• Տարեցների իմաստությունը և երազանքը կարող են կառուցել մեր ներկան և ապագան

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ տարեց մարդիկ կանչված են վաղվա աշխարհը եղբայրության և սոցիալական բարեկամության մեջ կառուցելու համար: Այդ աշխարհն ունի երեք հիմնասյուններ, որոնք միայն տարեցները կարող են վեր բարձրացնել. դա երազանքն է, հիշողությունը և աղոթքը:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հատուկ ուղերձով դիմեց աշխարհի բոլոր տարեցներին՝ պատմության մեջ տատիկների, պապիկների և տարեց մարդկանց I համաշխարհային օրվա կապակցությամբ, որը կնշվի հուլիսի 25-ին:

     

    Նորին Սրբությունը հավաստիացնում է տարեցներին Եկեղեցու մերձավորության, սիրո և հոգատարության մեջ՝ նրանց հասցեագրելով Հիսուսի խոստումը համբարձվելիս. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում» (Մտթ. 28, 20): Հիմա դժվարին ժամանակներ են, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «համավարակը դարձավ անսպասելի և կատաղի մի փոթորիկ», որը հարված հասցրեց բոլորի կյանքերին՝ հատկապես տարեցների, քանի որ նրանցից շատերը հիվանդացան և հեռացան կյանքից, ուղեկցեցին իրենց մահացող ամուսիններին և մտերիմներին, միայնակ հաղթահարեցին երկար մեկուսացումը:

     

    Տերը գիտի յուրաքանչյուր ապրած ցավի մասին, ինչպես Սբ. Հովակիմի՝ Հիսուսի պապիկի ժամանակ, Նա միշտ հրեշտակներ է ուղարկում՝ հաստատելով Իր խոստումը. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում»: Տատիկների և պապիկների համաշխարհային օրը Նորին Սրբությունը ցանկացավ «առաջին անգամ նշել այս տարի՝ երկարատև մեկուսացումից և համայնքային կյանքի դանդաղ վերածննդից հետո»: Այս տոնի իմաստն այն է, որ «ամեն մի պապիկի ու տատիկի, ամեն մի տարեց մարդու՝ հատկապես միայնակներին, այցելի հրեշտակը»: Երբեմն այս հրեշտակներն այցելում են թոռների, ընտանիքի անդամների, հին ընկերների կամ նոր ծանոթների տեսքով. «Այս ժամանակահատվածի ընթացքում մենք հասկացանք, թե մեզանից յուրաքանչյուրի համար որքա՜ն կարևոր են գրկախառնումներն ու այցելությունները, և որքան տխուր է, որ որոշ տեղերում դա դեռ հնարավոր չէ»:

     

    Սակայն Տերը, ընդգծում է Սրբազան Քահանայապետը, ավետաբերներ է ուղարկում մեզ մոտ նաև Իր Խոսքի միջոցով, ուստի անհրաժեշտ է «ամեն օր կարդալ Աստվածաշունչ, Սաղմոսներ աղոթել, կարդալ մարգարեներին». մեզ հուզելու է Տիրոջ հավատարմությունը, Ով կյանքի և օրվա ցանկացած պահին աշխատողներ է ուղարկում Իր խաղողի այգին (տես՝ Մտթ. 20, 1-16): Սրբազան Քահանայապետը վկայում է, որ ինքը ևս կանչված էր Սուրբ Պետրոսի աթոռի համար, երբ արդեն «կենսաթոշակային տարիքի» տարեց մարդ էր և չէր ակնկալում «շատ նոր բան» անել: Սակայն Տեր-Մխիթարիչը միշտ մոտ է, Նա հավերժ է և երբեք չի գնում հանգստանալու»:

     

    Տարեցները, ըստ Նորին Սրբության, կանչված են «արմատները պահպանելու», հավատքը երիտասարդներին փոխանցելու և ամենափոքրերի մասին հոգ տանելու համար.

     

    «Գոյություն չունի կենսաթոշակային տարիք, երբ խոսքը վերաբերում է Ավետարանը հռչակելուն, ավանդույթները թոռներին փոխանցելուն»:

     

    Անհրաժեշտ է նպատակներ ունենալ, փորձել հաղթահարել սահմանափակումները և նոր բան սկսել: Աստվածաշնչում Նիկոդեմոսը հարցնում է Հիսուսին. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է» (տես՝ Հովհ. 3,4), և Տերը պատասխանում է, որ դա կարելի է անել՝ սիրտը բացելով Սուրբ Հոգու առջև, Որը շնչում է որտեղ ուզում է:

    COVID-19 համավարակի պատճառով առաջացած ներկայիս ճգնաժամից պետք է դասեր քաղել, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Շնչառական ապարատների բացակայության պատճառով տարեցների մահը, վարակված մարդկանց մեծաթիվ տառապանքները չպետք է ապարդյուն լինեն, այլ օգնեն անցնել նոր կենսակերպի: Անհրաժեշտ է մեկընդմիշտ հասկանալ, որ մենք «միմյանց կարիքն ունենք և միմյանց պարտական ենք». մարդկությունը միայն այսպես կարող է վերածնվել, քանզի ոչ ոք չի կարող ինքն իրեն միայնակ փրկել:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ տարեց մարդիկ կանչված են վաղվա աշխարհը եղբայրության և սոցիալական բարեկամության մեջ կառուցելու համար: Այդ աշխարհն ունի երեք հիմնասյուններ, որոնք միայն տարեցները կարող են վեր բարձրացնել. դա երազանքն է, հիշողությունը և աղոթքը:

     

    Յովել մարգարեն մի անգամ խոստացավ. «Ձեր ծերերը երազներ կտեսնեն, և ձեր երիտասարդները տեսիլքներ կունենան» (տես՝ Յովել 2,27): Աշխարհի ապագան երիտասարդների և ծերերի ուխտի մեջ է, ընդգծում է Նորին Սրբությունը. հենց երիտասարդությունն է, որ կարող է որպես ուղեցույց ընտրել տարեցների երազանքը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ տարեցները շարունակեն երազել արդարության, խաղաղության ու համերաշխության մասին և վկայեն ամենադժվար փորձությունները հաղթահարելու իրենց հաջող փորձի մասին:

     

    Երազանքները միահյուսվում են հիշողությանը՝ ամեն մի տարեց մարդու իսկական առաքելության հետ, ով վերապրել է դժվարությունների ցավը և գիտի խաղաղության գինը: Հիշողությունը կյանքի և առավել մարդկային, հյուրընկալ աշխարհի հիմքն է, ասաց Սրբազան Քահանայապետը:

    Նոր, վերածնված աշխարհի երրորդ հիմնասյունը աղոթքն է.

     

    «Վաստակյալ Բենեդիկտոս Պապը, ով միշտ աղոթում է Եկեղեցու համար և աշխատում հանուն նրա, մի անգամ ասել է. «Տարեցների աղոթքը կարող է պաշտպանել և օգնել աշխարհին, գուցե ավելի արդյունավետ, քան շատերի ջանքերը»:

     

    Տարեցների աղոթքը թանկագին աղբյուր է, ընդգծեց Նորին Սրբությունը. դա «թոք» է առանց որի չի կարող գոյություն ունենալ ո՛չ Եկեղեցին, ո՛չ էլ աշխարհը՝ հատկապես մարդկության համար այս դժվարին պայմաններում:

     

    Ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետը բերում է Երանելի ճգնավոր Շառլ դե Ֆուկոյի հրաշալի օրինակը.

     

    «Նրա ճակատագիրը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է նույնիսկ միայնության անապատում բարեխոսել հանուն ամբողջ աշխարհի աղքատների ու իսկապես դառնալ եղբայր և քույր բոլորի համար: <…> Թո՛ղ մեզանից յուրաքանչյուրը սովորի կրկնել բոլորին, հատկապես ամենափոքրերին՝ Հիսուսի մխիթարական այն խոսքերը, որոնք այսօր լսեցինք մեր հասցեին. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց