• Հրապարակվել է Ն. Ս. Ֆրանցիսկոս Քահանայապետի ուղերձը՝ «Աղքատների V համաշխարհային օրվա» առթիվ

    «Աղքատներին պետք է գրկել, այլ ոչ թե հաշվել». դոն Պրիմո Մացոլարի


    Սրբազան Քահանայապետն իր ուղերձը հրապարակեց Աղքատների V համաշխարհային օրվա կապակցությամբ, որը կնշվի նոյեմբերի 14-ին: Այս տարվա թեման է. «Աղքատները միշտ ձեզ հետ կլինեն» (Մկ.14, 7): Այս խոսքերը – ուղերձի սկզբում գրում է Նորին Սրբությունը – Հիսուսն ասաց Բեթանիայում՝ բորոտ Սիմոնի տանը սեղան նստած: Ինչպես Ավետարանիչն է պատմում. եկավ մի կին, որ հետն ուներ նարդոսի ազնիվ, մեծարժեք յուղի շիշ և շիշը կոտրելով՝ յուղը թափեց Հիսուսի գլխին: Այս վարմունքը զարմանք առաջացրեց և մեկնաբանվեց երկու տարբեր ձևերով:

     

    Նախ, կնոջ արարքը վրդովմունք առաջացրեց նրանց մոտ, ովքեր կարծում էին, որ ավելի լավ կլիներ վաճառել այդ յուղը և ստացված միջոցները բաժանել աղքատներին, քանի որ դա թանկարժեք անուշահոտ յուղ էր՝ 300 դահեկան արժողությամբ՝ հավասար աշխատողի տարեկան վաստակին: Ըստ Հովհաննես Ավետարանչի Հուդան հենց այսպես արձագանքեց կնոջ արարքին. «Նա այս ասաց ոչ թե նրա համար, որ աղքատների համար էր հոգում, այլ որովհետև գող էր և գանձարկղը ինքն էր պահում, և ինչ որ այնտեղ դրվում էր, ինքն էր վերցնում»: Պատահական չէ, որ այս վրդովմունքն արտահայտում է մեկը, ով հետագայում դավաճան դարձավ: Այս առիթով Օրիգենեսն ասել է հետևյալը. «Հետևաբար, նույնիսկ հիմա, եթե ինչ-որ մեկը՝ Եկեղեցու գանձարկղը բռնած, աղքատների մասին խոսում է այնպես, ինչպես Հուդան, սակայն գողանում է այնտեղ դրվածը, ապա, հավանաբար, նա ևս ինքն իր համար ընտրում է Հուդայի ճակատագիրը»:

     

    Երկրորդ, կնոջ վարմունքը մեկնաբանում է հենց Տերն այնպես, որ մենք կարողանանք հասկանալ դրա խոր իմաստը: Նա ասում է. «Թու՛յլ տվեք դրան. ինչու՞ եք նեղություն տալիս, որովհետև նա Ինձ համար մի բարի գործ արեց»: Այդ խոսքերով – պարզաբանում է Նորին Սրբությունը – «Հիսուս հիշեցնում է, որ առաջին աղքատը Ինքն է՝ աղքատներից ամենաաղքատը, քանի որ Նա ներկայացնում է նրանց բոլորին: Աստծո Որդին ընդունում է կնոջ այդ ժեստը՝ նաև աղքատ, միայնակ, լքյալ և իրավազուրկ մարդկանց անունից, իսկ յուղը Հիսուսի գլխին թափած կինը «կանչված է ներկայացնելու համար այն կանանց, ովքեր դարեր շարունակ ձայնազուրկ են եղել և բռնության ենթարկվել, դառնալ առաջինը մեծաթիվ կանանցից, ովքեր ներկա են Քրիստոսի կյանքի կուլմինացիոն պահին. Նրա խաչելությանը, մահվանը, հուղարկավորությանը և որպես Հարուցյալ (Հարություն առած) հայտնվելուն»: Հիսուսն այդ կնոջը կապում է ավետարանացման մեծ առաքելության հետ. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց»:

     

    Այս «էմպաթիան» Հիսուսի և կնոջ միջև՝ ի տարբերություն Հուդայի վրդովմունքի, վկայում է «Հիսուսի, աղքատների և Ավետարանի հռչակման անքակտելի կապի մասին»: Հիսուսի բոլոր գործողությունները հաստատում են, որ աղքատությունը ոչ թե ճակատագրի պտուղն է, այլ «Նրա ներկայության կոնկրետ նշանը մեր մեջ»: Աղքատներն իսկական ավետարանիչներ են, քանի որ նրանք առաջինն են ավետարանվել, և առաջիններն էին, ովքեր կանչվեցին Տիրոջ հետ կիսելու Նրա Թագավորության երանությունը: Աղքատները մեզ ավետում են բարի լուրը, և նրանք «ոչ միայն մասնակցում են  հավատքի ընդհանուր զգացումին՝ sensus fidei, այլև իրենց տառապանքների միջոցով ճանաչում են տառապող Քրիստոսին»:

     

    «Նոր ավետարանացումը կոչ է՝ նրանց կյանքի փրկարար ուժը ընդունելու և Եկեղեցու ճանապարհի կենտրոնում տեղադրելու համար», նրանց մեջ ճանաչելու Քրիստոսին, լինելու ընկերներ նրանց համար, լսել նրանց և ընդունել խորհրդավոր իմաստությունը, որն Աստված ցանկանում է փոխանցել մեզ աղքատների միջոցով:

     

    Հիսուսն ուղղակի աղքատների կողքը չի կանգնում, այլ նաև կիսում է նրանց ճակատագիրը: Նրա խոսքը՝ «աղքատները միշտ ձեզ հետ կլինեն», նշանակում է, որ նրանց ներկայությունը մշտնջենական է մեր մեջ, սակայն դա մեզ համար սովորական չպետք է դառնա՝ հանգեցնելով անտարբերության: Աղքատները համայնքի ներսում են, այլ ոչ թե «դրսում», եղբայրներ և քույրեր են, որոնց հետ միասին մենք կիսում ենք նրանց տառապանքը:

     

    «Ողորմությունը տրվում է ժամանակ առ ժամանակ, սակայն շփումը մշտական ​​է: Ողորմությունը կարող է հաճելի լինել հենց տվողին և նվաստացնել ստացողին, սակայն շփումը ամրապնդում է համերաշխությունը և նախապայմաններ ստեղծում արդարության հասնելու համար: Մի խոսքով, եթե հավատացյալները ցանկանում են տեսնել և դիպչել Հիսուսին, ապա գիտեն ուր դիմեն. Քրիստոսի խորհուրդը աղքատներն են, նրանք ներկայացնում են Նրա անձը և ճանապարհում դեպի Նա»:

     

    Պարզաբանելու համար, թե ինչ է նշանակում շփվել աղքատների հետ, Սրբազան Քահանայապետը բերում է Սբ. Դամիան դե Վեստերի օրինակը, ով կիսում էր բորոտությամբ հիվանդների ճակատագիրը:

    «Նրա վկայությունը խիստ արդիական է մեր օրերում՝ կորոնավիրուսի համավարակով ընդգծված. անշուշտ, Աստծո օրհնությունը գործում է շատերի սրտերում, ովքեր, առանց սենսացիաներ ստեղծելու, աշխատում են հանուն ամենաաղքատների»: Նորին Սրբությունը կոչ արեց արձագանքել ապաշխարելու և Ավետարանին հավատալու Տիրոջ հրավերին. այդ ապաշխարությունն ամենից առաջ նշանակում է բացել սրտերը և ճանաչել աղքատության բազմաթիվ ձևերը: Կրկին հիշատակելով համավարակը՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ անհրաժեշտ է գտնել «առավել ճշգրիտ լուծումներ վիրուսի դեմ համաշխարհային մակարդակով պայքարելու համար՝ առանց մասնավոր շահեր հետապնդելու»:

     

    «Աղքատները միշտ ձեզ հետ կլինեն». սա նաև հրավեր է բարիք անելու հնարավորությունը երբեք բաց չթողնելու համար: Խոսքը պարզապես ողորմություն անելու միջոցով խիղճը հանգստացնելու մասին չէ. անհրաժեշտ է դիմակայել անտարբերության և անարդարության մշակույթին: Նորին Սրբությունը մեջբերում է Սբ. Հովհաննես Ոսկեբերանի խոսքերը.

     

    «Բարեգործություն անողը չպետք է ուսումնասիրի աղքատների կյանքը, այլ օգնի աղքատության վերացմանը և բավարարի կարիքը: Աղքատն ունի մի արդարացում՝ պակասություն և կարիք. այլ բան մի՛ հարցրու նրան, սակայն նույնիսկ եթե նա բոլորից արատավոր լինի և անհրաժեշտ սննդի կարիք ունենա, ապա մենք կհագեցնենք նրա քաղցը: <…> Գթասիրտ մարդը նավահանգիստ է կարիքավորների համար, իսկ նավահանգիստն ընդունում է բոլոր նավաբեկվածներին և փրկում վտանգներից. չար են, թե բարի են, ովքեր էլ, որ լինեն վտանգված՝ այն գրկաբաց ընդունում է բոլորին: Դու նույնպես, տեսնելով երկրի վրա աղքատության պատճառով նավաբեկության ենթարկված մարդու՝ մի՛ դատապարտիր և հաշվետվություն մի՛ պահանջիր, այլ փրկի՛ր նրան դժբախտությունից»:

    «Մենք չենք կարող սպասել, – ուղերձի ավարտին գրում է Նորին Սրբությունը, – որպեսզի նրանք թակեն մեր դռները. անհրաժեշտ է անհապաղ գտնել նրանց իրենց տներում, հիվանդանոցներում, ապաստարաններում, փողոցներում, մութ անկյուններում, որտեղ նրանք երբեմն թաքնվում են: Կարևոր է հասկանալ, որ նրանք գիտեն, թե ինչպես են իրենք իրենց զգում և ինչ է ուզում իրենց սիրտը»:

     

    Սրբազան Քահանայապետն ուղերձը եզրափակում է իտալացի ճգնավոր դոն Պրիմո Մացոլարիի խոսքերով, ով իր կյանքը նվիրել էր չքավորներին. «Աղքատներին պետք է գրկել, այլ ոչ թե հաշվել»:

     

    «Աղքատները մեր մեջ են: Մենք կգործենք Ավետարանի համաձայն, եթե անկեղծորեն ասենք. մենք նույնպես աղքատ են: Միայն այդպես մենք կկարողանանք իսկապես ճանաչել նրանց, որպեսզի նրանք դառնան մեր կյանքի մի մասը և փրկության միջոցը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց