հ. Եղիա Վրդ. Դերձակյանի: Երգեցողության դասընթացից հետո Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհն. Մկրտչյանը խոսեց «Սրտով սպասավորում եմ Սուրբ Խորանին» վերնագրով թեմայով, որտեղ ընդգծել է ծառայության անկեղծության, սրտաբուխ, ոչ ձևական լինելու մասին, քանի որ սրանք սպասավորության այն հատկանիշներն են, որոնք նմանեցնում են հրեշտակների երկնային դասերին, որոնք անդադար փառաբանում են Տիրոջը՝ Երկնքում:

     

    Սպասավորներին տրվեց նաև բացատրություն՝ եկեղեցական սպասքի և զգեստների մասին, քանի որ ամեն տարի նոր պատանիներ են գալիս և միշտ կարիքը կա սովորեցնելու ծառայությանը առնչվող բոլոր մանրամասները: Հայր Գառնիկը գոհունակությամբ ամփոփեց եռօրյա կրթությունը և աղոթեց, որ լինի արդյունավետ համայնքային հոգևոր ծառայության մեջ:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

     

Օրացույց

Օրացույց