Սակայն Աստծո գործերը նման են բարի սերմացուին, որը դանդաղ ու աննկատ է աճում, սակայն հետո դառնում է վիթխարի ծառ՝ պարգևելով կյանք և զովություն
Հունիսի 13-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, կոչ արեց հավատացյալներին միշտ ապավինել Աստծո նախախնամությանը, չվախենալ և համբերատար ու համառորեն ամեն ինչ սկսել նորից. այս ամենը կօգնի բարեհաջող հաղթահարել COVID-19 համաճարակի համաշխարհային ճգնաժամը:
Կիրակնօրյա Պատարագի ավետարանական երկու առակները ոգեշնչված են առօրյա կյանքից և վկայում են Հիսուսի խոհեմ հայացքի մասին, Ով լավ էր ճանաչում շրջակա միջավայրը, ընդգծեց Նորին Սրբությունը: Պարզ և հասկանալի լեզվով ասած՝ Հիսուս առօրյա կյանքի կերպարների օգնությամբ պարզաբանում է Աստծո և մարդկային գոյության խորհուրդները: Այսպիսով, Նա սովորեցնում է մեզ, որ նույնիսկ ամենահասարակ գործերը, որոնք մենք անում ենք ամեն օր՝ խորապես չթափանցելով դրանց մեջ, կամ ընդհակառակը, մեծ ջանքեր ենք գործադրում, օժտված են Աստծո թաքնված ներկայությամբ, այսինքն՝ բոլորն էլ ունեն որոշակի նշանակություն: Հետևաբար, մենք ևս պետք է ուշադիր լինենք՝ «Աստծուն ամեն ինչում փնտրելու և գտնելու համար», պարզաբանեց Սրբազան Քահանայապետը:
Տեր Հիսուսն Աստծո Թագավորությունը համեմատում է մանանեխի հատիկի հետ, որն ամենափոքրն է բոլոր սերմերից: Սակայն, երբ սերմանվում է հողի մեջ, այն բուսնում և դառնում է մեծ տունկ (տես՝ Մկ. 4, 31-32): Հենց այսպես է գործում Աստված: Երբեմն մեզ համակում է աշխարհիկ իրարանցումը, և մենք ամեն օր զբաղված ենք լինում բազմաթիվ գործերով, ընդգծեց Նորին Սրբությունը. այդ ժամանակ մեզ դժվար է կանգ առնել և տեսնել, թե ինչպես է Տերն ուղղորդում պատմությունը: Սակայն Աստծո գործերը նման են բարի սերմացուին, որը դանդաղ ու աննկատ է աճում, սակայն հետո դառնում է վիթխարի ծառ՝ պարգևելով կյանք և զովություն: «Մեր բարի գործերի սերմացուն ևս կարող է փոքր թվալ. այնուամենայնիվ, ամեն բարիք Աստծունն է, ինչը նշանակում է, որ այն, անշուշտ, պտուղ է տալիս», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը՝ հավելելով, որ բարությունն աճում է միշտ աննկատ՝ աշխարհի աղմուկից հեռու:
Այս առակի օգնությամբ Տեր Հիսուս ցանկանում է զորացնել իր ունկնդիրներին, շարունակեց Նորին Սրբությունը.
«Կյանքի տարբեր իրավիճակներում մենք երբեմն ընկնում ենք հուսահատության մեջ՝ տեսնելով բարու թուլությունը չարի ակնհայտ ուժի համեմատությամբ: Մեզ կարող է համակել անվստահությունը, երբ մենք ջանքեր ենք գործադրում, սակայն տեսանելի արդյունքներ չկան, և թվում է, թե իրավիճակը երբեք չի փոխվի: Ավետարանը պահանջում է նոր հայացք գցել ինքներս մեզ և իրականության վրա, այն պահանջում է ոչ թե մակերեսային, այլ խորաթափանց հայացք՝ Աստծո ներկայությունը տեսնելու համար, Ով միշտ գործում է մեր կյանքի և պատմության հողի մեջ՝ խոնարհ սիրո նման: Հենց դա է մեր վստահությունը, քանզի այն մեզ ուժ է տալիս համբերատար առաջ ընթանալու ու բարիք սերմանելու, որը պտուղ է տալիս: Այս ամենը կարևոր է նաև համաճարակը բարեհաջող հաղթահարելու համար: Մենք պետք է զորացնենք մեր վստահությունն առ այն, որ մենք Տիրոջ ձեռքերում ենք, և միևնույն ժամանակ համբերատար ու համառորեն փորձենք ամեն ինչ վերականգնել ու սկսել նորից»:
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ նույնիսկ Եկեղեցում կարող է արմատավորվել անվստահության մոլախոտը, հատկապես, երբ ականատես ենք լինում հավատի ճգնաժամին, ինչպես նաև տարբեր նախագծերի և նախաձեռնությունների ձախողումներին.
«Եկե՛ք երբեք չմոռանանք, որ ցանքի արդյունքները կապ չունեն մեր ունակությունների հետ, քանզի կախում ունեն Աստծո գործողություններից: Մենք պետք է սերմանենք սիրով, նվիրվածությամբ ու համբերատարությամբ: Այնուամենայնիվ, սերմի զորությունը Աստծուց է: <…> Աստծո հետ նույնիսկ ամենաանբերրի հողերում միշտ նոր կյանքի հույս կա»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը