• Հոգեհանգստյան Սբ. Պատարագ՝ վախճանյալ Ամեն. և Գերջ. Տ. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի՝ Գյումրիի Հայ Կաթողիկէ Մայր Տաճարում

    «Մեր աղօթքն ու աղաչանքն ենք բարձրացնում առ Աստուած, յուսալով Տիրոջից լսել․ «Աստուծոյ բարի եւ հավատարիմ ծառայ, մտի՛ր քո Տիրոջ ուրախութեան մէջ»։ Ամեն»


    Մայիսի 29-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. և Գերջ. Տ. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդի հոգու համար և կատարվեց հոգեհանսգտյան կարգ: Սուրբ Պատարագը մատուցեց Գերպ. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը՝ նախագահությամբ Հայաստանում և Վրաստանում Պապական նվիրակ Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթթենկուրի և մասնակցությամբ Հայաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևոր դասի, Անարատ Հղության միաբանության հայ քույրերի, Մայր Թերեզայի Գթության քույրերի, «Հայկական Կարիտասի» աշխատակիցների և հավատավոր ժողովրդի: Սուրբ Պատարագի ընթացքում Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոսի մասին կենսագրական տեղեկություններ ներկայացրեց Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը, իսկ Գերպ. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանն ընթերցեց թեմի Առաջնորդ Հոր՝ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հայրական խոսքը՝ ուղղված հոգեհանգստյան արարողությանը ներկաներին: Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, որ գտնվում է Բեյրութում՝ մասնակցելու նորոգ ննջեցյալ Կաթողիկոս Պատրիարքի թաղման արարողություններին, ներկաներին գրել է հետևյալը.

     

     

    «Յոյժ սիրելի՛ Ծայրագոյն Վարդապետներ, Վարդապետներ, Քահանաներ, Սարկաւագներ, Մայրապետներ եւ հաւատավոր Ժողովուրդ,

    Սոյն գրով գալիս ենք յղելու ամէնքիդ Մեր ցաւակցական եւ մխիթարական խօսքը՝ մեր Երանաշնորհ Կաթողիկոս Պատրիարք, Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր, ՏԷր Գրիգոր Պետրոս Ի. Կապրոյեանի մահուան կապակցութեամբ եւ Իւր լուսաւոր յիշատակը անմար պահելու նպատակով։

    Այսօր Մայր Հայրենիքից հեռու, Զմմառի Պատրիարքական Կղերի մայրավանքի Կաթողիկոս Պատրիարքների դամբարանում հողին է յանձնւում Աստուծոյ հաւատարիմ ծառան իր վաստակաշատ 62 տարիների քահանայական, 44 տարիների եպիսկոպոսական եւ 6 տարիների հայրապետական ծառայութիւնից յետոյ. ծառայութիւն, որ նա կատարեց ամենայն յօժարութեամբ եւ նուիրեալ սիրով։

    Աստուծոյ կամոք եւ ողորմութեամբ՝ լուսահոգի Հոգեւոր Տէրն ի գին զանազան դժուարութիւնների, մինչեւ իսկ առողջական ծանր պարագաների, յօժարութեամբ ծառայեց ի սպաս Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ պայծառութեան եւ ամրապնդման՝ վարելով զանազան պաշտօններ։

    Հայ Ազգի համար ելեւէջներով՝ յաղթանակներով եւ ծանր հարուածներով լեցուն տասնամեակներին մշտապէս եղաւ անխոնջ եւ նուիրեալ Հովիւն իրեն յանձնուած հօտի, եւ մշտաջան ծառան՝ իր Ազգի եւ Եկեղեցւոյ։ Ի փառս Աստուծոյ եւ վասն Եկեղեցւոյ եւ Հայրենեաց ծառայող նուիրեալն ամրապնդեց եւ զօրացրեց Իւր համայնքն ու եկեղեցին, պահելով անաղարտ նախնեաց հաւատքը։ Հայրապետն իր բոլոր կարողութիւնները ներդրեց եւ յիրավի իր կեանքով փաստեց մեր Տէր Յիսուս Քրիստոսի խօսքի ճշմարտութիւնը «Ես եմ լաւ հովիւը լաւ հովիւն իր կեանքն է տալիս ոչխարների համար» (Յվհ 10, 11)։

    Սիրելինե՛ր, վշտի ու ցաւի այս պահին թող զօրավիգ լինի բոլորիս՝ Ազգ եւ Եկեղեցի, Բարձրեալն ամենազօր, եւ բարեխօսութեամբ Անարատ Յղացեալի՝ Սուրբ Հոգու մխիթարութեանը արժանացնի։ Աղօթակից ենք բոլորիդ եւ քաջալերուած, որ ամէնքդ՝ եկեղեցական դաս եւ հաւատաւոր ժողովուրդ, միասիրտ աղօթում էք Ամենապատիւ Հայրապետի հոգու հանգստութեան եւ յաւիտենական անանց լոյսերի մէջ դասուելու համար։

    Սրտի անձկութեամբ Մեր ջերմագին ողջոյններն ենք յղում Հայաստանի Հանրապետութիւնում Սուրբ Աթոռի Պապական Նուիրակ Արհ Տէր Յոզէ Ավելինո Արքեպս Բեթթենքուրին, ով սիրայօժար եկաւ կիսելու մեր ցաւը եւ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի մօտիկութիւնն ու մխիթարական խօսքը հասցնելու մեզ։ Իբրեւ տեղւոյն Վիճակաւոր, իմ խորին շնորհակալութիւնն եմ յայտնում Ձեզ, Արհիապատիւ Տէր, մանաւանդ Մեր բացակայութեան ժամանակ Ձեր ներկայութեան եւ խնկելի աղօթքների համար։

    Ինչպէս նաեւ մեր խորին շնորհակալութիւնն ենք յայտնում Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի եկեղեցական եւ քաղաքական  առաջնորդներին ու ղեկավարներին, ովքեր այս տխուր օրերին յղեցին Մեզ իրենց ցաւակցական եւ մխիթարական խօսքերը, եւ աղօթակից են մեզ։

    Մեր աղօթքն ու աղաչանքն ենք բարձրացնում առ Աստուած, յուսալով Տիրոջից լսել «Աստուծոյ բարի եւ հավատարիմ ծառայ, մտի՛ր քո Տիրոջ ուրախութեան մէջ»։ Ամեն»:

     

    Առաջնորդ Հոր խոսքն ընթերցելուց հետո ներկաներին իր խոսքն ուղղեց նաև Պապական Նվիրակ Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթթենկուրը՝ թարգմանությամբ Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի.

     

    «Թանկագի՛ն Քահանաներ,

    սիրելի եղբայրներ և քույրեր։

    Կիլիկիոյ Հայոց Պատրիարք և Հայ Կաթողիկէ Եկեղեցու Կաթողիկոս Գերերջանիկ Հոգևոր Տեր Գրիգոր Պետրոս Քսաներորդ Կաբրոյանն իր ողջ կյանքի ընթացքում փնտրեց Հիսուսի դեմքը՝ ծառայելով սիրելի Հայ Կաթողիկէ Եկեղեցուն։

     

    Այսօր ձեր մեջ իմ ներկայության պատճառը Գրիգոր Պետրոս Պատրիարքի մահն է։ Ձեզ եմ բերել սրտանց ցավակցությունները Ֆրանցիսկոս Պապի, Կարդինալ Պիետրո Պարոլինի, Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության Մեծավորների, Կարդինալ Լեոնարդո Սանդր իի և Հռոմեական Վարչակազմի բոլոր Մեծավորների։

     

    Մահվան լռության և մարդկային ակնկալիքների ավարտի դիմաց, կենդանի ենք զգում քրիստոնեական հույսը, որն արտաքին երևույթներից անդին նշմարում է Իր խոստումներին հավատարիմ Աստծո սերը։

     

    Նորկտակարանյան առաջին ընթերցման մեջ, որ քիչ առաջ հռչակվեց, լսեցինք այս խոսքերը. «Բարի պատերազմը մղեցի, ընթացքս ավարտեցի, հավատքը պահեցի» (2 Տմ. 4, 7)։

     

    Եվ Պողոս Առաքյալը Տիմոթեոսին հավելում է. «Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում կտա ինձ դատաստանի օրը։ Եվ կտա ո՛չ միայն ինձ, այլ՝ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Իր հայտնությանը» (2 Տմ 4, 8)։

     

    Սրբազան գրությունն ընդգծում է իմաստությունը նրա, ով միայն Տիրոջ մեջ է հաստատել իր հույսը և ուրիշներին էլ ուսուցանել է վարվել նույն կերպ։

     

    Այս կերպ վարվողն իր երկրային գոյության ավարտին հուսախաբ չի մնա, որովհետև մասնակից կլինի աստվածային միևնույն լույսին և Աստծուց կստանա անվախճան կյանքը։

     

    Ավետարանական դրվագն, ապա, մեզ է ընծայում ապահովությունը, որ ոչ ոք բացառված չէ սիրուց Նրա, Ով հանձինս Քրիստոսի՝ Բարի Հովվի, հիշեցնում է մեզ. «Ես եմ բարի հովիվը և ճանաչում են իմ ոչխարներին, և իմ ոչխարները ճանաչում են ինձ։ Ինչպես Հայրն է ինձ ճանաչում և ես ճանաչում եմ Հորը, և իմ կյանքը կտամ իմ ոչխարների համար» (Հվհ 10, 14-15)։

     

    Տեր Հիսուսը վստահեցնում է մեզ, որ «ճանաչում է մեզ և Իր կյանքը տալիս է մեր համար»։

     

    Ինչպես աշակերտներին, այնպես նաև մեզ այսօր, Հիսուսն ուղղում է Իր քաջալերանքը՝ դիմագրավելու կյանքի իրադարձություններին լիակատար վստահությամբ՝ Իր խորհրդավոր ներկայության հանդեպ, որն ընկերակցում է մեզ ամեն վայրկյան, հատկապես ամենադժվարին պահերին։

     

    Փորձության ու լքվածության ժամին զգում ենք, թե ինչպես է մխիթարությամբ ծանրաբեռնված հնչում Իր այս խոսքը. «Թող չխռովվեն ձեր սրտերը։ Հավատացեք Աստծուն և հավատացեք նաև ինձ» (Հվհ 14, 1)։

    Քրիստոնեական հույսը, Քրիստոսի խոսքի հանդեպ ամուր հավատքի մեջ արմատացած, փրկության խարիսխն է, որ մեզ օգնում է հաղթահարելու դժվարությունները, որոնք արտաքուստ անհաղթահարելի են թվում, և հնարավորություն է տալիս մեզ՝ նշմարելու բերկրանքի լույսը, ցավի ու մահվան խավարից այն կողմ։

     

    Մեզ հաճելի է պատկերացնել թանկագին Պատրիարք Գրիգոր Պետրոսին սիրաշատ գրկում մեր Երկնավոր Հոր, որ նրան Իր մոտ կանչեց երկարատև ու տառապագին հիվանդությունից հետո։

     

    Հիշողությամբ վերադառնանք իր ո՛չ կարճ գոյությանը, որի շարժիչ ուժն է եղել ավետարանական պարզ ու խորը հավատքը, որն ի հայտ է եկել դեռ մանկության տարիներին ընտանիքի և Սիրիայի Հալեպ քաղաքի քրիստոնեական հասարակության գրկում, ուր ծնվել էր 1934 թվականի նոյեմբերի 14-ին։

     

    Ծնողների, քահանաների և ուսուցիչների օրինակի և ուսուցումների շնորհիվ Տերը պատրաստում էր նրա սիրտը՝ ընդունելու քահանայական կոչման մեծ պարգևը։

     

    Նա պատրաստակամ վեհանձնությամբ պատասխանեց Աստծո կանչին, երիտասարդ տարիքում մտնելով Զմմառի Պատրիարքական Վանք և Լիբանանի Ժունիէ ավանում գտնվող Մարիստ Եղբայրների Վարժարանում կատարեց նախակրթական, դպրոցական և աստվածաբանական ուսումները։

     

    Ապա ուսանեց Հռոմի Գրիգորյան Պապական Համալսարանում և Լևոնյան Հայոց Վարժարանում։ Քահանա ձեռնադրվեց 1959 թվականին, անդամակցելով Զմմառի Պատրիարքական Միաբանությանը, և այդպես սկսեց իր քահանայական ծառայությունը՝ կանչվելով ծառայելու երիտասարդների կրթության գործին։

     

    Երկար տարիներ համբերությամբ, ամուր կամքով ու ջանասիրությամբ նվիրվեց մեծագույն նրբանկատություն պահանջող այդ գործին։

    Առաքելական նվիրյալ աշխատանքի այդ տարիներից հետո, 1976 թվականին կանչվեց հովվական ծառայության Ֆրանսիայի հայերի մոտ, և հաջորդ տարին՝ 1977 թվականին բարձրացվեց Եպիսկոպոսական աստիճանի։

     

    Այդ պաշտոնի մեջ նա վերահաստատեց իր ո՛չ սովորական ձիրքերը և որպես Առաքելական Էքզարք և ապա Եպիսկոպոսապետ ծառայեց Ֆրանսիայի Հայերի Սուրբ Խաչ Թեմում։

     

    Հովվական երկարատև ու հավատարիմ ծառայության ավարտին, Պատրիարք ընտրվեց 2015 թվականին։

     

    Գրիգոր Պետրոս Քսաներորդ Հոգևոր Տերը, մարդկային և քահանայական երկարատև ճամփորդությունից հետո, հասնում է այժմ Երկնային Հայրենիք. հայրենիք, որ խոստացված է նրանց, ովքեր իրենց կյանքը ծախսում են Աստծո և եղբայրների ծառայության մեջ։

     

    Երկնքի Արքայության համար նա աշխատեց՝ մարդկանց հետ հանդիպումների մեջ տեսնելով թանկարժեք առիթներ՝ արծարծելու համար երկնային իրողությունների կարոտը և սերը Եկեղեցու հանդեպ, որն Աստծո Արքայության «բողբոջն ու սկիզբն» է։

    Նա իրեն զգում էր մի խոնարհ գործակցող այն առաքելությանը, որը Քրիստոսի կողմից հանձնվել է Պետրոսին ու նրա Հաջորդներին, և բոլոր նրանց, ովքեր հաղորդության մեջ են նրանց հետ։

     

    Սուրբ Կույս Աստվածածինը թող որ ընկերակցի մեր մեծարգո Պատրիարքի հոգուն դեպի Ամենասուրբ Երրորդության գիրկը, ուր նա հավիտյան կգովաբանի Նրա անսահման Սերը։ Ամեն»:

     

    Սուրբ Պատարագի ավարտին Գերպ. Հ. Մաշտոց Վրդ. Զահթերյանը՝ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի և Գերպ. Հ. Նարեկ Վրդ. Մնոյանի հետ միասին կատարեց հոգեհանգստյան պաշտոնը՝ հուզիչ շարականների երգեցողությամբ: Արհ. Տ. Ժոզե Արքեպս. Բեթթենկուրը ներկաներին շնորհեց իր հայրական օրհնությունը:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

     

Օրացույց

Օրացույց