• «Հոգեւոր գրականութեան» ցուցահանդէս` Փանիկում

    «Ո՞վ է այս փառքի արքան, – կարողութեամբ հզօր Տէրն է նա, պատերազմում զօրեղ Տէրը: Վեր քաշեցէք, իշխաններ, դռները ձեր, թող բացուեն յաւիտենական դռները, և փառքի արքան թող ներս մտնի» (Սղմ. 23:8-9)


    Կիրակի, 16 մայիս, 2021 թուական.  Է Կիրակի Յինանց, Երկրորդ Ծաղկազարդ։

    Հայաստանի սահմանների խաղաղութեան եւ պահպանութեան դիտաւորութեամբ Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ՝ ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի:

    Սուրբ գրային ընթերցումներից յետոյ, Գերյ. Հայր Սուրբը իր քարոզի մէջ ընդգծեց Երկրորդ Ծաղկազարդի տօնի կարեւորութիւնը․

    «Այս օրը հրեշտակների ցնծութեան տօնն է, որ կոչւում է Երկրորդ Ծաղկազարդ։ Ըստ աւանդութեան, երբ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը բանտարկուած էր Խոր վիրապում, մի հրեշտակ ամէն օր այցելում էր նրան: Սակայն, Համբարձման չորրորդ օրը հրեշտակը չի այցելում: Յաջորդ օրը, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը հարցնում է նրա բացակայութեան պատճառը, եւ հրեշտակը պատասխանում է, որ Քրիստոսի Համբարձումը տօնելու համար հրեշտակների ինը դասերը յաջորդաբար տօնախմբութիւն են կատարում, եւ ինքը՝ լինելով չորրորդ դասից, չորրորդ օրը չի ցանկացել իր դասի ուրախութիւններից բացակայել: Գրիգոր Վկայասէր կաթողիկոսի գրած «Մեծահրաշ այս խորհուրդ» շարականում հանգամանօրէն պատմւում է ամբողջ աւանդութիւնը:

    Եթէ առաջին Ծաղկազարդի ժամանակ յիշատակւում էր Տիրոջ գալուստը երկրային Երուսաղէմ, ապա երկրորդ Ծաղկազարդի ժամանակ յիշատակւում է Տիրոջ մուտքը Վերին Երուսաղէմ: Առաջին Ծաղկազարդին Տէրը փառաբանւում էր ինչպէս Դաւթի Որդի, իսկ երկրորդ Ծաղկազարդին՝ ինչպէս Աստուծոյ Որդի»:

     

    Յաւարտ Սուրբ Պատարագի՝ հաւատաւոր ժողովուրդի հոծ բազմութեամբ, Եկեղեցուն կից լսարանի շէնքում, տեղի ունեցաւ «Հոգեւոր գրականութեան» ցուցահանդէսի պաշտօնական  բացման արարողութիւնը։

    Ցուցահանդէսը բաժանւում է հինգ անկիւնների․Վարք սրբոց, հոգեւոր վէպեր, Աստուածաշնչի զանազան տեսականի՝ փոքրերի եւ մեծերի համար, ընտանեկան եւ սոցիալական թեմայի շուրջ վէպեր, ինչպէս նաեւ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի շրջաբերական թղթերը եւ պատգամները։

     

    Ստորեւ ներկայացնում ենք Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի բացման խօսքը. «Այս նախաձեռնութեան գերագոյն նպատակն է մարտահրաւէր ուղղել պատանիներին եւ երիտասարդներին, որպէսզի սկսեն գրքեր ընթերցել, որպէսզի կարողանան իրենց ձեռքերում զգալ եւ շօշափել գիրքը, վերապրել հեղինակի ոգին եւ ոճը։ Դժբախտաբար, 21-րդ դարի ժանտախտներից մէկը գիրք չկարդալն է: Այսօր աշխարհում շատ քիչ մարդկանց կարելի է հանդիպել, որ մօտ են գրքերի աշխարհին,  եւ, սա արդէն իսկ կարող ենք համարել մարդկութեան եւ հասարակութեան անկումը։

    Ուստի, սիրելի՛ ծնողներ, օրինակ հանդիսացէք եւ քաջալերէք ձեր զաւակներին, որպէսզի ամէն օր գոնէ կէս ժամ գիրք կարդան, այսպիսով՝ կը կարողանանք ապահով ձեռքերի մէջ յանձնել այս աշխարհը»։

     

    Թոյլ տուէք նաեւ իմ սրտագին եւ խորին երախտագիտութիւնը յայտնել Գերյ. Հ. Անտոն Ծ․ Վրդ․ Թոթոնճեանին՝ հոգեւոր այս գրականութիւնը տրամադրելու համար:

    Ցուցահանդէսը բաց կը լինի մինչեւ մայիս 23-ը։ Սիրով սպասում ենք ձեզ՝ ամէն օր, ժամը 11։00-ից մինչեւ 17:00:

     

    Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեան

    Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ Ժողովրդապետ,

    Հայաստանի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց միութեան նախագահ

     

Օրացույց

Օրացույց