«Սիրեք միմյանց, ինչպես որ Ես սիրեցի ձեզ» (տե՛ս՝ Հվհ․ 15,12)
«Սիրել այնպես, ինչպես մեզ սիրում է Տերը, նշանակում է գնահատել մեր կողքին ապրող մարդուն, հարգել նրա ազատությունը, անշահախնդիր սիրել նրան այնպիսին, ինչպիսին ինքը կա», – ասաց Ն․ Ս․ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Regina Coeli աղոթքը կարդալուց առաջ՝ 2021թ․ մայիսի 9-ին։
Մեկնաբանելով Ավետարանական հատվածը (Հվհ․ 15,9-17), Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Հիսուս՝ Ինքն Իրեն համեմատելով որթատունկի, իսկ մեզ ճյուղերի հետ, պարզաբանում է, թե ինչ պտուղ են տալիս նրանք, ովքեր մնում են Նրա հետ․ այդ պտուղը սերն է։ Հիսուս նորից կրկնում է «մնալ» բառը։ «Նա մեզ կոչ է անում մնալ Նրա սիրո մեջ, որպեսզի Նրա ուրախությունը լինի մեր մեջ և մեր ուրախությունը կատարյալ լինի» (տես՝ Հվհ․ 15,9-11), – ընդգծեց Նորին Սրբությունը։
Այդ սերը Հորից է, քանզի «Աստված սեր է»։ Որդի Հիսուսը լեցուն է Հայր Աստծո սիրով, որն էլ Նրա միջոցով հասնում է մեզ՝ Նրա արարածներին։ Հիսուս այսպես է խոսում այդ մասին․ «Ինչպես իմ Հայրն Ինձ սիրեց, Ես էլ ձեզ սիրեցի» (տես՝ Հվհ․ 15,9-11)։ Սրբազան Քահանայապետը պարզաբանեց, որ այն սերը, որը Հիսուս մեզ է պարգևում, դա նույն այն սերն է, որով Հայրը սիրում է Նրան․ մաքուր, անշահախնդիր և անձնուրաց սեր։ Մեզ պարգևելով Իր սերը՝ Հիսուս մեզ վերաբերվում է որպես ընկերների՝ մեզ ծանոթացնելով Հոր հետ և ներգրավելով Իր առաքելության մեջ, որն իր ազդեցությունն ունի ողջ մարդկության վրա։
«Հարցնենք ինքներս մեզ, թե մենք ի՞նչ պետք է անենք՝ այդ սիրո մեջ լինելու համար», – կոչ արեց Սրբազան Քահանայապետը․
«Հիսուս ասում է․ «Եթե Իմ պատվիրանները պահեք, ապա կմնաք Իմ սիրո մեջ» (տես՝ Հվհ․ 15,10)։ Հիսուս Իր բոլոր պատվիրանները ամփոփում է հետևյալի մեջ․ «Սիրեք միմյանց, ինչպես որ Ես սիրեցի ձեզ» (տես՝ Հվհ․ 15,12)։ Սիրել այնպես, ինչպես Հիսուսն է սիրում, նշանակում է անձնվիրաբար ծառայել եղբայրներին, ճիշտ այնպես, ինչպես Հիսուսը, երբ լվաց Իր աշակերտների ոտքերը։ Դա նշանակում է նաև դուրս գալ հարմարավետության գոտուց, աշխարհիկ պատկերացումներից՝ ուրիշների առջև բացվելու համար, հատկապես նրանց, ովքեր մեր օգնության կարիքն ունեն: Դա նշանակում է սիրել ոչ թե խոսքերով, այլ` գործերով»:
Սիրել այնպես, ինչպես Քրիստոսը նշանակում է՝ ոչ ասել մյուս «սերերին», որոնք աշխարհն առաջարկում է մեզ, շարունակեց Նորին Սրբությունը․ դա սերն է դեպի փողերը, հաջողությունը, իշխանությունը։ «Սիրո» այդ խաբուսիկ տեսակները մեզ հեռացնում են Տիրոջ սիրուց և դարձնում առավել եսասեր, ինքնասիրահարված, իշխանատենչ։ Ինքնիշխանությունը հանգեցնում է սիրո այլասերման, ուրիշների շահագործման, սիրելի մարդկանց տառապանքի, երբ սերը վերածվում է բռնության, իսկ այսօր դրա զոհերն են մեծաթիվ կանայք։ Դա սեր չէ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը։ Հիսուս խնդրում է մեզ մնալ Նրա սիրո մեջ, այլ` ոչ թե մեր գաղափարների։ Նա խնդրում է մեզ հրաժարվել ուրիշներին վերահսկելու և կառավարելու նկրտումներից։ Մենք չպետք է վերահսկենք, այլ պետք է ծառայենք նրանց, լինենք սրտաբաց նրանց նկատմամբ․ դա է սերը։
Իր խորհրդածության ավարտին Նորին Սրբությունն ասաց․ «Ո՞րն է Տիրոջ սիրո մեջ լինելու մեր նպատակը: Ու՞ր է դա մեզ տանում։ Այդ մասին մեզ ասել է հենց Հիսուսը․ «Իմ ուրախությունը ձեր մեջ լինի, և ձեր ուրախությունը լիակատար լինի» (տե՛ս՝ Հվհ․ 15,11)։ Այն ուրախությունը, որը Տերն ունի՝ Հոր հետ հաղորդակցվելու շնորհիվ, Նա ցանկանում է կիսել մեզ հետ, քանի որ մենք միասնական ենք Նրա հետ։ Այն գիտակցումի ուրախությունը, որ մենք Աստծո սիրելիներն ենք՝ չնայած մեր անհավատարմությանը, օգնում է հավատքով ընդունել կյանքի փորձությունները, հաղթահարել ճգնաժամերը՝ ավելի լավը դառնալու համար։ Հենց այդ ուրախությունն ապրելու մեջ է կայանում մեր իսկական վկայությունը, քանզի ուրախությունը քրիստոնյայի առանձնահատկությունն է։ Տխրությունը խորթ է իսկական քրիստոնյային, քանի որ նա միշտ լեցուն է ուրախությամբ, նույնիսկ դժվարին ժամանակներում: Թող Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ մնալ Հիսուսի սիրո մեջ՝ վկայելով հարություն առած Տիրոջ ուրախության մասին»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը