ʺԵս նայում եմ Նրան, իսկ Նա նայում է ինձʺ
Մայիսի 5-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ, որը տեղի ունեցավ Վատիկանի առաքելական գրադարանում, Ն․ Ս․ Ֆրանցիկոս Սրբազան Քահանայապետը խոսեց հայեցողական աղոթքի մասին։
Իր խորհրդածությունը Նորին Սրբությունը սկսեց մարդու հայեցողական հարթությունից, որը դեռ հայեցողական աղոթք չէ։ Հայեցողական հարթությունը համ է տալիս մեր առօրյա կյանքին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը․ մենք կարող ենք մտահայել արևածագը, ծառերը, կարող ենք մտահայել՝ լսելով երաժշտություն կամ թռչունների երգեցողությունը, գիրք կարդալ՝ նայելով նկարները կամ զննելով մարդու դեմքը։ Հայեցողությունը ամենից առաջ գոյության միջոց է, որը կախում չունի աչքերից, այլ՝ սրտից: Հայեցողությունը՝ որպես հավատարմության և սիրո ակտ, դառնում է աղոթք, Աստծո հետ մեր հարաբերությունների շունչը։ Աղոթքը մաքրում է սիրտը և պայծառացնում է հայացքը՝ թույլ տալով ընկալել իրականությունն այլ տեսանկյունից: Կաթողիկէ Եկեղեցու Ուսմունքը նկարագրում է այս փորձը՝ հիմք ընդունելով Ժան Վիաննեի հայտնի վկայությունը. «Հայեցողությունը հավատքի հայացքն է, որի կենտրոնը Հիսուսն է: ʺԵս նայում եմ Նրան, իսկ Նա նայում է ինձʺ, – ասում էր քրիստոնյան Արս գյուղից, ով աղոթում էր Սուրբ պարգևների առջև և այդպես ասաց իր ժողովրդապետ Սբ․ Ժան Մարի Վիաննեին»: Տիրոջ հայացքը մաքրում է սիրտը։ Հիսուսի հայացքի լույսը լուսավորում է մեր սրտի աչքերը, այն օգնում է մեզ սովորել ամեն ինչ տեսնել Նրա ճշմարտության և բոլոր մարդկանց հանդեպ ունեցած Նրա կարեկցանքի լույսի ներքո» (2715)։
«Ես նայում եմ Նրան, իսկ Նա նայում է ինձ»․ հայեցողության համար պետք չեն խոսքեր, բավական է միայն հայացքը, բավական են միայն համոզմունքները, որ մեր կյանքը համակված է այդքան մեծ սիրով և ոչինչ չի կարող մեզ բաժանել։
Հիսուսն այդ տեսակետի վարդապետն է, շարունակեց Սրբազան Քահանայապետը։ Հիսուսի գաղտնիքը Նրա հարաբերություններն էին Երկնային Հոր հետ, և այդ մասին հստակ վկայում է Պայծառակերպության դրվագը։ Այս իրադարձությունը ավետարանիչները ներկայացնում են Հիսուսի առաքելության վճռական պահին, երբ Նրա շուրջբոլորը աճում էր մերժումն ու զայրույթը։ Հենց այդ ժամանակ է Հիսուս բարձրանում լեռը՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ․ Նա «պայծառակերպվեց նրանց առաջ։ Եվ Նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպես որ երկրի վրա ոչ մի լվացք անող չի կարող այդքան սպիտակեցնել» (Մրկ․ 9,2-3)։ Ամենամեծ թյուրըմբռնման պահին էր, որ փայլեց Աստվածային լույսը, Հոր սիրո լույսը՝ լիացնելով Որդու սիրտը և վերափոխելով Նրա ողջ անձը:
Որոշ հոգևոր առաջնորդներ, ընդգծեց Նորին Սրբությունը, հայեցողությունը հակադրում էին գործողությանը և մեծարում նրանց, ովքեր փախչում էին աշխարհից ու նրա խնդիրներից և իրենց ամբողջովին նվիրում էին աղոթքին։ Սակայն իրականում Հիսուս Քրիստոսի անձի մեջ, Ավետարանում չկա ոչ մի հակասություն հայեցողության և գործողության միջև։ Այս հակադրությունը, հավանաբար, առաջացել է նեոպլատոնականության ազդեցության տակ, բայց այն քրիստոնեական ուղերձի մաս չի կազմում: Ավետարանում կա միայն մեկ կոչ՝ հետևել Հիսուսին սիրո ճանապարհով, և այս իմաստով սերն ու մտահայելը հոմանիշներ են, ընդգծեց Սրբազան Քահանայապետը։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը